«Մեզ վրա ոչ մեկը չի կարող ազդել, մեզ ոչ մեկը չի կարող կանգնեցնել»՝ Ալիևն առաջնորդվում է այս տրամաբանությամբ. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Սոթքի ուղղությամբ հրադադարի խախտմամբ ադրբեջանական կողմն ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Դեռ վաշինգտոնյան բանակցությունների ընթացքում կանխատեսել էի, որ Ադրբեջանը գնալու է նոր էսկալացիաների։ Պատճառները մի քանիսն են, կարող ենք հերթով թվել, բայց պետք է կոնցեպտուալ հասկանալ Ադրբեջանի քաղաքականությունը, ընդ որում՝ իրենք շատ պարզ են խոսում իրենց նպատակների ու քաղաքականության մասին։ 

Օկուպացված Շուշիից Ալիևի հատկապես վերջին երկու ելույթն այն մասին էր, որ, այո՛, իրենք բանակցում են ու սեղանին դնում են իրենց պահանջները, բայց միևնույն է՝ իրենց համար կարևորագույնը հողի վրա իրողություն փոխելն է ու ստիպել ուրիշներին հաշվի նստել դրա հետ։ Օրինակ՝ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված երեկվա ելույթում Ալիևը հստակ ասել է. «Մեզ վրա ոչ մեկը չի կարող ազդել, մեզ ոչ մեկը չի կարող կանգնեցնել»: 

Այդ երկրում գործում է այս տրամաբանությունը, ու իրենք մտածում են, որ 

անպատիժ են, որ կարող են անտեսել թե՛ դատարանի վճիռներ, թե՛ տարբեր կոչեր ու փորձել նոր իրավիճակ ստեղծել, հետո կգնան բանակցային սեղանի շուրջ, արդեն նոր իրողությունների հիման վրա նոր պայմաններ կդնեն։ Գործընթացի ամբողջ տրամաբանությունը այս է, որը Ալիևը որդեգրել է։ 

Սոթքում տեղի ունեցածը ևս այս տրամաբանության մեջ է տեղավորվում։ Հայաստանի իշխանություններն արդեն պարզ խոստովանում են, չէ՞, որ պատրաստ են Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, դե Ադրբեջանն էլ մտածում է, թե ինչո՛ւ չփորձել ավելիին հասնել ու, նոր իրողություններ ստեղծելով գետնի վրա՝ արդեն նոր պահանջներ ներկայացնել։ Եթե նախկինում Ալիևը միշտ ասում էր՝ «Ղարաբաղ ու Արևելյան Զանգեզուր», հիմա ասում է՝ «մենք ազատագրել ենք Ղարաբաղն ու Զանգեզուրը»: 

Առաջին հայացքից կարող ենք ասել, թե անիմաստ ինչ-որ բաներ է խոսում, բայց այդպես չէ։ Նա իր ժողովրդի գիտակցության մեջ է հստակ մտցնում Սյունիքի դեմ հնարավոր գործողություններ ու փորձում է Սյունիքը ներկայացնել իբրև ադրբեջանական տարածք, որի հետ կապված իրենք դեռ գործողություններ պետք է ձեռնարկեն։ 

– Իսկ ինչո՞ւ հրադադարը խախտվեց Սոթքում, եթե հաջորդ թիրախը Սյունիքն է, ոսկու հանքի հետ կապված ինչ-որ պլաննե՞ր ունի Ադրբեջանը։

– Կարող ենք տարբեր պատճառներ դիտարկել, կարող է հանքի հետ կապված լինել, շրջանի հետ, բայց պետք է այդ տրամաբանության մեջ դիտենք, այսինքն՝ այսօր այս ուղղությամբ կլարեն իրադրությունը, վաղը՝ մյուս, բայց այդ ամենից իրենց նպատակները չեն փոխվում։ 

