Վարչապետի հապշտապ մուննաթը

Վարչապետի հապշտապ մուննաթը
Վարչապետի հապշտապ մուննաթը

Վարչապետն արդեն մուննաթ է գալիս: Աշխարհի բոլոր աշխատատեղերը, հատկապես՝ բարձր վարձատրվող, լցրել է Հայաստանում ու զարմանում է, որ մարդիկ չեն ուզում աշխատել:

Տիեզերագնացի թափուր տեղեր կան ու ոչ ոք չի ուզում տիեզերք թռնել:

«350 հազար հոգի ճռռում է, որ 800 հազար հոգու պահի… մարդիկ չեն ուզում աշխատել»,-նեղսրտում է վարչապետը: Ինչպես ասում են՝ ծուռ նստենք… Ո՞վ չի ուզում աշխատել: Ո՞վ է մահապարտ Հայաստանում: Էդ ի՞նչ սոցիալական ապահովության համակարգ ունես, որ մարդը չի ուզում աշխատել եւ իրեն դնում է նպաստի «աբուզին»:

Մուննաթն այդ ավելի անհասկանալի է դառնում, երբ գիտե՞ս, որ մեր գործազրկությունը պաշտոնական տվյալներով նույնիսկ 20 տոկոս չէ: Իսկ ոչ պաշտոնականով, թող լինի՝ 30 տոկոս: Բայց աղքատ են մնացածը: Հավասարապես աղքատ է աշխատողն ու չաշխատողը, էդ սահմանն էնքան նուրբ է, որ մարդ չգիտի՝ ինքը 350 հազար ճռռացողի մե՞ջ է, թե 800 հազար պորտաբույծի: Սկզբունքն է սխալ:

«Սիստեմը»,-ինչպես կասեր Դովլաթովի հերոսը:

Կես տարում ի՞նչ փոխվեց, որ էդ մուննաթը խոսքի իրավունք ստացավ: Եվ կրկին՝ ո՞վ չի ուզում աշխատել: Ծույլե՞րն են արտագաղթում, աշխատելու մասին լսել չուզողնե՞րը: Գյուղերում ուսուցիչների թափուր տեղեր կան: 20 տարի էդ գյուղերի վրա նայող չի եղել: Ինչու՞ պիտի գնան ու գյուղերում ուսուցիչ աշխատեն, որտեղ պետությունը ի թիվս այլ պայմանների, նորմալ աշխատավարձ էլ չի կարող առաջարկել:

Հայաստանում աշխատանքի փիլիսոփայությունը գոյատեւելն է: Ապրելը կապ չունի: Եթե ապրեին, աշխատանքի ընդունվողի սուրբ գիրքը կլիներ աշխատանքային օրենսգիրքը: Հայաստանում աշխատանք ունեցողների 80 տոկոսը ոչ մի խթան չունի ավելի լավը լինելու, նրա խթանը ավելի լավ աշխատանքն է առանց էդ աշխատանքի հանդեպ վերաբերմունքը փոխելու: Հայաստանում աշխատանքի բնույթն ինքնին մարդուն «ոչնչացնող» է: Դրա մեջ աշխատավոր լինելու արժանապատվությունը չկա: Մինչդեռ չի կարող աշխատանքը ոչնչացնել մարդուն: Մարդն իր բնույթով փնտրող է, նա չի կարող չուզել աշխատել, որովհետեւ ապրել հո ուզու՞մ է:

Վարչապետի մուննաթն անհասկանալի է, երբ «անզեն» ուղեղով հասկանում է, որ իր ապրել չկարողանալը սխալ են հասկացել:

Վարչապետն ասում է. «800 հազար մարդ շխատող 350 հազարից պահանջում է, որ իր նպաստը, թոշակը, աշխատավարձը լավացնեն»: Նույնիսկ սիրուն չի ասված: Եթե չաշխատողի պահանջը աշխատողից է, նրա ինչի՞ն են պետք պետության սոցիալական տեսլականները, կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ընտրությունները: Մարդը միանգամից կգնա աշխատողի մոտ եւ կփորձի, վստահաբար՝ անպտուղ, հասկանալ, թե ինչպես լավացնի իր կյանքը: Բոլոր հանցագործները՝ գողերը, նախկին իշխանությունները, այսօրվա կոռումպացվածները հենց այն մարդիկ են, որոնք ուզում են ինչ-որ մեկի հաշվին լավացնել իրենց կյանքը: Նույնիսկ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն են ուզում խորհրդարանում հայտնվելով լավացնել իրենց կյանքը նրանց հաշվին, որոնք այդ նույն քաղաքական ուժերին գործուղում են խորհրդարան, որ իրենց կյանքը լավացնեն:

Գիտենք, որ ապրիլի 23-ից նախկին կարգերը չկան: Բայց առնվազն 20 տարի մարդիկ ապրել են մի հասարակարգում, որը նրանց մղել է խաբել, ապավինել խուժանին ու հանցագործին, բավարարվել 30-40 հազար դրամանոց ինչ-որ աշխատանքով:

Էսօր, եթե նույնիսկ բան է փոխվել, 30-40 հազար դրամ աշխատավարձի իներցիան պահպանվել է եւ չի զգացվում, որ դրա վերջը գալիս է: Մարդիկ գոյատեւել են ըստ թույլտվության, այլապես արժանապատիվ հասարակությունում ի՞նչ էր անում ընտրակաշառքը: Ասում ես՝ չեն ուզում աշխատել եւ ասում ես՝ չի լինելու ընտրակաշառք: Նույն քաղաքացու մասի՞ն է խոսքը:

Նրա մեջ ո՞ր դրվագով է իրավիճակ փոխվել, որ ընտրակաշառք էլ չի ուզում, բայց աշխատել էլ չի ուզում:

Մի տեղ մի բան ճիշտ չէ: Հապշտապ մուննաթ էր:

Մուննաթը, մեր մեջ ասած, ինտիմ հոխորտանք է, դա ի տես բոլորի չի կարելի անել: Հատկապես, որ իշխանություն վերցնելիս չես ասել, որ կոռուպցիան վերացնելու հետ աճելու է ձեր վրա մուննաթ գալու մղումը:

Մհեր Արշակյան

MediaLab.am