Ուզում են բերել օդից ընկած ինչ-որ վարչապետ, որ հայտնի չէ՝ որտեղի՞ց է նրա լեգիտիմության աղբյուրը, ում է հաշվետու, ում է ներկայացնում․ Լենա Նազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը

– Տիկի՛ն Նազարյան, այսօր գործադուլ-դասադուլ է հայտարարվել, ընդդիմությունը շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը։ Այս իրադարձությունների համատեքստում «Իմ քայլի» ներսում ի՞նչ քննարկումներ են, չի՞ հասունացել հրաժարական տալու հրամայականը։ 

– Ես բացառում եմ, ուղղակի անհնար եմ համարում վարչապետի հրաժարականը, այսինքն՝ ուրիշ վարչապետի ընտրությունը։

Շատ տարբեր պատճառներով։ Նախ՝ համարում եմ, որ մենք թիմով ենք եկել և թիմով պետք է գնանք, և երկրորդ՝ կարծում եմ, որ հենց վարչապետի, մեր ցուցակի առաջին համարի՝ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության վրա է խարսխված մեր լեգիտիմությունը։

Իհարկե, ես համարում եմ, որ թիմում կան մարդիկ, որոնք իրենց ազդեցությամբ ունեն իրենց քաղաքական դիմագիծը, բայց, այնուամենայնիվ, նրանք միշտ դիրքավորվել են որպես Նիկոլ Փաշինյանի թիմ, ոչ թե որպես առանձին քաղաքական գործիչ։

Այդ իմաստով, կարծում եմ՝ թե՛ հանրության, թե՛ քաղաքական թիմի, թե՛ պետական ինստիտուտների համար Նիկոլ Փաշինյանի անձը համախմբող ու կայունացնող է։ Հակառակի դեպքում հեղաշրջման փորձը չի բացառվում։ 

– Այսինքն՝ դուք նրա անձը համարում եք ուժեղ՝ հեղաշրջման հնարավոր փորձը կանխելո՞ւ առումով։

– Այո, այո, այո։ Խմբակցությունը կարող է պարզապես համախմբված չլինել, եթե չլինի Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի գործոնը համախմբող, կայունացնող է և՛ խմբակցության, և՛ պետական ինստիտուտների, և՛ իրավապահ մարմինների համար։

Այդ իսկ պատճառով վարչապետի հրաժարականի պահանջը համարում եմ հեղաշրջում անելու փորձ։ Իսկապես, շատ տարօրինակ է, որ այդ ուժերը շարունակում են պահանջել հրաժարական և ոչ թե արտահերթ ընտրություններ։ Ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չեն պահանջում։

Եթե ուզում են քաղաքական փոփոխություններ, ինչո՞ւ չգնալ արտահերթ ընտրությունների։ Մենք այդ մասին հայտարարեցինք՝ եկեք խոսենք, պայմանավորվենք ժամկետների, Ընտրական օրենսգրքի ու այլ պայմանների շուրջ։ Բայց այդ հարցերը ոչ մեկի չեն հուզում, բացի մեզանից։

Մենք ենք Ընտրական օրենսգիրք հիմա քննարկում։ Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստանը» չի գալիս Ընտրական օրենսգիրք քննարկելու։ Նրանց ընտրությունները չե՞ն հետաքրքրում, ուզում են հեղաշրջմա՞մբ գալ իշխանության կամ բերել օդից ընկած ինչ-որ վարչապետ, որ հայտնի չէ՝ որտեղի՞ց է նրա լեգիտիմության աղբյուրը, ում է հաշվետու, ում է ներկայացնում, որը հայտնի չէ՝ ինչպես կկազմակերպի ընտրությունները։

– Վերջին հարցազրույցում Վազգեն Մանուկյանն ասում էր՝ կկարողանա ձեր թիմի հետ աշխատել, դուք երիտասարդ եք, ձեր մեջ կլինեն խելացիներ, քննարկումներ կլինեն…

