«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը
– Տիկի՛ն Ալեքսանյան, մի քանի օր է քննարկվում է, որ Հանրային հեռուստաընկերությունն այդպես էլ անդրադարձ չկատարեց Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և նրա ձայնային ուղերձին: Սոցիալական ցանցերում քննարկվում էր, որ հանրության հարկերի հաշվին գործող հեռուստաընկերությունը չի իրազեկում մարդկանց տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչը և պետք է անի: Ինչու՞:
– Այդ չլուսաբանելը համարում եմ անմարդկային դրսևորում, այսպիսի ցնցող իրադարձությունն անարձագանք թողնելը, անտեսելն ուղղակի անթույլատրելի է: Հանրային հեռուստաընկերությունը, որը հեռարձակվում է Հայաստանի ողջ տարածքում, անհրաժեշտ էր դրանով լսելի դարձներ Ռուբեն Վարդանյանի վիճակի մասին տեղեկությունը: Սեր և ուժ էր նա փոխանցում մեզ, իսկ ինչո՞ւ մարդիկ չպետք լսեին իրենց հայրենակցի, Հայաստանի համար մտահոգ մարդու խոսքը: Որևէ պատվեր չի կարող գերազանցել այս իրավիճակը, պատվիրատուն էլ, պարզ է, որ Փաշինյանն է, նա թույլ չի տա երբեք, որ նման խոսք գնա:
Հանրայինը իշխանության ստրկության մեջ է գտնվում, միշտ էլ այդպես է եղել, կատարել է իշխանության պատվերը, չնայած հարկատուներիս հաշվին գոյություն ունի: Սա ուղղակի եզակի դեպք է, ստրկորեն հետևել Նիկոլ Փաշինյանին, իսկ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, հայտարարությունները հակամարդկային են ու ոչ մի ձևով չեն նպաստում Հայաստանի քաղաքացիների ո՛չ կեցությանը, ո՛չ տրամադրությանը: Հանրայինը, որը հետևում է, թե ի՛նչ կասի Նիկոլ Փաշինյանը, որ ինքն էլ անի, ուղղակի անբարո է:
– Իսկ հանրությունն ի՞նչ պետք է անի այս պարագայում, երբ իր վճարած հարկերով աշխատող հեռուստաընկերությունից չի ստանում ամբողջական տեղեկատվություն:
– Առնվազն պետք է անհանդուրժողականության, ընդվզման ակցիաներ անի, բայց մենք ընդամենը սոցիալական ցանցում մի լրագրողի գրառում տեսանք ու վերջ: Պետք է ընդվզել Հանրայինի վարքի դեմ, սա ի՞նչ բան է, ո՞ւմ համար եք դուք աշխատում, գնացեք Նիկոլ Փաշինյանի անձնական ալիքը բացեք ու այնտեղ աշխատեք, եթե այդքան ուզում եք ծառայել, ընդ որում՝ ծառայել անգիտակցաբար ու ստրկաբար:
– Որ ասում եք՝ Հանրայինը մշտապես եղել է օրվա իշխանությունների ենթական, ինչո՞ւ այդ դեպքում այս տարիների ընթացքում չի եղել այդ ընդվզումը:
– Նիկոլ Փաշինյանը երբ կեղծ հեղափոխական խոստումներով գալիս էր իշխանության, մենք հավատացինք, որ ինչ-որ բան կփոխվի, բայց պարզվեց, որ ստում էր: Չեմ կարող ասել, թե ինչո՛ւ չեն լինում այդ ընդվզումները: Կոնկրետ այս դեպքը պետք է մեծ ընդվզում առաջացներ այս անտարբերության դեմ, իշխանության այս բացահայտ լկտի վարքագծի դեմ:
Ասում է՝ ես չեմ կարող պետական հետաքրքրությունները թողնել, իբր պետական գործով է զբաղված, էլի, ու զբաղվել մեկ մարդու շահերով, նախ՝ Բաքվի բանտերում միայն Ռուբեն Վարդանյանը չէ, շատ են այնտեղ մարդիկ: Իսկ ի՞նչ ես արել դու ընդհանրապես այդ մարդկանց համար՝ բացի ադրբեջանական կողմին ծառայություններ մատուցելուց, ի՞նչ ես դու անում մարդկանց համար: Կրկնում եմ՝ նա թշնամաբար է լցված Հայաստանի, նրա ժողովրդի նկատմամբ, նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս:
