«Գնաճի օբյեկտիվ պատճառներ ևս կան, օրինակ՝ Եվրոպայում իսկապես ձեթի դեֆիցիտ է». տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը

 Պարո՛ն Սարգսյան, ավելի քան երեք շաբաթ է՝շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը: Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներն այս ընթացքում ի՞նչ ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական կյանքի վրա:

– Հիմնական խնդիրներն են արտահանումը, Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտների արժեզրկումն ու պակասումը, և քանի որ մենք հիմնականում ներմուծող երկիր ենք՝ ներքին գնաճի տեմպերի արագացումը: Մյուս խնդիրն էլ, որը հնարավոր է հետագայում առաջանա Հայաստանից դոլարի արտահոսքի հետևանքով, դրամի փոխարժեքի նվազումն է, որը վերջին օրերինարժևորվեց՝ պայմանավորված ռուսական ռուբլու որոշակի կայունացմամբ: 

Քանի որ արտահանումները հիմնականում, ըստ պայմանագրերի, իրականացվում են ռուսական ռուբլով, հիմա, դրա արժեզրկման պարագայում,արտահանողները խնդրի առաջ են կանգնել: Նախ՝պետք է գնանշումների հետ կապված խնդիրը լուծեն: Բոլոր արտահանողները սպասողական վիճակի մեջ են, չեն արտահանում, սպասում են իրավիճակի որոշակի կայունացման: Այսօր արտահանման տեմպը դանդաղել է, քանի որ Ռուսաստանը մեր հիմնական արտահանման շուկան է, արտահանվող ապրանքի 30%-ը գնում է Ռուսաստան: 

Այստեղ նաև մեկ այլ խնդիր է առաջանալու. քանի որ դրամ-ռուբլի արժութային փոխհարաբերությունը ուրիշ է սահմանվելու, Ռուսաստանի շուկայում այդ ապրանքների գինը պետք է բարձրացվի, ինչը կարող է այդ ապրանքները ոչ մրցունակ դարձնել, ևգնորդները հրաժարվեն հայկական ապրանքներից: Որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ այս ամենը ճշգրտվի: 

Եթե ենթադրենք, որ այս ամենը տևելու է մինչև այս ամսվա վերջ, հնաարավոր է, որ այդ վնասներն այդքան էական չլինեն, բայց երկարաժամկետ կտրվածքով մեծ ազդեցություն կունենա հենց արտահանման վրա:

Իսկ տրանսֆերտների մասով՝ արդեն կա Համաշխարհային բանկի կանխատեսում, որ այս տարի դրանք շուրջ 19%-ով կրճատվելու են, իսկ մենք Ռուսաստանից միջինում ստանում ենք 850 միլիոն դոլարի տրանսֆերտ: Այս չափով կրճատման պարագայում մեր ՀՆԱ-ն մոտավորապես 1,2%-ով,եթե ոչ ավելի, վնասներ կկրի: 

Մենք կարող ենք նաև լուրջ խնդիրների բախվել, եթե ՌԴ մեկնող մեր համաքաղաքացիներն այս տարի չմեկնեն այնտեղ աշխատելու, իսկ Հայաստանում պետք է այդ աշխատատեղերի առկայությունը լինի, որ այդ մարդիկ կարողանան այստեղ աշխատել:

Մենք արդեն իսկ ունենք տեսանելի գնաճ, որովհետև միջազգային շուկայում, եթե, օրինակ՝ ձեթի, հացահատիկի գները բարձրանում են, ու նկատվում է այդ ապրանքների դեֆիցիտ, նշանակում է՝Հայաստանում ևս այդ ապրանքների գները բարձրանալու են: Բենզինի գինն էլ մեզ մոտ թանկացավ շուրջ 5%-ով: 

 Ներքին գնաճը պայմանավորված է միայն օբյեկտի՞վ գործոններով, թե՞ սուբյեկտիվ գործոններն էլ մեծ դեր են խաղում:

– Բնականաբար, Հայաստանում դրանց գումարվում են նաև սուբյեկտիվ գործոնները, որոնք նպաստում են գների է՛լ ավելի բարձրացմանը: Մեր ժողովրդիառաջացրած այդ արհեստական իրարանցումը ևս նպաստում է որոշակի ապրանքների դեֆիցիտի, ինչն էլ իր հերթին գների բարձրացման հիմք է հանդիսանում: Բայց, կրկնում եմ՝ օբյեկտիվ պատճառներ ևս կան, օրինակ՝ Եվրոպայում իսկապես ձեթի դեֆիցիտ է: Բայց, կարծում եմ՝ որ մեզ պարենային ճգնաժամ՝ որպես այդպիսին, չի սպասում, բայց գների որոշակի բարձրացում կա ու լինելու է:

 Պարո՛ն Սարգսյան, ոմանք ստեղծված իրավիճակը նաև հնարավորություն են համարում հիմնականում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման համար՝ նշելով, որ ՌԴ-ից բազմաթիվ մասնագետներ են գալիս մեր երկիր: Դուք և՞ս տեսնում եք այդ հնարավորությունը:

– Դրական միտումներ ես տեսնում եմ, այսինքն՝ Ռուսաստանից Հայաստան եկած Այ Թի ոլորտի մասնագետները, որոնք ուզում են իրենց գործունեությունն այստեղ ծավալել, քանի որ մեզանում գործում են այս ոլորտի համար արտոնյալ պայմաններ:  