– Ես՝ Վազգեն Մանուկյանի՞, ես կյանքում նրան չեմ տեսել, ես իբր ի՞նչ իր հետ աշխատեմ, ո՞վ է ինքը ինձ համար, մենք ոչ ճանապարհ ենք անցել, ոչ մի բառ ենք խոսել, նա ո՞նց է պատկերացնում մեր աշխատանքը, անհնար է դա։ Քաղաքական նոնսենս է՝ բերենք փողոցից մի մարդու, ընտրենք ու նրա հետ աշխատե՞նք։ Նրա կայացրած որոշումների համար ո՞վ է պատասխանատու մեզանից։ 

– Այսինքն՝ ընդդիմության առաջարկած սցենարը՝ այլ վարչապետ՝ խորհրդարանի նույն կազմով, ընդունելի չէ՞ ձեզ համար։

– Բացառվում է։ Որևէ մեկի հետ է բացառված։ Ես ասում եմ՝ նույնիսկ մեր թիմից ընտրված մեկը կարող է չկարողանա պահել քաղաքական կայունությունը, այնպես որ, հնարավոր չէ։

Իսկ առհասարակ դրսից բերված մարդու մասով հարցերն այնքան շատ են՝ ո՞վ է նա, ո՞ւմ է ներկայացնում, ո՞ւմ է հաշվետու, ո՞րն է նրա լեգիտիմության աղբյուրը։ Հետևաբար հրաժարականի պահանջի իրականացումը անհնար եմ համարում։

Ես հետևել եմ Վազգեն Մանուկյանի մի քանի հարցազրույցների, արդեն տարօրինակ հայտարարություններ է անում, ասում է՝ ես կգամ որպես վարչապետ, փոփոխություններ չեմ անի, հետո կգա ժողովրդի ընտրած վարչապետը, և թող ինքն էլ անի փոփոխությունները։

Նա մտածո՞ւմ է՝ ինչ է ասում․ կա ժողովրդի ընտրած վարչապետ և կա օդից ընկած վարչապետ։ Կամ՝ ասում է՝ գայթակղություններ կլինեն, թե չեն լինի, թող ժողովուրդը որոշի։

Գայթակղությունն էլ ընտրակաշառքն է։ Այսինքն՝ մարդկանց կարող են տանել այդ գայթակղության, բաժանել ընտրակաշառք, իսկ ժողովուրդն էլ թող որոշի՝ օգտվե՞լ այդ գայթակղությունից, թե՞ ոչ։ 

– Ասում են՝ իշխանությունը մնա, ինքը կկազմակերպի ընտրակեղծարարությունը՝ վարչական ռեսուրսի գործադրմամբ։ 

– Մենք 2018-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում պարտվել ենք, հեղափոխությունից հետո Աբովյանում, Կապանում ուղղակի պարտվել ենք։ Որևէ իշխանություն նման խոշոր քաղաքներում պարտված կա՞։

Եթե մենք կեղծող լինեինք, կկեղծեինք։ Բացառված է, որ մենք ընտրություններ կեղծենք։ Մեզ համար շատ կարևոր է ժողովուրդը, նա մեր միակ հենարանն է։ Կա հենարանի մի քանի տարբերակ՝ արտաքին ազդեցություն կամ հովանավորություն, կրիմինալ և ժողովուրդ։

Մենք միշտ ընտրել ենք ժողովրդին, մեր հենարանը միշտ եղել են մարդիկ։ Առանց իրենց պարզապես չենք պատկերացնում մեր գոյությունը այստեղ։

Անհնար է պատկերացնել, որ մեզանից մեկը կարող է այնպես ապրել, որ իր մտքում չլինեն այն մարդիկ, ովքեր իրենց կամ մեզ ձայն են տվել։ 

– Վարչապետը վերջերս քաղաքական ուժերին երկխոսություն սկսելու ակնարկ արեց, բայց տպավորություն է՝ դուք քաղաքական դաշտում միայնակ եք, համենայնդեպս, համագործակցության կամ համատեղ քննարկումների մասին չի խոսվում։

– Մեզ անընդհատ ասում են՝ դուք քաղաքական դաշտում չունեք գործընկերներ, ի՞նչ է նշանակում գործընկերներ ունենալ:

Մենք միշտ ասում ենք՝ մենք հանրային քաղաքականությամբ ենք զբաղված, որոնք համաձայն են մեզ հետ, իրենք էլ հանրային ասում են՝ կամ համաձայն են, կամ համաձայն չեն։

