«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը
– Պարո՛ն Ղուկասյան, Ադրբեջանի կողմից սանձազերծված ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ շարունակվում են: Ի՞նչ է անում Ադրբեջանը, ինչի՞ է ձգտում հասնել:
– Ադրբեջանը փորձում է ուժի միջոցով միակողմանի հաստատել իր սահմանները Հայաստանի հետ:
Միջազգային հարաբերությունների տեսանկյունից այսպես է որակվում այս գործողությունները: Քանի որ եռակողմ հայտարարությունը ստեղծել է խաղի այնպիսի կանոններ, որ Ադրբեջանն ինչ ուզի՝ կարող է անել, իսկ Հայաստանը դրան ոչնչով չի կարող արձագանքել, Ադրբեջանն էլ, օգտվելով այդ անպատժելիությունից և իրավիճակից, ձգտում է լիովին իրականացնել իր առավելությունը:
Հայաստանն ունի հրամայական Մոսկվայից՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել, ճանապարհային միջանցքներ բացել և այլն, իսկ Ադրբեջանը, օգտվելով այդ հանգամանքից, իրացնում է իր հնարավորությունը՝ Հայաստանի սահմանների նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք:
– Եթե Մոսկվան իսկապես Հայաստանին տվել է նման հրամայական, ինչպես ասում եք, այդ պարագայում Հայաստանի գործողությունները որո՞նք պետք է լինեն:
– Հայաստանը պետք է գերի վերցներ այդ բոլոր զինվորներին, որոնք հատել են մեր պետական սահմանը: Ամենաադեկվատ և ճիշտ պատասխանը դա կլիներ, որը նաև բեկում կմտցներ հայ ռազմագերիների վերադարձի հարցում:
– Ինչո՞ւ չարեց, պարո՛ն Ղուկասյան:
– Արդեն նշեցի՝ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ ունի համաձայնեցրած ծրագիր՝ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու:
– Խաղաղություն հաստատել՝ Հայաստանի պետական սահմանների գնո՞վ:
– Այո՛, ցանկացած գնով: Սա է Ռուսաստանի կողմից թելադրված պայմանը, եթե մենք համարում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է պահպանվեն, պետք է այդ գինը վճարենք:
– Պարո՛ն Ղուկասյան, Ռուսաստանին ձեռնտու՞ է Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական ներկայությունը:
– Ռուսաստանը մաս է կազմում այդ համագործակցության, և սա ոչ թե թուրք-ադրբեջանական, այլ ռուս-թուրք-ադրբեջանական տարածաշրջանային համագործակցություն է, որի հիմքում կոնսենսուսն է այն հարցի շուրջ, որ Արցախը ռուսական պրոտեկտորատի տակ գտնվող ռեգիոն է Ադրբեջանի կազմում, և մնացյալ հարցերում էլ կողմերի դիրքորոշումը հայտնի է՝ տարածաշրջանի ապաշրջափակում:
Հայաստանի այսօրվա իշխանություններն ու նրանց ընդդիմության մի մասը, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, համարում են, որ դա ճիշտ քաղաքականություն է և պետք է ամրապնդել: Ըստ էության, այդ եռակողմ հայտարարությունը Հայաստանում ունի հենարան՝ ի դեմս իմ թվարկած քաղաքական ուժերի:
– Ռազմական ակտիվ գործողությունների հեռանկար տեսնու՞մ եք:
– Մենք կուլ ենք տալու ցանկացած ոտնձգություն, որը կարվի մեր դեմ, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կուլ է տալու ցանկացած ոտնձգություն, հակառակ դեպքում Ադրբեջանն այդպիսի ռիսկային գործողությունների չէր գնա, որովհետև, նորից եմ կրկնում, լավ հնարավորություն էր գերի վերցնելու ադրբեջանական զինվորներին և բեկում մտցնելու այս ամենի մեջ, բայց Ալիևն ուներ երաշխավորություն, դրա համար էլ դիմեց նման քայլի:
– ՀԱՊԿ-ի հայտարարությունը նկատի ունենալով՝ ի՞նչ ակնկալիքներ ունենանք այդ կառույցից, պարո՛ն Ղուկասյան:
– Հայաստանի անդամությունը այդ կառույցին Հայաստանի համար որևէ երաշխիք չի ստեղծում իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Ո՛չ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները, ո՛չ Ռուսաստանը այդպիսի պարտավորություն չունեն Հայաստանի առաջ, եթե նման պարտավորություն լիներ, Ադրբեջանը նման քայլերի չէր գնա:
Այս իրողությունը վկայում է, որ ՀԱՊԿ-ի դերակատարությունը այլ է՝ մեխանիզմ է, որպեսզի Հայաստանը չհամագործակցի Արևմուտքի հետ և որևէ այլընտրանքային միջազգային անվտանգության համակարգի միջոցով չամրապնդի մեր երկրի անվտանգությունը:
ՀԱՊԿ-ի միակ ֆունկցիան Հայաստանի մասով սա է, և սպասել, որ ՀԱՊԿ-ից կարող է անվտանգության ծառայություն մատուցվի, կարող են միայն միամիտ մարդիկ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am