Վանաձորցի Ռաֆիկ պապը սմքած մատներով վերցնում է չորացած փայտի երկու կտոր, դնում վառարանի մեջ ու փորձում վառել այն: Կրակը կամաց-կամաց թափ է առնում, լուսավորում վառարանի խորքերն, ու փայտն սկսում է ուրախ ճռթճռթալ:
Երկու սենյականոց բնակարանում 67-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանի սիրած անկյունը վառարանի կողքին է. վառարանը վառում է ու, նստելով տաքուկ անկյունում, թերթ կարդում:
Հովհաննիսյան ամուսինների ամսական եկամուտը 44.000 դրամ թոշակն է, որը լիովին չի բավականացնում կոմունալ վճարումներին և պարզ սննդին:
«Մի ձեռքով ստանում ենք, մյուսով` հետ տալիս»,- ասում է Ռաֆիկ Հովհաննիսյանը:
Անցյալի գիրկն անցնելուն, այսինքն` փայտի վառարանին, թոշակառուները շատ ընտանիքների նման անցում կատարեցին գազի վերջին թանկացումից հետո, երբ հասկացան, որ ամսական եկամուտն ու ծախսերն անհամապատասխան են:
2010-ի ապրիլից 1 խմ գազի գինը 96 դրամից դարձավ 136 դրամ:
«Եթե 136 դրամով գազ վառեինք, արդեն սովամահ եղած կլինեինք, ուրիշ ճար չունեինք»,- ասում է Հովհաննիսյանը` ժամանակ առ ժամանակ փայտերը մեկիկ-մեկիկ վառարանը նետելով:
Մինչև փայտ վառելը ամուսիններն ամսական միջինը 16.000 դրամ գազի վարձ էին վճարում, այժմ այդ թիվը հասել է ամսական 25.000 դրամի:
«Հիմա ողջ ձմեռվա համար 4 խմ փայտ եմ գնել, 1 խմ-ը` 12.000-ով, հա´մ էժան է, հա´մ էլ տունն է լավ տաքանում»,- ավելացնում է Ռաֆիկ պապը:
Վանաձորի կենտրոնական թաղամասում ապրող Անդրեասյանների համար ևս գազը «անհասանելի» է դարձել:
«Անցյալ տարի ոսկեղենս եմ գրավ դրել, որ վառած գազի վճարները մուծեմ, մինչև հիմա էլ փակում եմ»,- գազի թանկացման դեմ է բողոքում Վանաձորի բնակչուհի Անուշ Անդրեասյանը:
Նա ասում է, որ տունը տաքացնելու համար ամսական առնվազն 20.000 դրամի գազ էին վառում:
«Թանկացման մասին էլ չեմ էլ մտածում, որովհետև մեր կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում, չեն մտածում, թե էս ժողովուրդը ոնց է ապրում, հազիվ հացի խնդիր ենք լուծում, ոչ մի բան ավելի»,- սրտնեղում է 16 տարվա մանկավարժը:
Երիտասարդ մոր համար նախընտրելի է իր երկու փոքր երեխաներին փայտով տաքացնելը, քան հետո դեղի համար փող տալը:
«Ի՞նչ անենք,-ասում է Անուշը,- ուրիշ ելք չունենք»:
Վանաձորցիներն ասում են, որ եթե այսպես շարունակվի, կամ բոլորը կսկսեն համատարած փայտ վառել, կամ էլ կհայտնվեն անելանելի վիճակում:
«Հին ժամանակներն են վերադարձել, առաջ շարժվելու տեղ չկա, նույն սելը, նույն ճռռոցը: Էս խեղճ ժողովրդին ոնց որ զոռով ասեն` թող-գնա ստեղից, էլ ճար չկա, զոռով հայաթափ են անում Հայաստանը»,- անմխիթար պայմանների հետևանքների մասին է խորհում Ռաֆիկ Հովհաննիսյանը:
«Կամաց-կամաց հետ ենք գնում, առաջ գնալու հույս չկա»,- կարծում է 37-ամյա Լեյլի Գրիգորյանը, որի չորս հոգանոց ընտանիքն էլ է սկսել փայտով տաքացնել տունը:
«Գազն ավելի մաքուր է, չարչարանք չկա, բայց որ մտածում ես՝ ոնց ես հետո վճարելու, էլ երկար-բարակ մտածելու ժամանակ չի լինում»,- ասում է նա:
Գազի սպառման նվազման մասին է վկայում նաև վիճակագրությունը:
Ըստ «Հայռուսգազարդ» ընկերության` «Մեդիալաբին» տրամադրած տեղեկության՝ 2010 թ. առաջին ինն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, բնակչության կողմից գազի սպառումը կրճատվել է 15,3 տոկոսով:
2010-ին լոռեցիներն էլ են քիչ գազ սպառել, քան նախորդ տարի:
Լոռեցիների բողոքներն ու գազից հրաժարվելը հաստատում են նաև «Հայռուսգազարդի» Լոռու գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղում. այս տարի սպառողների օգտագործած գազը կիսով չափ նվազել է:
Լոռու մասնաճյուղի տնօրեն Վարդան Բաղդասարյանը գազի սպառման նվազումը երկու գործոնով է պայմանավորում:
«Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղանակը համեմատաբար տաք էր, բնական է, որ տաք եղանակին բնակիչը քիչ է գազ սպառում»,- ասում է նա:
Երկրորդ պատճառը, ըստ նրա, գազի թանկացումն է:
«Գազի թանկացման հետ բնակիչն սկսում է խնայողաբար օգտագործել: Իսկ եթե մի ընտանիք ունի փողի խնդիր, ու փայտն ավելի էժան վառելիք է, քան գազը, բնական է, նա պետք է փայտով տաքանա, չնայած այստեղ էլ ապօրինի ծառահատումների խնդիր է առաջանում»,- մտահոգություն է հայտնում Բաղդասարյանը:
Վանաձորի բնակիչներն ասում են, որ ստեղծված իրավիճակում ուրիշ ելք չունեն. կամ պիտի սառչեն, կամ էլ գազին ավելի մատչելի այլընտրանք փնտրեն:
«Եթե գոնե ձմռան ամիսներին գազն էժանացնեն, մարդիկ կնախընտրեն գազով տաքանալ, քան ծառ կտրել»,- փայտ չվառելու ելքն է ցույց տալիս Անուշ Անդրեասյանը:
Անուշ Բուլղադարյան
Վանաձոր
© Medialab.am