Օրինակ՝ Արամ Սարգսյանը այդ իմաստով շատ օրինակելի քաղաքական գործիչ է, ինչ-որ հարցերում համաձայն է, որոշ հարցերում՝ ոչ։

Դա շատ նորմալ է։ Բայց նորմալ չէ, որ դու թաքուն պայմանավորվածություն ես ունենում ուժերի հետ, և մեկ էլ սկսում են քեզ ճգնաժամային պահերին աջակցել։ Պարզ է՝ այդ պայմաններում կուլիսային պայմանավորվածություններ են վարվում, ինչը մեզ մոտ չի ստացվել։ Դրա համար տպավորություն է ստեղծվում, թե մենք մենակ ենք։ Բայց մենք մեզ երբեք միայնակ չենք զգացել։

– Ինչո՞ւ 2018-ին ստացվեց, և համաձայնագիր կնքեցիք «Բարգավաճ Հայաստանի» հետ։ 

– Որովհետև այն ժամանակ վարչապետի հրաժարականի պահանջ չէր դրվում։ Նրանք հիմա գուցե հասկանում են, որ ընտրություններով չեն հաղթի կամ ընտրություններով այլևս չեն ստանա այնքան ձայն, որքան ստացել են։ Չէ՞ որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն այսքան շատ մանդատ ստացան «Իմ քայլի» մանդատների մեծ քանակի հիման վրա ստացած բոնուսների հաշվին։ 

Խորհրդարանական երկու ուժերն էլ հասկանում են, որ կարող են միայն վարչապետի հրաժարականով մնալ խորհրդարանում ու այսքան «բոնուսացված» մանդատ պահել։ ԲՀԿ-ն իրենց համար ավելի ընդունելի վարչապետ է ուզում, որպեսզի կարողանա ցեմենտի բիզնեսի հարցերով բանակցել ու առուծախ անել։ ԼՀԿ-ն էլ ուզում է մնալ խորհրդարանում, բայց ուրիշ վարչապետով։ Դրա համար էլ հրաժարական են պահանջում և ոչ արտահերթ ընտրություններ։

Արտահերթ ընտրություններ կազմակերպելու վերաբերյալ մենք պատրաստ ենք խոսել։ Վարչապետի հայտարարությանը չարձագանքեցին, որովհետև նրանք հրաժարական են ուզում, ուզում են վարչապետի փոփոխություն, իսկ դա նշանակում է հեղաշրջում։

Եթե նրանք էլ ընտրություն կազմակերպեն, ես անձամբ ոչ մի վստահություն չունեմ այդ ընտրությունների նկատմամբ, որովհետև տեսել ենք՝ ինչպես են կազմակերպում ընտրություններ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն։ Իրենք կեղծում են, իրենց ձեռքը սովոր է կեղծելուն։

– Ձեր հասցեին վերջին ամենաթարմ և շատ կոշտ քննադատությունը Եռաբլուր երթն էր։ Նույնիսկ այնտեղ վարչապետին դիմավորեցին «դավաճան» վանկարկումներով։ Ի՞նչ հետևություններ եք արել։

– Անկեղծ ասեմ՝ ինձ համար անակնկալ էր երթի այդքան բազմամարդությունը։ Հազարավոր մարդիկ էին մասնակցում։

– Բայց նաև հայտարարվում էր, որ վարչական ռեսուրս է կիրառվել։

– Ոչ մի օրինակ չկա, որ վարչական ռեսուրս է կիրառվել։ Մարդիկ ազատ են, մարդիկ իրենք էլ են զգում, որ մեզ հետ ազատ են։

Եթե վարչապետը մտնում է մետրո, ու իր թռուցիկը պատռում, գցում են, եթե մտնում է եկեղեցի, քահանան ձեռք չի մեկնում, դա թուլություն չէ, դա ազատություն է, որը մարդիկ փալաս են դարձրել։

