Նոյեմբերի 9-ին Երևանում մեկնարկած «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակություն» համաժողովը սկսվել է միջադեպով:
Ոստիկանները «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցի մոտից («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքից) բերման են ենթարկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Արեգ Գևորգյանին, Սարգիս Գևորգյանին, Վահագն Գևորգյանին և Սարգիս Խաչատրյանին, որոնց ազատ են արձակել ավելի քան ութ ժամ հետո միայն:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ համաժողովի մեկնարկին զուգահեռ ընդդիմությունը պիկետ է կազմակերպել համաժողովի անցկացման վայրի հարակից տարածքում:
Համաժողովի մեկնարկելուն պես Հայ ազգային կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստներ` «Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունն ամոթալի է Եվրոպայի համար», «Հանցագործություն կատարելը կամ հանցագործներին աջակցելը. ո՞րն է տարբերությունը», «Եվրոպա´, մի´ սատարիր բռնակալներին», «Եվրոպա´, դու թույլ ես տալիս այս ռեժիմին 12 քաղբանտարկյալներ պահել» բովանդակությամբ պաստառներ պարզած լուռ կանգնել էին հյուրանոցի շենքի դիմաց:
Դա, սակայն, դուր չի եկել ոստիկաններին, ովքեր պահանջել են երիտասարդներից ավելի հեռու կանգնել հյուրանոցի շենքից և չանցնել ոստիկանների կողմից հյուրանոցի շենքի մոտ տեղադրված արգելապատնեշներից: Երիտասարդները, սակայն, ի նշան բողոքի, պաստառները պարզած պառկել են գետնին, ինչից հետո ոստիկանները, քաշքշելով ու հրմշտելով վերջիններիս, նրանցից չորսին բերման են ենթարկել ոստիկանություն:
Երիտասարդների պնդմամբ` թե´ բերման ենթարկելու ժամանակ, թե´ ճանապարհին և թե´ ապա ոստիկանության շենքում իրավապահները ծեծել են իրենց` պատռելով նրանց հագուստները:
«Մոտ երկու տասնյակ համազգեստավոր ոստիկաններ ոտիկանության տարածքում մեզ չորսիս գցեցին գետնին ու սկսեցին ոտքերով ու ձեռքերով հարվածել գլխներիս»,- «Մեդիալաբին» պատմել է Սարգիս Գևորգյանը:
Միևնույն ժամանակ, ոստիկանության լրատվական ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, թե երիտասարները բերման են ենթարկվել իրենց «օրինական պահանջներին չենթարկվելու համար»:
Ըստ ոստիկանության հաղորդագրության` երիտասարդները «հայհոյանքներ են տվել ու բռնություն գործադրել ծառայողներից մեկի նկատմամբ` պատռելով նրա համազգեստը»:
Հաղորդագրության համաձայն` տեղի ունեցածի կապակցությամբ քննություն է սկսվել: Տեղի ունեցածը տեսանկարահանվել է լրատվամիջոցների կողմից` տարածվել համացանցի միջոցով:
Ոստիկանությունում ավելի քան երկու ժամ պահելուց հետո երիտասարդներին տեղափոխել են նարկոլոգիական դիսպանսեր` իբր սթափությունը ստուգելու նպատակով, այնտեղից` դատաբժշկական փորձաքննության, հետո կրկին` Կենտրոնի ոստիկանություն, ապա` Կենտրոնի քննչական բաժանմունք:
Ընդդիմության երիտասարդ ակտիվիստներն ազատ են արձակվել միայն ուշ երեկոյան` արդեն Մատենադարանի հարակից տարածքում սկսված ընդդիմության հանրահավաքի ժամանակ:
Կատարվածի առնչությամբ հայտարարությամբ հանդես է եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը: «Այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկաններ արդեն հարձակվում են տասը ցուցարարների վրա, վկայում է մեկ պարզ բան. իշխանության ներսում և, մասնավորապես, իրավապահ կառույցներում այլևս անդառնալի փլուզումը կասեցնելու նպատակով իշխանությանը տիրացած հանցախումբը մի կողմից ուժի ցուցադրության առիթ է փնտրում, մյուս կողմից` ամեն կերպ փորձում է տապալել Կոնգրեսի կազմակերպած միջոցառումները»,- ասվում է Կոնգրեսի հայտարարության մեջ:
Կոնգրեսը նաև հայտարարել է, թե «չնայած այս ապօրինություններին` Կոնգրեսը շարունակելու է իր ամենօրյա պայքարը ինչպես այս հանցագործ իշխանության, այնպես էլ նրա ծնած արատավոր բարքերի դեմ»:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am