«Հույս ունեմ, որ այդ մարդիկ Հայաստանում հեղափոխություն կանեն». վերլուծաբանները` Ռուսաստանի փակ դռների մասին

«Հույս ունեմ, որ այդ մարդիկ Հայաստանում հեղափոխություն կանեն». վերլուծաբանները` Ռուսաստանի փակ դռների մասին
«Հույս ունեմ, որ այդ մարդիկ Հայաստանում հեղափոխություն կանեն». վերլուծաբանները` Ռուսաստանի փակ դռների մասին

Ռուսաստանի տարածք մուտք գործելու իրավունք չունեցող ՀՀ 170 հազար քաղաքացիները, վերլուծաբանների կանխատեսմամբ, Հայաստանում կարող են սրել սոցիալական լարվածությունը:

«Մարդիկ աշխատում էին Ռուսաստանում, և հիմա այդ աշխատանքի բացակայության պայմաններում այդ խավը հայտնվելու է Հայաստանում առանց աշխատանքի»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:

Երվանդ Բոզոյանն ասում է, որ սոցիալական իրավիճակի լարվածությունը իշխանությունների համար վտանգ կներկայացնի, իսկ իշխանություններն այդ լարվածությունը թուլացնելու ռեսուրսներ չունեն` հաշվի առնելով այն հանգամանքը, թե իրենք ինչպես են մտածում այսօրվա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մասին:

Դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, ըստ վերլուծաբանների եւ տնտեսագետների ոչ միայն դժվարին կացության մեջ են դրել արտագնա աշխատանքի շնորհիվ գոյատեւող Հայաստանի բազմաթիվ ընտանիքների, այլեւ լուրջ ազդեցություն կունենան երկրի տնտեսության, հասարակության տրամադրությունների վրա:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանից մեկնողների հիմնական մասը` գրեթե 73,1 տոկոսը, նախընտրում է Ռուսաստանը: Մեկնողների գրեթե 90 տոկոսը գնում է աշխատելու նպատակով:

Հայաստանում, ուր գործազրկությունը լուրջ խնդիր է, պաշտոնապես աղքատ է համարվում բնակչության մեկ երրորդը, արտագնա աշխատանքը եւ դրսից եկող տրանսֆերտները հազարավոր ընտանիքների գոյատեւման հիմնական աղբյուր են:

Միայն անցյալ տարի առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է մտել  942  մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն, ինչը 2012-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է առնվազն 12 տոկոսով:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների,  տրանսֆերտների առյուծի բաժինը պատկանում է Ռուսաստանին` 797,0 մլն ԱՄՆ դոլար:

Հաշվի առնելով երկրում առկա վիճակը, եւ ՌԴ օրենքի փոփոխությունների բերած հնարավոր զարգացումները , «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ստեփան Դանիելյանն ասում է.

«Հույս ունեմ, որ այդ մարդիկ Հայաստանում հեղափոխություն կանեն»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում աշխատանքից զրկված մեր հայրենակիցներին այլ բան չի մնում, քան սոցիալական ընդվզում անելը:

 «Եթե մարդիկ մնում են, բայց աշխատանք չեն ունենանում, ընտանիքները սոված են, ի՞նչ պիտի անեն, պետք է դուրս գան փողոց կամ էլ ինքնասպանության դիմեն»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ-ում օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ այս տարվա հունվարի 1-ից առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր՝ 180 օրվա ընթացքում։

Օրերս Հայաստանում ՌԴ դեսպանատան միգրացիոն հարցերով աշխատակից Սվետլանա Ստեպանովան հայտարարել է, որ Հայաստանի շուրջ 170 հազար քաղաքացի ռիսկային խմբում են հայտնվել, նրանց անունները գտնվում են միգրացիոն ծառայության տվյալների բազայում, հետևաբար սահմանը հատելուց հետո ավտոմատ կերպով կարգելվի այդ անձնաց մուտքը Ռուսաստան:

Օրենսդրության խստացման հետևանքով Ռուսաստանում կացության ժամկետները խախտած, առանց թույլտվության երկրում աշխատող, ինչպես նաև երկու և ավելի վարչական խախտում կատարած քաղաքացիների մուտքը ՌԴ կարգելվի 3 տարով, իսկ արտաքսման ենթարկվածները 5 տարի իրավունք չեն ունենա մուտք գործելու ՌԴ տարածք:

Այս փուլում քննարկվում է այն հարցը, որ այն դեպքում, երբ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, ինչու ՀՀ քաղացիների համար Ռուսաստանն արտոնություններ չի սահմանում:

Ստեփան Դանիելյանն ասում է, որ նման հարցերը, համենայնդեպս Ռուսաստանում, լուծվում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ոչ թե ինչ-որ փաստաթղթով:

«Կախված է քաղաքական դասավորությունից: Տվյալ դեպքում մենք ունենք մի իշխանություն, որն արդեն և Եվրամիության համար է անընդունելի, և Ռուսաստանի, և իր ժողովրդի համար: Այսինքն՝ եթե փոխվում է իշխանությունը, փոխվում է իրավիճակը, այստեղ արդեն Հայաստանը ժամանակ է շահում բոլորի հետ նոր բանակցություններ վարելու և նոր իրավիճակից ելնելով՝ նոր որոշումներ կայացնելու համար»,- ասում է նա:

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ սա մի իրավիճակ է, որ երկրի՝ վատ վիճակից դուրս գալը կախված է իշխանության հեռացման հետ, այլ լուծում չկա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀՀ քաղաքացիների համար օրենսդրությունից բխող պայմանները վերանայելու խնդրանքով նամակ է գրել իր ռուս գործընկերոջը:

«Ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ միգրացիոն վերը նշված սահմանափակումը լուրջ մտահոգությունների եւ քննադատությունների առարկա է դարձել Հայաստանի հասարակության լայն շրջանակներում եւ զանգվածային լրատվության միջոցներում,- ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին ուղղած նամակում գրել է Արթուր Բաղդասարյանը:

Ելնելով Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության՝ որպես ռազմավարական դաշնակիցների եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամների միջեւ անվտանգության բոլոր ոլորտներում հարաբերությունների անշեղորեն խորացման հանգամանքից՝ մենք պետք է ակտիվորեն շարժվենք մեր ժողովուրդներին համակողմանիորեն մոտեցնող միջոցներ եւ որոշումներ ընդունելու ճանապարհով, այդ թվում՝ մարդկանց ազատ տեղաշարժի ապահովման հարցում»:

Երվանդ Բոզոյանը, սակայն, չի կարծում, թե  Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի համար բացառություն կանեն: Նա նշում է, որ եթե Ռուսաստանը  բոլոր երկրների համար հավասար քաղաքականություն են վարում, ինչո՞ւ պետք  Հայաստանին ընդառաջի:

Նրա խոսքով՝ Եվրասիական միության ձևավորման դեպքում միգուցե հնարավոր կլինի Հայաստանի քաղաքացիների համար այս հարցում արտոնությունների հասնել:

«Եթե Եվրասիական միությունը լինի, այն ժամանակ միգուցե այդպիսի հարց առաջանա: Մաքսային միության շրջանակներում դա չի լինի»,- «Մեդիալաբին» ասում է Երվանդ Բոզոյանը:

© Medialab.am