Տիգրան Արզաքանցյանի կողմից կա որոշակի ֆինանսական աջակցություն եւ դա գաղտնիք չէ. Արամ Սարգսյան

Ռուսաստանում վերջին տարիներին գործարարությամբ զբաղվող Տիգրան Արզաքանցյանի հայաստանյան հանդիպումները ընտրություններից առաջ ակտիվացան, և նա կուսակցություն էր փնտրում, որպեսզի ներկայանա արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ժառանգություն» կուսակցության հետ նրա համագործակցության առաջարկը չաշխատեց, և նա կանգ առավ Հայաստանի դեմոկրատական կուսակցության վրա: 

Օրերս հայտնի դարձավ, որ այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում հենց ինքն է՝ Արզաքանցյանը, երկրորդում՝ այդ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, իսկ երրորդում «Ժառանգությունից» հեռացած Նարինե Դիլբարյանը:

Այս կապակցությամբ «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին:

– Պարո՛ն Սարգսյան, երեկ հրապարակվեց ձեր ղեկավարած կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հատվածը, և պարզվում է՝ դուք չեք գլխավորում այն, այլ գործարար Տիգրան Արզաքանցյանը: Դուք՝ կուսակցության նախագահ, բայց երկրորդ համարն եք: Ինչո՞ւ այդպես ստացվեց:

– Առաջինը՝ մենք որոշում ունեինք ամեն գնով այնպես անել, որ նման ընտրություններ տեղի չունենան, ու հասնենք այն բանին, որ այս իշխանությունը հեռանա, մասնագետների կողմից ձևավորվի ժամանակավոր կառավարություն և այլն, և այլն: Չհաջողվեց: 

Եվ երբ այս ամենը չստացվեց, մենք որոշեցինք անպայման մասնակցել համապետական ընտրություններին հատկապես այն դեպքում, երբ նախորդ ընտրություններին չէինք մասնակցել: 

Ինչ վերաբերում է, թե ինչու նման դասավորություն եղավ, ապա մենք որոշեցինք այս պայմաններում գնալ բաց ցուցակով, ընդգրկել այն անձին, որն ինքը եկավ և համագործակցության ձեռք մեկնեց, առաջարկեց, որ միասնաբար հուշագիր ստորագրենք այդ համագործակցության վերաբերյալ:

Քննարկեցինք ու եկանք հետևյալ եզրակացության. Արզաքանցյանն ունի կառավարչական փորձ, իր արտադրանքով դուրս է եկել միջազգային շուկա, ունի ներդրումային ծրագրեր, որոնք մեզ համար շատ կարևոր էին, և, բացի այդ, թաքցնելու բան չկա՝ երիտասարդ է ու կարող է առաջ տանել աշխատանքը:

Այո՛, այս քննարկումների ընթացքում գտանք, որ նա կարող է լինել մեզ համար թեկնածու:

Մենք գնում ենք մեր կուսակցության անվան տակ և ոչ թե դաշինքով, մեր կուսակցության սկզբունքներին ու ծրագրերին համապատասխան, և համագործակցության ցանկություն հայտնած անձանց ընդունել ենք: Այդպիսիք են՝ Տիգրան Արզաքանցյանը, Նարինե Դիլբարյանը, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

– Անկեղծ ասած՝ ձեզ և Տիգրան Արզաքանցյանին միասին տեսնելը փոքր-ինչ տարօրինակ է: Մի քանի օր է՝ համացանցում ծիծաղի թեմա են դարձել նրա ելույթներով տեսանյութերը: Դուք բավական փորձառու քաղաքական գործիչ եք, ինչո՞ւ այդուհանդերձ որոշեցիք նրա կողքին լինել, միայն ձեր նշած պատճառնե՞րը գայթակղեցին ձեզ:

– Մեզ չի գայթակղել ոչինչ՝ կրկնում եմ: Ասում եմ հստակ՝ բոլոր նրանք, ովքեր ցանկացել են մեզ հետ համագործակցել, հասկանում են, որ եկել են դեմոկրատական կուսակցության ցուցակում ներգրավվելու և նրա սկզբունքներին համապատասխան վարվելակերպ դրսևորելու: Այսինքն՝ մեր ծրագրային դրույթները չեն փոխվել, մեր որևէ սկզբունքի մենք չենք դավաճանել: 

Ինչ վերաբերում է, թե ինչպես է նա հանդես գալիս, ես ինձ վրա վերցնում եմ հիմա ներկայացուցչական մասը, այսինքն՝ հիմնական թեզերը կներկայացվեն իմ կողմից, իսկ Տիգրան Արզաքանցյանը գալու է բոլոր հանդիպումներին: Ի դեպ, ասեմ՝ շատ լավ հարաբերվում է մարդկանց հետ, ես երեկ համոզվեցի, իրենց լեզվով կարողանում է ամեն ինչ բացատրել, հասկացնել: 

