«Բավական է, չի կարելի ստրկամտորեն սպասել, որ փրկությունը կգա եսիմ ինչ իմանամ որտեղից». Աշոտ Ադամյան

«Բավական է, չի կարելի ստրկամտորեն սպասել, որ փրկությունը կգա եսիմ ինչ իմանամ որտեղից». Աշոտ Ադամյան
«Բավական է, չի կարելի ստրկամտորեն սպասել, որ փրկությունը կգա եսիմ ինչ իմանամ որտեղից». Աշոտ Ադամյան

Այս օրերին տեղի ունեցող իրավարձությունների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի հետ:

-Պարոն Ադամյան, Հայաստանում զինված ընդվզման ականատես ենք լինում այս օրերին: Ինչի՞ հետևանք է այս արտակարգ իրավիճակը:

-Երբ ժողովրդի մեջ հասունացած հարցերն ու բողոքն անդադար անտեսվում են՝ սկսում է գործել պահածո սկզբունքը՝ կափարիչը «պայթում է»: Դժբախտաբար, մեր գլխին պատուհաս դարձած «իշխանությունը» այնքան է հավատացել իր անսխալականությանը, որ կորցրել է մարդավայել դատողություններ անելու ունակությունը: Դժվար է երեւի չտառապել մտավոր եւ տեսողական հավկուրությամբ, երբ՝ ինչպես երկնքից իջնող մանանա, միլիոններ ես դիզում եւ շատ կարճ ժամանակահատվածում, սկսում ես կարծել, թե ինչ-որ գերբնական շնորհներով ես օժտված եւ ավելի բարձր ես ժողովրդից։

Կայծակնային արագությամբ փողատեր դարձած ավազակին չես կարող հասկացնել, որ նա գող է, չէ՞որ ամեն ինչ առնվում ու վաճառվում է: «Փող ունես՝ խելք պետք չէ», գիտեք այդ վաշխառուական ասույթները: Արդեն բավականին երկար ժամանակահատված է, որ Հայաստանի կառավարման համակարգին տիրացել են այդ հոգեբանությանը դավանող ավազակներ եւ թալանում են: Չեմ կարծում, որ միայն ապրիլյան դեպքերից հետո պարզ դարձավ ոհմակի իրական էությունը: Պարզապես ապրիլը ցույց տվեց, որ անգամ բանակը չի խուսափել թալանից: Ժողովուրդն ահա քսան տարի է՝ չի կարողանում իրացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը՝ ընտրել իր ծառաներին, որոնք հենվելով Սահմանադրության վրա՝ կծառայեն պետությանը եւ ժողովրդին: Ու քանի դեռ այդպես չէ, ժողովուրդն ապստամբելու իրավունք ունի:

-Այս իրադարձություններին զուգահեռ, իշխանությունները լռություն են պահպանում, ինչո՞ւ, ասելիք չունե՞ն:

-Մկան ծակը հազար թումանով են վաճառում: Դա էլ վաղուց ենք նկատել՝ լռությունը սրանք խախտում են միայն, երբ ստանում են տիրոջ հրահանգը:

-Ոստիկանության կողմից դարձյալ ուժ կիրառվեց այսօր գիշեր, կան տուժածներ ու վիրավորներ: Արդյոք ի՞նչ է կատարվում, մարտի մեկի ձեռագիրը նորից կրկնվո՞ւմ է:

-Այսպես է, որովհետեւ ոստիկանությունն այս ռեժիմի կամակատարն ու ծառան է: Այսօրվա ոստիկանությունը միանաշանակ համապատասխանում է այն պիտակումներին, որոնք ժողովուրդը սիրով նվիրում է նրանց։ Էն, որ բարձր ատյաններում մեր ներքին ոճրագործները լրջորեն խոսում են, որ հարյուր տարի առաջ թուրքերի իրագործած եղեռնագործության անպատիժ մնալը ծնում է նոր եղեռն, ճիշտ են ասում: Ու քանի դեռ անպատիժ է մնացել մարտի 1-ի ոճրագործությունը, հայաստանցիներս պետք է հասկանանք, որ կստանանք նոր մարտի մեկեր:

-Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում այս դեպքերին: Արյունահեղությունից խուսափելու համար ի՞նչ պետք է անել:

-Այս պահին, երբ Հայաստանը կառավարող բանդիտական վերնախավի ապազգային ու հակապետական գործելակերպի պատճառով հայտնվել է խառնակ վիճակում, կարծում եմ, բոլոր տիպի քաղաքական եւ հասարակական կառույցները, բացառությամբ պրոՀՀԿականների (սրանք պետք նստեն ու լսեն), պարտավոր են միասնական կամք դրսեւորելով՝ լծվեն երկրի ներքաղաքական-հասարակական քայքայված համակարգը ճգնաժամային իրավիճակից միահամուռ ուժերով դուրս հանելու գործին։ Մասնատվածության եւ փոխադարձ գզվռտոցների պատճառով երկրի հասարակության գերակշիռ մասը ոչ մի սպասելիք չունի: Բավական է, չի կարելի ստրկամտորեն սպասել, որ փրկությունը կգա եսիմ ինչ իմանամ որտեղից:

Էմմա Մանուկյան

MediaLab.am