Նույն 2022 թվականի սեպտեմբերին իրենց գործողությունների գլխավոր ուղղություններից մեկը Ջերմուկն էր, ու հետո արդեն շատ վերլուծաբաններ ցույց տվեցին, որ այդ հատվածում իրենք փոքր արանք են թողել, որ հնարավորության դեպքում ճեղքեն այդ արանքը ու այդ հատվածը կտրեն Հայաստանի հիմնական մասից։ Այսինքն՝ ադրբեջանական գործողություններին պետք է նայել ստրատեգիական հարթության մեջ։ 

– Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Քոնիայի 3-րդ գլխավոր ռեակտիվ բազայի հրամանատարությունում մայիսի 2-12-ն անցկացվող «Անատոլիական արծիվ-2023» ուսումնական զորավարժության ժամանակ, որին մասնակցել են Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Կատարի, Պակիստանի և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ՌՕՈՒ և ՌԾՈՒ ստորաբաժանումներ, հայտարարել է, թե «Ադրբեջանը և Թուրքիան մեկ և միասնական խաղաղության ձեռք մեկնեցին Հայաստանին։ Դեռևս սպասում ենք, որ այս խաղաղության ձեռքը սեղմվի»։

– Ի դեպ ասեմ, որ դրան զուգահեռ իրենք Կարսում կազմակերպել էին նաև «Հեյդար Ալիև-2023» զորավարժությունները։ Այսինքն՝ մի քանի ուղղություններով զորավարժություններ են կազմակերպում ու խոսում են մեկնած խաղաղության ձեռքի մասին։ 

Ընդամենը երկու օր առաջ էլ Չավուշօղլուն ասում է, որ «Թյուրքական ուղին անցնում է Թյուրքական պետությունների կազմակերպության, Ղարաբաղի ու Զանգեզուրի միջով», այսինքն՝ ո՞րն է այդ խաղաղության ձեռքը, որ մենք մեր երկրից, արժանապատվությունից հրաժարվե՞նք։ Իհարկե, առանց մեզ շատ լավ խաղաղություն կլինի տարածաշրջանում, չենք լինի մենք, չեն լինի իրենց խնդիրները։

– Տիկի՛ն Հայրապետյան, ի՞նչ սպասել երկու երկրների ղեկավարների բանակցություններից։

– Ըստ էության, շարունակելու են այն քննարկումները, որոնք սկսվել են Վաշինգտոնում, նույն տրամաբանության մեջ, ուղղակի հայկական կողմը պետք է հստակ հասնի նրան, ինչի մասին այսօր գործադիրի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ուժի, ուժի սպառնալիքի դրույթի ամրագրմանը, ամեն հանդիպում պետք է ավարտվի այդ դրույթի ամրագրմամբ, և բոլոր միջնորդները պետք է երաշխավորեն այդ դրույթի իրագործումը։ 

– Ասացիք՝ Հայաստանի իշխանությունը պարզ ասում է, որ համաձայն է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն, այդ դեպքում ինչո՞ւ չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը։

– Որովհետև Ադրբեջանը չի պատրաստվում բավարարվել ԼՂ-ով, Ալիևը պարզ ասում է՝ Ղարաբաղ և Զանգեզուր։

– Իսկ միջնորդ կողմերը, ըստ ձեզ՝ համաձա՞յն են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պարագայում, առանց Սյունիքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումների, կնքվի այդ պայմանագիրը։

– Տպավորություն ունեմ, որ առնվազն այդ ուղղությամբ է գնում գործընթացը, բայց դա հակամարտության ամբողջական խեղաթյուրում է, այսինքն՝ սա շատ անազնիվ մոտեցում է, որովհետև հստակ գիտակցելով Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, հայատյաց քաղաքականությունը, լուրջ ռիսկերը, որ կան հայ բնակչության համար, գնալ այդ բովանդակությամբ քննարկման՝ առանց Արցախի բնակչության համար անվտանգության լուրջ երաշխիքների, ուղղակի արկածախնդրություն է, իհարկե։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am