«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը
– Պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս է Արցախն ուղղելու մեջքը:
– Երկար ժամանակ է պետք մեջքն ուղղելու համար…
– Պարո՛ն Բաբայան, այս օրերին ականատես ենք համատարած գողության, անտառահատումների: Ինչի՞ հետևանք է սա: Իրավապահ մարմինները չե՞ն կարողանում արդյոք պատշաճ վերահսկողություն իրականացնել:
– Գիտեք, որոշ բաներ բնորոշ են հետպատերազմյան իրավիճակին, բայց այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ, մեր մեջ պետք է փնտրենք այդ ամենի պատճառները: Երբ Ստեփանակերտում բանդաներ են ձևավորվում՝ մի մասը Երևանից ժամանած, մի մասը՝ տեղացի, մարդկանց տներն են թալանում և եկեղեցուն կից կրպակն են թալանում, որտեղ սրբապատկերներ և մոմեր են վաճառվում, նշանակում է՝ մենք հիվանդ ենք: Ինչպե՞ս կարելի է այս իրավիճակում Ստեփանակերտում գողություն անել: Սա վկայում է հասարակության բարոյալքված լինելու մասին, որովհետև էդպես չի լինում նորմալ հասարակությունում:
– Նախկինում պատերազմներից հետո նման երևույթներ չկայի՞ն:
– Նախկինում այդպես չի եղել, դրա համար հաղթում էինք…
– Ուզում եք ասել պարտության պատճառը հասարակության բարոյալքվածությո՞ւնն էր:
– Մենք չենք պարտվել թուրքին և ադրբեջանցուն, մենք պարտվել ենք ինքներս մեզ, երբ հասարակությունը բաժանվել է սևերի և սպիտակների, մերոնցի և ձերոնցի, սա է խնդիրը:
– Արցախո՞ւմ էլ կա նման բաժանում:
– Զգացվում է, բայց այլ ձևով է արտահայտվում: Կան արատներ, բայց միգուցե ինչ-որ տեղ մեր մեղքն է, որ չենք բարձրաձայնել, կամ փորձել ենք փակ ձևով կարգավորել, բայց այն, որ հասարակությունում կան խնդիրներ, միանշանակ է: Մեզ մոտ գաղափարախոսությունը փոխարինվեց գաղափարափորությամբ: Եվ հիշեք, որ չկա իշխանություն, որ հասարակությունից չէ:
– Այս օրերին խոսվում է Արցախի աբխազացման վտանգի մասին: Մտավախություններ չունե՞ք:
– Նա, ով խոսում է Արցախի աբխազացման մասին, պետք է մի քանի տասնամյակ լռի, նման հակառուսական զգացմունքները արդեն կործանարար են, թող գային և պաշտպանեին Արցախը:
– Պարո՛ն Բաբայան, ստեփանակերտցիները արդեն վերադառնո՞ւմ են իրենց տները:
– Այո՛, վերադառնում են, նույնիսկ թաղամասեր կան, որտեղ շատ տներում լույսեր են վառվում: Պատկառելի մասը կվերադառնա, կվերականգնվի բնակչությունը: (Ստեփանակերտի բնակչության թիվը 55000 է):
– Արցախի ԱԺ չորս խմբակցություններ պահանջում էին նախագահի հրաժարականը: Ի՞նչ կարող եք ասել այդ մասով:
– Գիտեք, այն, որ փոփոխություններ են անհրաժեշտ, միանշանակ է: Պարզապես ինչպես նախկինում եմ ասել, էլի վերահաստատեմ, որ հիմա ինչպես ենք ընտրություններ կազմակերպում: Սահմանադրությունը վտանգավոր խութեր է պարունակում իր մեջ: Եթե նախագահը հրաժարական է տալիս, պետք է և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ անցկացնել:
– Հայաստանում ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականը: Հետևո՞ւմ եք Հայաստանում ծավալվող իրադարձություններին:
– Բնական է, որ հետևում եմ: Ամեն ինչ պետք է ընթանա քաղաքակիրթ ձևով, եթե որակ ենք ուզում փոխել, պետք է քաղաքակիրթ ձևով անել, բայց ես կողմ եմ, որ էվոլյուցիոն զարգացում տեղի ունենա:
– Ինչո՞ւ չկարողացանք այս պատերազմում հաջողել:
– Սա մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկն է: Այս ողբերգությունը տասնամյակներ տանելու ենք մեր սրտերում և հոգիներում, փորձելու ենք գտնել բանալին, սա ամենաքննարկվող հարցերից մեկն է այսօր:
Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Մենք անպայման կխոսենք դրա մասին, պետք է մի քիչ ապաքինվենք, այդ հարցերը կբարձրացնենք:
Մանե Հարությունյան
MediaLab.am