«Արցախի հարցն այս փուլում պետք է սառեցվի եղած կարգավիճակում, ու Հայաստանը պետք է մնա գլխավոր բանակցողի դերում». Արամ Հարությունյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը

Պարո՛ն Հարությունյան, այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հանդիպումը։ Քննարկման մանրամասներին տիրապետո՞ւմ եք, ինչի՞ շուրջ են զրուցել։

– Հանդիպման մանրամասներին այս պահին չեմ տիրապետում, հետևաբար չեմ կարող ասել, թե ինչ են քննարկել։

– Իսկ Արցախում ի՞նչ իրավիճակ է, պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացվում, ու ակցիայի մասնակիցները հիմնականում իրենց դժգոհությունն են արտահայտում իշխանության գործողություններից։

– Իրականում, Արցախում անպատասխան հարցերը չափազանց շատ են, որոնք առաջացնում են տեղին մտահոգություններ։ Անվտանգության խորհրդի վերջին նիստում մենք փորձել ենք դրանք ամփոփել ու հանդես գալ համապատասխան հայտարարությամբ։

Հիմնական մտահոգությունները կապված են վերջին շրջանում արվող հայտարարությունների հետ։ Իհարկե մենք հայտարարել ենք, որ Արցախը պատրաստ է բանակցելու Ադրբեջանի հետ միայն այն դեպքում, երբ մենք լիարժեք ու լիիրավ բանակցային կողմ կլինենք, բայց մտահոգությունն այն է, որ ստեղծված իրավիճակում ու նաև եղած ուժային բալանսի պարագայում Ադրբեջանը, բնականաբար, հրաժարվելու է Արցախի հետ քաղաքական որևէ բանակցություն վարելուց։

Եթե նախորդ 30 տարվա ընթացքում չի հաջողվել Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնել, այն էլ այն պարագայում, երբ չկար նման ուժային բալանս, հիմա ամենամտահոգիչն այն է, թե Հայաստանի իշխանությունները ինչպես են պատկերացնում, որ պետք է ուղիղ բանակցություններ ընթանան Արցախի ու Ադրբեջանի միջև։

Մենք 1991 թվականից ունենք համապատասխան որոշում, որ Հայաստանը Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորն է ու լիազորված է Արցախի անունից բանակցել, այսինքն՝ հիմա ինչ-որ բա՞ն է փոխվում, թե՞ չէ: Այս բաց հարցերն են, որոնք մտահոգությունների տեղիք են տալիս։ Իմ կարծիքով՝ Արցախի հարցն այս փուլում պետք է սառեցվի եղած կարգավիճակում, ու բանակցությունները թողնվեն ապագային, բայց առանց հստակեցման, թե որ կողմն է բանակցելու, այսինքն՝ այս փուլում Հայաստանը պետք է մնա գլխավոր բանակցողի դերում։

Այդ բաց հարցերի պատասխաննե՞րն է Արայիկ Հարությունյանը փորձել գտնել այս հանդիպմանը։

– Կարծում եմ՝ այո՛, որովհետև Անվտանգության խորհրդի նիստից հետո էլ նախագահն ասաց, որ շատ մանրամասներ պետք է առանձնազրույցի ժամանակ քննարկվեն: Նաև վերջին շրջանում այդ բողոքի ակցիաներում էլ պահանջներից մեկն այն էր, որ այդ բաց հարցերի պատասխանը պետք է գտնել։

Տեղյա՞կ եք՝ արդյոք նախատեսվում է հանդիպում Արայիկ Հարությունյանի ու ցուցարարների միջև, երբ Հարությունյանը Արցախ վերադառնա։

– Նման տեղեկության չեմ տիրապետում։

Պարո՛ն Հարությունյան, իսկ Արցախի իշխանություններն ի՞նչ են պատրաստվում անել, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից մեկը հայտարարում է, որ Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո կորցրել է Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները ապահովելու ռեսուրսները։

– Ռեսուրսների առումով բոլորս ենք պատկերացնում, չէ՞, որ մեր թշնամին այսօր ուժեղ է, Թուրքիան ուղիղ ներգրավված է այս գործընթացի մեջ։ Բայց չեմ կարծում, թե բանակցել-չբանակցելու միակ ֆակտորն ուժային բալանսն է, որովհետև մենք ունենք նոյեմբերի 9-ի հայտարարություն, որի կողմերից մեկն էլ Հայաստանն է, ու փաստացի կա նաև ռուսական կողմի միջնորդությունը, որը պետք է երաշխավորի Արցախի անվտանգությունը։

Պետք է այդ գործիքակազմը օգտագործվի․ ուժային բալանսի այս փոփոխությունը չի նշանակում, որ մենք պետք է Ադրբեջանի բոլոր պահանջներին ու սադրանքներին ընդառաջենք։

Մինչև այս հայտարարությունը ՀՀ ձեր գործընկերները ձեզ ասե՞լ են, որ Հայաստանը կորցրել է Արցախին պաշտպանելու ռեսուրսները։

– Որոշակի առումով իհարկե տեղեկացված էինք, որ ուժային բալանսը չափազանց խախտված է, բայց խոսակցություններ չկային, որ դրա պատճառով Հայաստանը չի կարող Արցախին պաշտպանել, հակառակը՝ մեզ վստահեցրին, որ մինչև վերջ արցախահայության կողքին կանգնած են։

Պարո՛ն Հարությունյան, խոսակցություններ են շրջանառվում, որ Արցախում պատրաստվում են սահուն իշխանափոխության, որ Արայիկ Հարությունյանը իշխանությունը հանձնելու է Ռուբեն Վարդանյանին։ Նման մտադրություններ կա՞ն Արցախում։

– Արցախի Հանրապետությունը ունի ընտրված նախագահ, ու նախագահի փոփոխության հարց օրակարգում չկա։ Ռուբեն Վարդանյանը նախագահի կողմից առաջարկություն է ստացել զբաղեցնել պետնախարարի պաշտոնը, ինչին ինքը դեռ կպատասխանի։

Վերջին օրերին Արցախում բողոքի ակցիա կազմակերպած անձինք դժգոհում են, որ Արայիկ Հարությունյանը իրենց խաբում է։ Արցախի իշխանությունները լիարժեք տիրապետո՞ւմ են Արցախի վերաբերյալ ընթացող բանակցություններին ու որքանո՞վ են բոլոր մանրամասները հայտնում բնակչությանը։

– Տեղեկացված են այնքանով, ինչքանով մեզ տեղեկացնում են, և մենք Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ այդ կետին էլ անդրադարձանք, որ Հայաստանի վարչապետը նախագահին պարբերաբար տեղեկացնում է բանակցային գործընթացի մասին, ու նախագահը երբեմն իր անհամաձայնությունն է հայտնում այս կամ այն դիրքորոշման հետ կապված։

Այսինքն՝ նախագահը այն ինֆորմացիան, որը ստանում է, հայտնում է Արցախի քաղաքական ուժերին: Այս առումով Արցախում որևէ ինֆորմացիա թաքցնելու կարիք չկա, այն ինֆորմացիան, որը հաղորդվում է մեզ Հայաստանի իշխանության կողմից, մենք հայտնում ենք մեր ժողովրդին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am