Եթե այդ հոսքը մեծ լինի, բնականաբար, չենք կարող բոլորին մայրաքաղաքում տեղավորել և պետք է օգտագործենք նաև մարզերի ռեսուրսները:

Այնուամենայնիվ, այս ներհոսքը դրական ազդակ է ծառայությունների և առևտրի ոլորտի համար, կարող ենք որոշակի աճ նկատել առաջիկա ամիսներին, ինչը կարող է որոշակիորեն կոմպենսացնել տնտեսական ոլորտի վնասները:

 Իսկ Հայաստանն ունի՞ այդ պոտենցիալը, որ այդ դրական ազդակները կարողանա իրացնել:

– Դա պետք է պետական մակարդակով մտածվի կոնկրետ միջոցառումների ծրագիր մշակվի: Եթե թողնեն այսպիսի քաոսային վիճակի, արդեն նկատում ենք, որ անշարժ գույքի շուկայում վարձակալության գները բարձրացել են, ինչը կարող է այդ անձանց վանել Հայաստանից:

Բայց եթե ամեն բան հստակեցվի ու դրան համապատասխան ծրագիր մշակվի, հնարավոր է ունենանք դրական տեղաշարժեր, ինչից կշահի այդ ոլորտը:

 Շուտով մեկնարկելու է գյուղատնտեսական տարվա սկիզբը, հաշվի առնելով այս իրավիճակը՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվենայս տարվա գյուղատնտեսական աշխատանքները, որպեսզի դրանք առավել արդյունավետ լինեն:

– Ռուս-ուկրաինական պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի պարենային ինքնաբավությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Առաջին անհրաժեշտության ապրանքների մասով գոնե պետք է փորձել, եթե ոչ ամբողջությամբ, բայց մեծ քանակով ապահովենք մեր ինքնաբավությունը: 

Նույն հացահատիկի մասով մենք ունենք հստակ խնդիր. պետք է պետական հստակ ծրագիր մշակել, գույքագրել այդ հողերը, թե Հայաստանի տարածքում որոնք են հացահատիկային մշակաբույսերի համար բարենպաստ, աջակցություն ցուցաբերվի, որ այդ հողերը բերվեն գործող վիճակի:

Պետք է գյուղացիներին աջակցել թե՛ արտոնյալ վարկերով, թե՛ պետական նպատակային սուբսիդիաներով, որպեսզի հնարավոր լինի իսկապես արդյունք ստանալ: 

Ոչ ճիշտ պլանավորման հետևանքով անցած տարի մենք ականատես եղանք մի իրավիճակի, երբ Հայաստանից կարտոֆիլը մեծ ծավալներով արտահանվեց, ինչը ներքին շուկայում հանգեցրեց բարձր գնաճի: Հնարավոր բոլոր դեպքերում նախ պետք է հաշվարկել ու հասկանալ ներքին պահանջարկը, դա ապահովել, նոր անցնել արտահանման: Պետք է գործի հստակ պետական պլանավորման համակարգ, որովհետև գործ ունենքպարենային անվտանգության հետ: Գյուղատնտեսությունը պետք է մեր երկրում դառնա առաջատար ճյուղերից մեկը: 

Արդեն այսօր կա թունաքիմիկատների խնդիր, որովհետև պատերազմի հետևանքով դրանց գներն են բավականին բարձրացել: Կառավարությունն այդ տարբերությունը պետք է սուբսիդավորի, որպեսզի գյուղացիներն այս մասով էլ խնդրի առաջ չկանգնեն ու դա հետագայում չբերի տվյալ մշակաբույսերի կամ մթերքների գնի բարձրացման ներքին շուկայում:

 Պարո՛ն Սարգսյան, իսկ որպեսզի սեզոնին ֆերմերները կամ գյուղացիները չկանգնեն արտահանման խնդրի առաջ, հիմիկվանից ի՞նչ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկի Կառավարությունը:

– Ռուսաստանը եղել է մեր թիվ մեկ արտահանման շուկան, և գնալով արտահանման ծավալներն ընդլայնվում էին: Եթե այս շուկան բացառենք ու դրա փոխարեն, ասենք՝ օգտագործենք ԵԱՏՄ շուկաները, իհարկե, այստեղ ևս արտահանում իրականացվում է, բայց կարող ենք արտահանվող ապրանքների ծավալների աննշան աճ ավելացնել, բայց այսօր գտնել Ռուսաստանին փոխարինող արտահանման շուկա՝ անիրատեսական եմ համարում: 

Եվրոպական միության երկրներ արտահանելու հետ կապված հնարավոր է խնդիրներ առաջանան, այսինքն՝ պետք է ապրանքների որակը փոխվի, չենք կարող Ռուսաստանի ստանդարտներով ԵՄ ապրանք արտահանել: Ուղղակի պետք է փորձենք հնարավորինս քիչ վնասներով դուրս գալ այս վիճակից, պետք է պետական աջակցության որոշակի ծրագրեր մշակվեն փոքր, միջին ձեռնարկատերերի համար, որոնք արտահանմամբ են զբաղվում, որպեսզի շատ չտուժեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am