«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է վերացնել բալային համակարգը, իսկ մասնագետները հակադարձում են՝ «եկեք վարորդականի քննությունն էլ վերացնենք»

«Հայաստան» խմբակցությունը և պատգամավոր Արամ Վարդևանյանը օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել, որով առաջարկում են վերացնել վարորդների բալային համակարգի տուգանային միավորները:

«Վիճակագրական տվյալները հիմնավորում են, որ նշված կարգավորումը դրական ազդեցություն ճանապարհային անվտանգության ոլորտում չի ունեցել: Ավելին՝ 2021 թվականի ընթացքում կայացվել են տուգանային միավոր նախատեսող 173189 որոշում: Այո՛, հենց 173189 որոշում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը՝ հիմնավորելով այս նախաձեռնության անհրաժեշտությունը:

«Ես հարցում էի ուղարկել ոստիկանության պետին՝ պարզելու, թե այս բալային համակարգը ներդրվելուց հետո ինչ դրական ազդեցություն է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության տեսանկյունից և ՃԵԿ կանոնների պահպանման տեսանկյունից: Պարզվեց, որ ոչ մի դրական ազդեցություն չի ունեցել», -«Մեդիալաբին» ասում է պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Պատգամավորի համոզմամբ, եթե ներդրված համակարգը դրական արդյունքներ չի տալիս, ապա վերածվում է վարորդների նկատմամբ պատժիչ գործիքի: «Իրավունքի ոլորտում կա շատ հայտնի սկզբունք՝ նույն արարքի համար չի կարող լինել կրկնակի պատասխանատվություն, մինչդեռ բալային համակարգի դեպքում տուգանային միավորների կիրառմամբ, զուգահեռ կիրառվում է նաև վարչական տուգանքը: Այսինքն՝ մարդիկ և բալեր են կորցնում, և գումար են վճարում խախտման համար: Չի կարող այդպես լինել», -խնդիրը ներկայացնում է պատգամավորը:

Ճանապարհային երթևեկության ոլորտում հայտնի փորձագետները, սակայն, հակադարձում են՝ պետք է կատարելագործել ոլորտը և ոչ թե աշխատող համակարգը վերացնել:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը «Մեդիալաբի» հետ զրույցում այդ փոփոխությունը նախաձեռնողներին հակադարձում է. «Դե եկեք վարորդական վկայականների քննությունը վերացնենք, որովհետև հիմա մեծ քանակի ստանում են: Ո՞ւմ են պետք քննություն պարապելն ու ստանալը, թող 18 տարեկան դարձած բոլոր մարդիկ ինքնըստինքյան վարորդական վկայական ստանան»:

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում կիրառվող տուգանային բալերի համակարգը, հիշեցնենք, ներդրվել և կիրառվում է 2020 թվականին հունվարի 1-ից: Ըստ այդմ՝ վարորդական վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացու մեկ տարվա ընթացքում տրամադրվում է 9 բալ, որոնք սպառելուց հետո վարորդը կարող է վեց ամսով կորցնել վարորդական իրավունքը։ Կախված վարչական իրավախախտման հանրային վնասակարության աստիճանից, քանակից, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ կամ նպաստող պայման հանդիսանալու հանգամանքից՝ կիրառվում են 0.5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորներ։ Ընդ որում, նախորդ տարվա միավորների մնացորդը չի փոխանցվում հաջորդ տարվա համար տրամադրվող 9 բալին:

Ըստ Քեյանի՝ ճիշտ է, ճանապարհային երթևեկության ոլորտը միայն բալային համակարգով չի կարգավորվում, բայց այդ քայլը զսպումների որոշակի մեխանիզմ է եղել վարորդների համար: Նա ասում է՝ այս ոլորտում արմատական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն մարդուն կրթելու միջոցով. «Ավելի լավ է այս համակարգը հանել-չհանելու նախագծի փոխարեն կրթական համակարգը բարելավեն, որպեսզի մենք երթևեկության մեջ ունենանք կրթված հասարակություն, կրթված վարորդ, ինչի արդյունքում կունենանք անվտանգ երթևեկություն»:

Առողջ դատողությամբ կրթված մարդը, ըստ Տիգրան Քեյանի, չի կարող երթևեկության մեջ սխալներ կատարող վարորդ կամ հետիոտն լինել: Նա հիշում է՝ տարիներ առաջ Հայաստանում մեքենա վարելիս ամրագոտին կապելը խորթ երևույթ էր, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ այնպես սովորեցին, որ հիմա ամրագոտին չկապելը նույնիսկ ամոթ է: Նրա խոսքով՝ պետք է ամրագոտին կապել ոչ թե տուգանք չմուծելու համար, այլ երթևեկության անվտանգության:

«Մենք տեսնում ենք, որ վրաերթերի մեծ մասը հետիոտների մեղքով է, իսկ պատիժը կրում է վարորդը: Հիմա բալային համակարգը փոխենք-չփոխենք, այդ հարցը լուծվելո՞ւ է, իհարկե՝ ո՛չ: Բալային համակարգը զուտ զսպող միջոց է օրենքը պահելու համար: Ոչ մի պատժամիջոց երթևեկությունը չի կարող կարգավորել»,- ասում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը:

Ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը ժամանակին բալային համակարգը ողջունողների շարքում չէր: «Այս համակարգը առաջին ծաղրողներից մեկը ես եմ եղել: Ասում էի՝ գաղափարը հրաշք է, բայց չաշխատող: Բայց հիմա կամաց-կամաց սկսում է աշխատել»,- «Մեդիալաբին» ասում է Խաչատուրովը:

Երթևեկության մեջ անկախ բալային կամ այլ համակարգի կիրառումից, ըստ փորձագետի, բարեխիղճ վարորդը շարունակում է բարեխիղճ մնալ: Սակայն բալային համակարգի շրջանակներում վերահսկողությունն այնքան թույլ է, կամ օրենսդրական կարգավորումները այնքան կատարելագործված չեն, որ միևնույն է՝ անբարեխիղճ վարորդը շրջանցում է պատիժը:

«Կան անբարեխիղճ, պարբերաբար խախտումներ կատարող վարորդներ, որոնք հետևողական չեն, չեն հետևում իրենց խախտումներին ու մի օր կանգնում են սպառված բալեր ունենալու փաստի առաջ: Իսկ կան անբարեխիղճ վարորդներ, որոնք երբ տեսնում են, որ բալերը սպառվում են, վերցնում են կնոջը կամ որևէ հարազատին կցում որպես շահագործող, և բալերն ավելանում են: Այս խումբը պատժից ճողոպրում է»,- ներկայացնում է փորձագետը:

Նախկինում, երբ վարորդը վեց ամսով զրկվում էր մեքենա վարելու իրավունքից, կարողանում էր շրջանցել արգելքը ու վերահսկողների աչքից հեռու վարել մեքենան: Սակայն բալային համակարգի առկայության պայմաններում, ըստ Խաչատուրովի, ճանապարհային պարեկների օգնությամբ հնարավոր է խախտումներ հայտնաբերել: «Հիմա ես առաջարկում եմ քննարկել ու կատարելագործել բալային համակարգը և ոչ թե վերացնել: Լավ համակարգ է ներդրվել, բայց վատ աշխատող է: Պետք է մտածել այն վերանորոգելու մասին: Գործող կարգի պայմաններում համակարգը խաբելու շատ ու տարբեր ձևեր կան, պետք է մտածել սողանցքները փակելու մասին, որ շուստրի անբարեխիղճները չկարողանան համակարգը խաբել»,- նշում է Խաչատուրովը:

Օրենսդրական նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կքննարկվի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am