«Արայիկ Հարությունյանը խաբում է մեզ, մենք պետք է իզոլացնենք նրան». Տիգրան Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հասարակական-քաղաքական գործիչ, Արցախում ցույցերի կազմակերպիչ Տիգրան Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, վերջին օրերին Արցախում ինքնաբուխ ակցիաներ, նստացույցեր էին անցկացվում, դուք էլ առաջնորդում էիք հավաքը: Կներկայացնե՞ք՝ ինչ պահանջներ ունեք:

– Այս ակցիաները, ինչպես նաև նստացույցը, արդեն 45 օր է՝ անցկացվում է: Ի սկզբանե մենք պահանջում էինք փոփոխություններ կատարել ներքին քաղաքական կյանքում: Հետո երբ տեսանք՝ ինչ է կատարվում արտաքին քաղաքական կյանքում, մեր պարտքը համարեցինք մեր օրակարգում ավելացնել նաև արտաքին քաղաքական հարցերը: Օրինակ՝ Պրահայի հանդիպումները մեր մտահոգությունները մեծացրին, և մենք մեր բողոքի ակցիաներով պատասխաններ ենք պահանջում Արցախի իշխանություններից:

Մտահոգիչ է ոչ միայն Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը, այլ նաև Ալիևի հարցազրույցի որոշ դրվագներ: Մենք հստակ հարցեր ենք ուղղել իշխանություններին, բայց, ցավոք, Արայիկ Հարությունյանը էդպես էլ անտեսեց մեր պահանջը, և մեզ մոտ դուրս եկավ Արցախի Ազգային ժողովի նախագահը: Երբ մենք նրան փոխանցեցինք մեր պահանջը, հետո հայտարարվեց, որ հապճեպ գնում են բանակցեն Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիմա գտնվում են Երևանում: Ես այսօր խոսեցի Ազգային ժողովի նախագահի հետ, ասաց՝ Երևանում են, բայց հստակ տեղեկություն չկա՝ երբ է լինելու այդ հանդիպումը: Խոստացել է, որ գան Արցախ՝ պետք է ներկայացնեն՝ ինչ են խոսել Փաշինյանի հետ, ինչ պատասխաններ ունեն մեր մտահոգություններին:

– Այսինքն՝ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումների՞ց է կախված ձեր գործողությունների հետագա ընթացքը:

– Մենք Արայիկ Հարությունյանին ընդհանրապես չենք հավատում, նա բազմիցս խաբել է, ոչ միայն ինձ, այլև՝ հանրությանը: Երկու օր առաջ դուրս չեկավ ժողովրդին հանդիպեր, ասացին՝ պետությունից դուրս է, բայց պարզվել էր՝ Արցախում էր: Հուսով ենք՝ Արայիկ Հարությունյանի հետ Երևան մեկնած պատվիրակության անդամները կգան և բաց կներկայացնեն՝ ինչ է քննարկվել Երևանում:

– Ի՞նչ եք կարծում՝ Արայիկ Հարությունյանն ինչ-որ բա՞ն ունի թաքցնելու, որ չի հանդիպում ակցիաների մասնակիցների, հանրության հետ:

– Այո՛, լուրջ կասկածներ ունենք, որովհետև թաքուն պահեցին Բերձորի ու Աղավնոյի՝ ժամկետից շուտ հանձնելը ու էլի շատ իրավիճակներ: Բացի այդ, Ալիևն արդեն հայտարարում է, թե կոնտակտներ կան տեղի իշխանության ներկայացուցիչների հետ, և հույս հայտնում, որ հետագայում այլընտրանք չկա, քան որպես Ադրբեջանի քաղաքացի Արցախում ապրելը:

Սա մեզ մտահոգության տեղիք է տալիս: Շատ հնարավոր է՝ իսկապես այդ շփումը կա ադրբեջանցիների հետ, և մենք հիմք ունենք կասկածելու:

Այն քաղաքականությունը, որը վարվել է 2020 թվականից առ այսօր, փաստացի հիմնավորում է Ալիևի ասածները, որովհետև Ալիևը խոսում է ինտեգրացիայից, իսկ մենք այս տարիների ընթացքում ոչ քաղաքացիական, ոչ սահմանային պաշտպանության հարցում լուրջ չենք վերաբերվել:

Ներքին քաղաքականությունը նույնպես վարվում է Ալիևի պլանով՝ դեպի ինտեգրացիա: Սա մեզ համար անընդունելի է: Մենք իշխանությունների փոխարեն մեր ձայնը հասանելի ենք դարձնում Եվրոպա, ԱՄՆ: Դա որոշ չափով մեզ հաջողվում է, քանի որ մեր բողոքի ակցիաների մասին լուսանկարներն ու տեղեկությունները տարածվել են միջազգային մամուլում, եվրոպացի պատգամավորները օգտագործել ու հանրայնացրել են «Մենք Ադրբեջանի քաղաքացիներ չենք» կարգախոսով պաստառների լուսանկարները:

Մենք ստիպելու, ճնշելու ենք, որ ներքին քաղաքական կյանքում փոփոխություններ տեղի ունենան:

– Ասում եք՝ ինտեգրման քաղաքականություն է վարվում, այսինքն՝ գաղտնի բանակցություննե՞ր են վարվում ադրբեջանական կողմի հետ, ո՞ւմ միջոցով է դա արվում:

– Ես գիտեմ, որ Վիտալի Բալասանյանն է շատ ջերմ շփվում թուրքերի հետ: Ես չեմ ասում, որ բանակցություններ պետք չեն, միանշանակ պետք են: Բայց եկեք փաստենք, որ 2 տարվա մեջ այս իշխանությունը որևէ լավ բանի չի հասել. ցանկացած միջադեպ, ցանկացած իրողություն ի նպաստ Ադրբեջանի էր, ի վնաս Արցախի:

– Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, պահանջում եք Արայիկ Հարությունյանի հրաժարակա՞նը:

– Հրաժարական՝ չէ: Այս պահին մտածում ենք այնպես անել, որ պետական ինստիտուտը չքանդվի: Նա ուղղակի պետք է ինքնակամ հրաժարական տա, հեռանա: Քանի որ այսօր հնարավոր չէ ընտրություններ անցկացնել, մենք պետք է իզոլացնենք Արայիկ Հարությունյանին, այսինքն՝ ձեռքից վերցնենք լիազորությունները:

– Ինչպե՞ս

– Դրան հասնելու մի քանի մեխանիզմ կա: Մենք որ նստացույցը սկսում էինք, պահանջում էինք կադրային փոփոխություններ՝ նախագահի, պետնախարարի, ֆինանսների նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հրաժարական: Առաջին փուլով այդ պահանջներն էինք դրել:

– Օրինակ՝ պետնախարարի պաշտոնն արդեն առաջարկվել է Ռուբեն Վարդանյանին:

– Խնդիրն այն է, որ մենք համաձայն չենք, որ այդ նշանակումները Արայիկ Հարությունյանն անի: Արայիկ Հարությունյանը բարոյական իրավունք չուներ շարունակել երկրի ղեկավարումը 2020-ից հետո, այս պահի դրությամբ էլ զրո վստահություն ունի, կարելի է ասել՝ լեգիտիմություն չունեցող պաշտոնյա է: Իր բախտը բերում է նրանով, որ մենք գիտակից մարդիկ ենք, հասկանում ենք, որ այս պահին պետական ինստիտուտները չպետք է քանդել: Դրա համար պետք է մեխանիզմներ ստեղծենք, միգուցե կոմիտե, որը հետամուտ կլինի վարվող ներքին ու արտաքին քաղաքականությանը և սխալ քայլերի դեպքում նաև կկարողանա ճնշումներ գործադրել: Փոխզսպող մարմին: Բայց մինչ այդ պետք է ճնշենք, որ Արայիկ Հարությունյանը հանձնվի:

– Ձեր շարժումն ունի՞ աջակցություն Հայաստանից, որևէ քաղաքական ուժ աջակցո՞ւմ է ձեզ:

– Որևէ ուժ, որևէ մարդ մեզ չի աջակցում: Ամոթ էլ կլինի, որ ինչ-որ մեկը մեր հետևում կանգնած լինի: Մենք հասուն մարդիկ ենք, կոնկրետ ես Արցախում ծնված, մեծացած բժիշկ եմ, բոլորին ճանաչում եմ, ու գիտենք՝ ինչ ենք անում: Որևէ մեկից կախվածություն չունենք:

Հասմիկ Համաբարձումյան

MediaLab.am