Եթե դուք նաև նկատի ունեք, որ որոշակի ֆինանսական խնդիրներ են եղել, ապա վստահեցնում եմ, որ մենք որևէ գործարքի չենք գնացել: Իհարկե, կա այդպիսի աջակցություն, և դա էլ գաղտնիք չէ:

– Այո՛, կան տեղեկություններ, որ նա ֆինանսական մեծ ռեսուրսներ է ներդրել:

– Իհարկե, նաև այդպես է, հո բոլորը մենք չէ… դրա համար էլ համագործակցում ենք: Նա նաև այդպիսի խնդիրներ կարող է կարգավորել, մենք էլ մեր մասով կարող ենք խնդիրներ լուծել: Դա է մեր համագործակցության պայմանը:

– Դուք մի քանի գծեր նշեցիք, թե ինչու եք կանգնել Տիգրան Արզաքանցյանի կողքին…

– Մենք ոչ թե նրա կողքին կանգնել ենք, այլ մենք նրան ընդգրկել ենք մեր կուսակցության ցուցակում: Մենք դաշինք չենք կազմել: Սա խնդրում եմ հստակ ֆիքսել, սա ՀԴԿ համամասնական ցուցակն է, որտեղ ընդգրկված են նաև նրանք: 

– Եվ պայման է եղել, որ ձեր նախագահած կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականը լինի Արզաքանցյանը:

– Ո՛չ, նման պայման չի եղել: Քննարկել ենք բոլոր հարցերը և որոշել ենք այդպես անել: Այդպիսի հարցերում ուրիշները շատ մեծ ամբիցիաներ ունեն: Բայց ես շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետև ինձ համար կարևորը արդյունքն է:

Եվ եթե կունենանք այնպիսի արդյունք, որ խորհրդարանում ձևավորվի մեծ ֆրակցիա, ապա հետո արդեն ցույց կտանք, թե ինչպիսի հնարավորություններ ու կարողություններ ունենք: Բայց դուք մի՛ սևեռվեք մեկ անձի վրա:

– Ոնց հասկանում եմ՝ ինքն է ձեր շարժիչ ուժը:

– Ո՛չ, շարժիչ ուժը կուսակցությունն է, ինքը մի հատված է, որը գալիս է մեզ հետ միասին գնալու այդ ուղղությամբ, ինչպե՞ս թե շարժիչ ուժն է: Գաղափարախոսությունը մերն է, ծրագիրը մերն է, բրենդը մերն է, մենք որևէ գործարքի մեջ չենք եղել, հիմա էլ չկանք: Բացահայտ ասում եմ: 

– Գաղափարախոսությունը ձերն է, ծրագիրը ձերն է, բրենդը ձերն է, բայց վարչապետի թեկնածուն՝ նա…

– Դե, ելնում ենք նրանից, որ այս պահին օրենքը դա է պահանջում, դրա համար այդպես արեցինք: Բայց այս պահին հավասարը հավասարի հետ գնում ենք ընտրությունների: Հիմա եթե պատկերացնենք, որ ես եմ գլխավորում ցուցակը, ինչի՞ց կխոսեիք ինձ հետ:

– Թերևս ծրագրերից կխոսեինք…

– Բա եկեք հիմա էլ ծրագրերից խոսենք, բա դա է գլխավորը: Իսկ եթե լուրջ, դուք հասկանում եք, չէ՞, որ կուսակցությունը, որը բիզնես չունի և չի էլ ուզում այդպես աշխատել, հիմա պետք է մրցի նրանց հետ, ովքեր չգիտես՝ ինչպես են կուտակել կապիտալը, ինչ-որ ձևով պե՞տք է կարողանա մրցունակ լինել, զուտ որ տեխնիկական խնդիրները ապահովված լինեն: Սա է ամբողջը: Ես թաքցնելու բան չունեմ:

– Շատ լավ, ընտրողների հետ ձեր հանդիպումները ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ հնարավորություններ ունեք:

– Ակտիվ հանդիպումներ դեռ չենք սկսել, օրեր առաջ Գեղարքունիքում էինք, և ես կարող եմ ասել, որ համագումարից հետո որոշակի հետաքրքրություն կա մեր նկատմամբ: Մեր համակիրները սպասում էին, թե երբ ենք մեր հստակ դիրքորոշումը հայտնելու:

Երբ կսկսվի քարոզարշավը, դուք կտեսնեք, թե ինչ ծրագրերով ենք հանդես գալու: Մենք արդեն կարգախոսը հաստատեցինք՝ «Պաշտպանենք պետությունը»: Այսօր պետությունն է վտանգված, և ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ ինչ հնարավորություններով մենք դա կարող ենք անել: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am