– Ռազմագերիների մասով նշում են, թե բացահայտ քայլեր չեն անում, որպեսզի ավելի չծանրացնեն այդ մարդկանց վիճակն այնտեղ: Արժանահավատ չե՞ք համարում այս բացատրությունը, տիկի՛ն Ալեքսանյան:
– Իհարկե ոչ, դա բացահայտ սուտ է: Բոլոր կարմիր գծերը հատված են, մարդը խոշտանգված դեմքով է ներկայանում այդ շիծու դատական նիստերի, ի՞նչն այլևս պետք է վնասի նրան, մի քանի քայլ, ու նա կմոտենա անդառնալիին, ինչի՞ մասին է խոսքը: Հրապարակային խոսելը պաշտպանություն է, այդ տգետ Ալեն Սիմոնյանն ու մյուսները ուղղակի թքած ունեն այդ մարդկանց վրա, նա անգամ «Արցախ» բառը չի կարողանում ասել, կամավորագրված ստրուկ Ադրբեջանին՝ այսպես կասեմ նրա հայտարարությունների վերաբերյալ:
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը հայտարարել է բազմաթիվ ուղիներ, որով պետական մակարդակով կարող են աջակցել այդ մարդուն: Բաներ կան, որ պետությունը պետք է անի, հանրությունը չի կարող դա անել, բայց նույնիսկ այս թեթև ընդվզումներն իրենց արդյունքը տվեցին, երբ Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելեց գերիներին, դե պատկերացրեք, եթե պետական մակարդակով մի բան արվեր, բայց ոչինչ չի արվում, իսկ այդ «մի վնասիր»-ը պետք է ամենասկզբում մտածվեր, որտեղից հանձնում էին:
Այս իշխանությունը ոչնչով չի օգնել այդ մարդկանց, որ չհայտնվեին գերության մեջ, իսկ հիմա ասում են՝ թող չհանձնվեին, դա ամենաանբարոյական արտահայտությունն է, որ անում է Անդրանիկ Քոչարյանը: Մարտի 1-ը երբ տեղի ունեցավ, մի երգչուհի կար՝ Նունե Եսայան, ասում էր՝ թող միտինգ չգնային, չսպանվեին, նույն տրամաբանությունն է: Եթե ռուսներն են հանձնել այդ մարդկանց, ինչպես ասում են, ապա թող այս իշխանությունը ռուսներից պահանջի միջամտություն, բա ինչո՞ւ չեն պահանջում, ամենալավը դուք գիտեք՝ ինչ է տեղի ունեցել:
– Ինչո՞ւ չեն արվում այդ քայլերը:
– Որովհետև պաշտպանում են ադրբեջանական շահերը, մենք տեսնում ենք, որ այդ խաղաղության պայմանագրին հասնելու համար իրենք կատարում են Ադրբեջանի ցանկացած պահանջ: Ես չգիտեմ, թե ինչ է տալու այդ թուղթը Փաշինյանին, երբ ինքն այնքան է վարկաբեկվել, որ ոչինչ չի կարող փրկել նրան, հանուն դրա ընդունել այսպիսի ժխտողական կեցվածք՝ Ցեղասպանության, Արարատ լեռան ու բազմաթիվ այլ հարցերի նկատմամբ, ես բացատրություն չեմ գտնում:
Ադրբեջանն էլ ի պատասխան այս ամենի նորանոր պահանջներ է առաջ բերում, հաջորդը կլինի՝ պետք է Հայաստանը հանձնես, որ խաղաղություն տանք: Մարդիկ երազում են, որ այլևս չտեսնեն սրանց, ոչ միայն չտեսնեն, այլ նաև չլսեն սրանց մասին, ուղղակի այս անբարոյական միջավայրը, որը կա, թույլ չի տալիս մարդկանց միավորվել, իսկ այս մթնոլորտը ստեղծել են այս իշխանությունները:
– Տիկի՛ն Ալեքսանյան, ստացվում է, որ այդ մթնոլորտն իշխանությունը միտումնավո՞ր է ստեղծել:
– Չեմ կարող այդպես ասել, սա իրենց վարքագիծն է՝ իրադարձություններին անադեկվատ արձագանքը: Մթնոլորտը ստեղծվում է վարքագծով, պահվածքով, դիտավորյալ չեն կարող ստեղծել: Պատերազմի ժամանակ գերիների մասին ի՛նչ էր ասում Ալեն Սիմոնյանը, մարդ չէր համարում նրանց, ովքեր գերի էին ընկել, այսինքն՝ այդ ամենը կուտակվում է, երբ դու քո հայտարարությունները, վարքը չես փոխում: Մթնոլորտը ստեղծվում է նրանց վարքով, այս տարիների ընթացքում նրանք կարողացան ձևավորել այս մթնոլորտը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am