«Երիտասարդական իրավապաշտպան շարժման» (Youth Human Rights Movement) համակարգող խորհրդի անդամ Աննա Դոբրովոլսկայան փաստեց, որ Ռուսաստանում իրավապաշտպան և այլ ոչ կառավարական կազմակերպությունները այժմ բավականին ծանր կացության մեջ են, կապված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի հետ, ըստ որի՝ արտասահմանյան ֆինանսավորում ստացող կազմակերպությունները պետք է ստուգում անցնեն և կարող են համարվել օտարերկրյա գործակալի կարգավիճակում գտնվող:
«Այդ օրենքից տուժել են որոշ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք լիկվիդացման փուլում են»,- ասաց Դոբրովոլսկայան այսօր «Մեդիա կենտրոնում», հավելելով, որ հասարակության մեջ առկա է կարծրատիպ, որ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն արտասահմանյան գործակալներ են և ընդունված օրենքը նպատակ ունի ավելի վարկաբեկել իրավապաշտպաններին:
Իրավապաշտպանը նշեց նաև, որ չնայած վերջին համաներմանը, որով ազատ արձակվեցին հայտնի գործարարներ Խոդորկովսկին, Լեբեդևը, ինչպես նաև Pussy Riot փանք խմբի ակտիվիստները և այլոք, այդուհանդերձ, այժմ էլ Ռուսաստանում առկա են քաղ. բանտարկյալներ:
Դոբրովոլսկայան անդրադարձավ նաև ՌԴ-ում ներգաղթյալների խնդիրներին, մատնանշելով, որ այս հարցն այսօր հիմնական խնդիրներից է Ռուսաստանում. «Աշխատելու իրավունք են ստանում մեծ թվով մարդիկ, սակայն նրանց հիմնականում չեն ցանկանում գրանցել՝ պահելով ստրկական պայմաններում», ասաց իրավապաշտպանը, հավելելով, որ տիրող վիճակի և ներգաղթյալների հետ տեղի ունեցող միջադեպերի համար հասարակությունը հակված է մեղադրել ոչ թե իշխանություններին, այլ հենց ներգաղթյալներին:
«Պայմանները Ռուսաստանյան ոստիկանական բաժանմունքներում շարունակում են ծանր մնալ, քիչ չեն բռնությունների և խոշտանգումների դեպքերը», ըստ իրավապաշտպանի՝ ծանր է նաև սեռական փոքրամասնությունների վիճակը, որոնց հանդեպ բռնությունները չեն որակվում որպես հոմոֆոբիայի դրսևորում, այլ դիտարկվում են որպես շարքային խուլիգանություն:
Խոսելով Ռուսաստանում խոսքի ազատության վիճակից՝ «Երիտասարդական իրավապաշտպան շարժման» ներկայացուցիչը նշեց, որ մարդկանց մեծ մասի համար ինֆորմացիայի հիմնական աղբյուր են շարունակում մնալ հեռուստատեսությունները, որոնք ամբողջապես գտնվում են պետական վերահսկողության տակ: Ըստ իրավապաշտպանի՝ ծանր է նաև այլընտրանքային լրատվամիջոցների վիճակը, որպես օրինակ Դոբրովոլսկայան նշեց «Դոժձ» և «Լենտա-ռու» լրատվամիջոցները, որոնք հայտնվել են ծանր կացության մեջ և գործունեության պահպանման խնդիր ունեն:
Խոսելով Ռուսաստանում հավաքների իրավունքի իրացումից՝ Դոբրովոլսկայան նշեց, որ նկատվում է բացասական միտում.
«Հավաքների մասին օրենքը Ռուսաստանում փոխվել է մայիսի 6-ի ակցիայից հետո, որը ցրվեց խիստ բռնությունների միջոցով: Նոր օրենքը մեծ տուգանքներ է նախատեսում և փաստորեն ըստ դրա՝ ցանկացած մարդ կարող է ձերբակալվել, նույնիսկ, մեկ պաստառ բարձրացնելու համար»:
Աննա Դոբրովոլսկայան ասաց նաև, որ իրենց կազմակերպության ներկայացուցիչները հետևել են, թե´ «Եվրամայդանի» իրադարձություններին և թե´ դրանից հետո Ղրիմում ստեղծված իրավիճակին, որտեղ առկա էր իրավապաշտպան գործունեության մեծ անհրաժեշտություն:
«Երիտասարդական իրավապաշտպան շարժման» ներկայացուցիչը Հայստանում էր` դիտարկելու տեղական իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը և անդրադարձավ նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին.
«Հայաստանում վիճակը այնքան էլ վատ չէ հավաքների ազատության, ոստիկանության գործողությունների առումով, բայց շարունակվում են խոշտանգումները, ծանր են նաև պայմանները կալանավայրերում, պահպանվել է սովետական շրջանում եղած վիճակը», նշեց ռուս իրավապաշտպանը՝ հավելելով, որ ինքը հանդիպումներ է ունեցել հայ ակտիվիստների հետ:
«Մեդիա կենտրոն»