Գույքահարկի հետ կապված ամեն ինչ արվելու է, որ քաղաքացիները հեշտ տանեն անցումը․ Ծովինար Վարդանյան

«Մեդիալաբի» հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանի հետ

– Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ է առաջարկում, որոնցով գույքահարկի նոր դրույքաչափեր են սահմանվում։ Իշխանությունների ընդդիմախոսները մտահոգություններ ունեն և պնդում են, որ սա հակասոցիալական նախաձեռնություն է։ Դուք ինչպե՞ս եք դա մեկնաբանում։

– Առաջին հայացքից կարող են մտահոգություններ լինել, բայց եթե խորն եք նայում, դրանք գրեթե չկան։ Նայեք՝ նախորդ տարի մենք ընդունեցինք կադաստրի ոլորտին վերաբերող մի նախագիծ, որի համաձայն անշարժ գույքի կադաստրային արժեքը մոտարկվեց շուկայական արժեքին։

Հիմա Հարկային օրենսգրքում կատարված այդ փոփոխություններով դրույքաչափերը չեն փոխվում, նույնն են մնացել, բայց քանի որ կադաստրային արժեքը մոտարկվել էր շուկայական արժեքին, ավտոմատ գույքահարկի արժեքը բարձրացվել է։

Ներկայացված օրինագծով գույքահարկի սահմանաչափերի փոփոխություն է եղել, այսինքն՝ եթե գործող օրենքով կա չհարկվող շեմ՝ մինչև 3 մլն դրամ արժեք ունեցող գույքի համար, ապա կատարված փոփոխություններով այդ շեմն այլևս չկա։

Բայց զուտ տրամաբանությամբ Երևան քաղաքում 3 միլիոնանոց գույք հազիվ թե լինի։ Այս փոփոխությունը կարևորվում է զուտ մոտեցման մասով՝ յուրաքանչյուր քաղաքացի այս դեպքում իր չափաբաժնով մասնակից է լինում համայնքի զարգացմանը։ 

Կարևոր է նաև այն, որ կառավարությունը քաղաքացուն հնարավորություն է տալիս աստիճանաբար վճարումներ կատարել՝ անցումը հնարավորինս մեղմելու համար։

Ինձ վրա օրինակ բերեմ՝ եթե իմ գույքահարկը կազմում է X գումար, ապա ես առաջին տարին վճարում եմ այդ հարկի 25 տոկոսը, երկրորդ տարին՝ 50, երրորդ տարին՝ 70 և չորրորդ տարում միայն ես կվճարեմ գույքահարկի 100 տոկոսը։

Ես հիմնականում մտահոգություններ եմ լսել այն մարդկանցից, որոնք անշարժ գույք են ստացել, ասենք՝ Երևանի կենտրոնում որպես ժառանգություն։ Օրինակ՝ իմ տատի տունը ժառանգություն է ստացել իմ թոշակառու մորաքույրը, որն ապրում է այնտեղ, բայց արդար է, չէ՞, որ գույքի համար գույքահարկ վճարես։

Ի վերջո, դա թանկ գույք է։ Այստեղ կարելի է քննարկել մոտեցումները՝ կարող են ժառանգները իրենց վրա վերցնել այդ հարկի վճարումը ու իրենք հոգսերը հոգան, իսկ միայնակ անձի դեպքում, չգիտեմ, գուցե տարբերակներ քննարկվեն։ Շատ զգայուն թեմա է, պետք է քննարկել։

– Այսինքն՝ հնարավո՞ր են փոփոխություններ, որ միայնակ ապրող անձինք չհայտնվեն այդ հարկի տիրույթում։

– Օրինագիծը արդեն շրջանառվում է Ազգային ժողովում, բայց քննարկումներ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դեռ չկան։ Միայն պատգամավորներով մեր մեջ քննարկում ենք՝ հասկանալու համար՝ եթե կան լուծումներ, փորձենք հասկանալ։

Մի կարևոր հանգամանք էլ եմ ուզում նշել՝ երբ Հայաստանում եկամտային հարկի համահարթեցում արեցինք, այդ ժամանակ արդեն հայտարարվում էր, որ հարկային քաղաքականության տրամաբանությունը լինելու է ոչ թե եկամուտը հարկելը, այլ մարդու գույք/ծախսը հարկելը։

Եվ հենց այսպես էր արտահայտվելու սոցիալական արդարության բաղադրիչը։ Կարող եմ ասել, որ քննարկումներ անպայման լինելու են, և ընթացքում ամեն ինչ պարզ կլինի։

– Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններից «Լուսավոր Հայաստանն» արդեն հայտարարել է, որ ճգնաժամի պայմաններում կառավարությունը խորհրդարան է ներկայացնում «հարկերն ավելացնելու մասին օրինագիծ»։ Ի՞նչ է սա նշանակում, իսկապե՞ս հարկերն ավելացնելու մասին օրինագիծ է։

– Որ ասեմ մանիպուլացիա, կարծես ընդդիմությունը վատ է զգում այդ բառից։ Բայց երբեմն դա բնորոշում է վարքագիծ։ Այս մասին հայտարարվել է դեռ մեկ տարի առաջ, և այս նախաձեռնության վրա երկար ու ահռելի աշխատանք է կատարվել, և երբ կադաստրային արժեքների մոտարկումը եղավ, պետք է դրան հաջորդեր այս փոփոխությունը։

Ես հասկանում եմ, որ ընդդիմությունը կարող է նման հայտարարություններ անել, բայց դա այդպես չէ, սա մեր նախընտրական ծրագրի մաս է եղել։ Եթե կան ընդդիմության կողմից ողջամիտ առաջարկներ, մենք պատրաստ ենք քննարկելու։

Սակայն մի բան պարզ է․ ամեն ինչ արվելու է, որ քաղաքացիները հեշտ տանեն այս անցումը, ի վերջո, բարեփոխումները միշտ էլ դժվար են տրվում, բայց դրանք երկարաժամկետ արդյունքների համար են։ 

– Հնարավոր չէ՞ր այս հարցը այս փուլում շրջանցել և դրան անդրադառնալ ճգնաժամից հետո։ Նման պնդումներ անում էր նաև արտախորհրդարանական ընդդիմությունը։

– Ես հասկանում եմ նրանց դիրքորոշումը։ Իհարկե բոլորս էլ մտահոգված ենք ստեղծված ճգնաժամով, բայց քանի դեռ քննարկումներ չեն եղել, ռեալ առաջարկներ չեն հնչել, վերջնագրերով ուղղակի հայտարարություններ անելն անհասկանալի է։ Եթե կան հստակ առաջարկներ, թող ներկայացնեն։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am