«Տարիներ շարունակ Սևանի պատշաճ խնամք չի եղել». ինչո՞ւ է լիճը շուրջ 40-ամյա դադարից հետո դարձյալ «ծաղկել»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, ջրակենսաբան Գոռ Գևորգյանը

– Պարո՛ն Գևորգյան, այսօր, ինչպես 2018-ին, դարձյալ խոսվում, քննարկվում է Սևանա լճի կանաչելու մասին: Ի վերջո, ի՞նչն է խնդիրը, ինչո՞վ է պայմանավորված լճի կանաչելը:

– Սևանի կանաչելը Սևանում տեղի ունեցող գործընթացների, մասնավորապես, էվտրոֆացման (ճահճացման) գործընթացի դրսևորման ձև է, որն արտահայտվում է տաք ժամանակահատվածում: Այսինքն՝ հիմնական խնդիրը ոչ թե լճի «ծաղկումն» է, այլ էվտրոֆացումը, իսկ «ծաղկումը» դրա դրսևորումներից է, որը տեսնում ենք հիմնականում տաք ժամանակահատվածում:

Ցիանոբակտերիաների, որոնք հայտնի են կապտականաչ ջրիմուռներ անունով, «ծաղկման» առաջին և պարտադիր պայմանը կենսածին նյութերի առկայությունն է լճում: Այդ նյութերն էլ զարգացնում են ջրիմուռներին:

Հատկապես կարևոր գործոն են ջերմաստիճանը, ալիքային գործընթացները, արևային ճառագայթման ինտենսիվությունը։ Այսպիսով՝ երբ լճի ջուրը հարուստ է կենսածին նյութերով, ռադիացիոն ֆոնը բարձր է, ալիքներ էլ չկան, ստեղծվում է ցիանոբակտերիաների զարգացման համար իդեալական միջավայր։ Իսկ այս բոլոր գործոնները համադրվում են հենց ամռան ամիսներին։

Սևանի կանաչումը լճում տեղի ունեցող էվտրոֆացման գործընթացների կարճատև դրսևորման ձև է: Իրականում խնդիրը լճի էվտրոֆացումն է, և ոչ թե «ծաղկումը»:

Մարդիկ սովորաբար «ճահճացում» բառը լսում են, անմիջապես պատկերացնում են դասական ճահիճ: Բայց այդպես չէ, լիճը ճահիճ դառնալու համար հազարավոր տարիներ է հարկավոր:

– Այսինքն՝ ցիանոբակտերիաների զարգացման համար նպաստավոր պայմանը տաք եղանակն է, իսկ քամինե՞րը:

– Այո, որքան ջերմաստիճանը բարձր է, այնքան այդ ցիանոբակտերիաները, որոնք լճում առաջացնում են «ծաղկում», ավելի ակտիվ են զարգանում: Բացի այդ, ջերմաստիճանը բարձրանալու դեպքում լճում դրսևորվում է ջրի ջերմային շերտավորում, այսինքն՝ երբ լճի տարբեր խորություններ ունենում են տարբեր ջերմաստիճաններ, որի հետևանքով լճի շերտերը չեն խառնվում: Ու դա նույնպես դառնում է նպաստավոր միջավայր, որ ցիանոբակտերիաները կարողանան ուղղահայաց տատանման միջոցով բարձրանալ ջրի մակերևույթ: Այդ է պատճառը, որ կանաչ շերտը ծածկում է ամբողջ մակերևույթը:

Ինչ վերաբերում է քամիներին, երբ դրանք չկան, ջուրը հանդարտ է, որը նպաստում է ցիանոբակտերիաների զարգանալուն: Իսկ երբ քամու հետևանքով ալիքներ են լինում, որոնք թույլ չեն տալիս, որ ցիանոբակտերիաները արագ զարգանան:

– Պարո՛ն Գևորգյան, «Սևանի ծաղկում» արտահայտությունը Հայաստանում սկսեց շատ ակտիվ քննարկվել 2018-2019-ից սկսած: Մինչ այդ հանրությանն այդ երևույթը ծանոթ չէր: Նեղ մասնագետները գուցե գիտեին այդ մասին, բայց մարդիկ՝ ոչ: Ինչո՞ւ այսպես միանգամից գլուխ բարձրացրեց այս խնդիրը:

– Ճիշտ եք, այդ երևույթը հայտնի դարձավ 2018-ից, բայց Սևանա լճի համար դա նոր բան չէ: Սևանա լճում ցիանոբակտերիալ զանգվածային «ծաղկումներ» տեղի են ունեցել 1960-ական թվականներին, մասնավորապես, 1964-ին ու շարունակվել գրեթե մեկ տարի:

Ինչո՞ւ այսքան երկար ընդմիջումից հետո այս երևույթն ի հայտ եկավ: Երբ 2002-ից սկսեցին լճի մակարդակը բարձրացնել, որոշ ցուցանիշներով, թվում էր, լճում էկոլոգիական վիճակի բարելավում է տեղի ունենում: Բայց միաժամանակ լճում տեղի էր ունենում կենսածին նյութերի, հատկապես՝ ֆոսֆորի կուտակում:

Դրանց կուտակումը հասցրեց մի կետի, որ արդեն սկսեցին դրսևորվել այս «ծաղկումները»: Այնպես չէր, որ այդ երևույթը գլուխ բարձրացրեց 2018-ին, դա հետևանք էր առավել երկարատև գործընթացի: Երբ դիտարկում ենք լճում ազոտի ու ֆոսֆորի հարաբերակցությունը, ապա նկատում ենք, որ լիճն առավել հարուստ է ֆոսֆորով: Այս կենսածին նյութերն այնքան են կուտակվել, որ «ծաղկման» համար նպաստավոր միջավայր են ստեղծել:

– Ստացվում է՝ ժամանակին պատշաճ ուշադրություն չի դարձվել, և, ի հետևանք՝ 2018-ին Սևանը սկսել է «ծաղկե՞լ»:

– Իհարկե պատշաճ խնամք չի եղել: Կրկնում եմ՝ այս խնդիրը հենց 2018-ին ծագած խնդիր չէ, այն ծագել է ավելի երկար գործընթացի, այսինքն՝ աղտոտման հետևանքով:

– ԵՄ դրամաշնորհային ծրագրերով (EU4Sevan) պետք է Սևանի մաքրման ուղղությամբ միջոցառումներ իրականացվեին: Արդյոք տեսնո՞ւմ եք խնամք լճի նկատմամբ, որպեսզի նման երևույթներ տեղի չունենան լճում:

– Որքան ես եմ նկատում, լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներ են իրականացվում…

– Դե, դրանք միշտ են արվել…

– Այո՛, բայց դա, մեծ հաշվով, խոշոր խնդիրը չի լուծում: Ինչքան տեղյակ եմ, կան ծրագրեր բնակավայրերում կեղտաջրերի մաքրման կայանների բարելավման, ինչպես նաև կենսաբանական մաքրման կայանների տեղադրման ուղղությամբ: Բայց չգիտեմ՝ ինչքանով դրանք կիրականանան, տեսանելի կլինեն: Մինչ այժմ առարկայական որևէ բան իհարկե չի արվել:

– Շատ լավ, իսկ ինչի՞ կհանգեցնի ճահճացման գործընթացը:

– Վերջին հաշվով, էվտրոֆացումը հանգեցնում է ճահճի, բայց դրա մասին հիմա չեմ ուզում խոսել, որովհետև ասացի՝ դրա համար երկար-երկար տարիներ են պետք, եթե դա կանխող ոչինչ չարվի:

Մինչ ճահճացումը կա այլ ավելի լուրջ խնդիր՝ Սևանա լճի պիտանիության կորստի խնդիրը կարող է առաջանալ: Ի՞նչ է դա: Եթե այժմ Սևանա լիճը համարվում է որպես ռեկրեացիոն կամ որպես սննդի աղբյուր իր ձկնային պաշարներով, կամ նույնիսկ արտակարգ իրավիճակներում՝ խմելու ջրի պաշար, ապա «ծաղկման» հետևանքով կարող է կորցնել այս հատկությունները:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am