Ես, իսկապես, այնքան եմ ուզում, որ մարդիկ այդ ազատությունը սիրեն ու հոգատար լինեն։ Այո՛, հոգատար լինեն, որովհետև այլ կարևոր բառ չեմ գտնում, որովհետև մենք պետք է փայփայենք այդ հնարավորությունը, որ վարչապետը մտնում է եկեղեցի, ու քահանան չի ուզում բարևել, և դրանից հետո ոչինչ տեղի չի ունենում այդ մարդու հետ։ Ոչինչ։ 

– Անմիջապես գրվեց, որ քահանայի նկատմամբ ճնշում է եղել, որը, սակայն, նա հերքեց։ 

– Այո, հերքեց, որովհետև բացառված են ճնշումներ։ Մարդիկ դա գիտեն։ Եթե ինչ-որ մեկը ասի՝ գնա կառավարությանը աջակցող հանրահավաքի կամ երթի, դա բացահայտվելու է։

Մարդիկ ինքնակամ եկել են երթի, և ես ունեմ բացատրությունը՝ ինչու են եկել։ Մարդիկ զգում են, որ սա իրենց իշխանությունն է, իրենց ներկայացնող իշխանությունն է ու տեսնելով՝ ինչ է կատարվում Ֆեյսբուքում և մեդիադաշտում, վախեցան, որ իրենց ձայնը չի լսվի, իրենք չեն երևա, եկան ցույց տալու, որ իրենք իրենց իշխանության տերն են։ Էնպես չէ, որ եկան իրենց քաղաքական ուժին աջակցելու։

– Ծափ էին տալիս, ասում էին՝ «Նիկոլ, վարչապետ»։

– Այո, ինչ-որ խումբ այդպես վարվեց, դա ինքնաբուխ եղավ։ Երբ ես քայլում էի, մենք պատգամավորներով էինք, մարդիկ մոտենում էին, կշտամբում էին, դժգոհում էին, պահանջում էին, ասում էին՝ մենք ձեզ ուժ ենք տվել, փակեք դրանց բերանները, հերիք է։

Մարդիկ մեզանից պահանջում էին, չէին եկել մեր ճակատը պաչելու։ Իրենց իշխանությունից պահանջ ունեին, եկել էին իրենց իշխանությանը տեր կանգնելու, որովհետև գիտեն, որ ուրիշ տեղ իրենք իշխանություն չունեն։ Հիմա ինչ-որ համայնքների ավագանիներ հայտարարում են, թե հրաժարական են պահանջում…

– Այո՛, նաև փակեցին Սյունիքում ճանապարհներ, թույլ չտվեցին վարչապետին մտնել Գորիս։

– Այո՛, դա էլ է ազատություն։ Դրա հետ մենք խնդիր չունենք։ Այսօր չխոսենք, վաղը կխոսենք, այնպես չէ, որ խոսակցությունը փակվում է։

Բայց համայնքների ավագանիների հայտարարություններին զուգահեռ կան, չէ՞, մարդիկ, որոնք դարձյալ ցույցեր են անում ու պահանջում են, որ վարչապետը չհեռանա։

Այդ մարդիկ հավաքվում են ու ավագանուն ասում՝ ինչո՞ւ ես նման հայտարարություն անում, ինչո՞ւ ես վարչապետի հրաժարական պահանջում։

– Այդ մարդիկ, որոնք պահանջում են, որ վարչապետը մնա, նրանց վրա ճնշումներ չե՞ն գործադրվում, նրանք չե՞ն ուղղորդվում։

– Ես չգիտեմ՝ ո՛նց ապացուցեմ, որ չեն արվում նման բաներ։ Մարդիկ ինքնակամ, ինքնաբուխ, տեսնելով, որ ձայնազուրկ են, այսինքն՝ չունեն լրատվամիջոց, համայնքի ղեկավարը իրենց չի ներկայացնում, իրենք են դուրս գալիս փողոց և խոսում, իրենց ֆեյսբուքյան էջերով լայվեր են անում։

Ինձ համար այդ ձայները շատ կարևոր են, և մարդիկ ուզում են պահել իրենց իշխանությունը։ Ես հավատում եմ, որ ժողովուրդը շատ խոհեմ է ու իմաստուն։ Բայց նաև տրվում է սադրանքների ու նույնկերպ վիրավորական է պատասխանում։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am