«Երբ գործ կանի ժողովուրդը, այդ ժամանակ կգնահատենք ու կորոշենք՝ կմիանա՞նք, թե՞ չենք միանա». Լեւոն Տեր-Պետրոսյան

Սկիզբ առած շարժումը Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել, ժողովուրդն է նախաձեռնել: Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելով` ասել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ՀՀՇ արտահերթ համագումարի ժամանակ:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի բազմահազարանոց հանրահավաքների, նախաձեռնությունների մասին խոսելով, Լեւոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես ասել է.

«Րաֆֆի Հովհաննիսյանը չի նախաձեռնել, ժողովուրդն է նախաձեռնել, որը իր բողոքն է արտահայտում այս անօրինականությունների դեմ»,-ըստ 168.am-ի ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Իսկ այն հարցին, թե արդյոք կմիանա՞ք նա սկիզբ առած բողոքի ալիքին, Տեր-Պետրոսյանը նշել է.

«Ես միշտ գործին միացող եմ: Առայժմ ժողովուրդը գործ արե՞լ է: Ժողովուրդը եկել է հրապարակ և այս իշխանությունների դեմ բողոքում է: Այս բողոքավորները դեռևս, սակայն, գործ չեն արել: Երբ գործ կանի ժողովուրդը, այդ ժամանակ կգնահատենք ու կորոշենք՝ կմիանա՞նք, թե՞ չենք միանա»,-ըստ աղբյուրի, ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

© Medialab.am