«Սյունիքի ժողովրդին վախեցած պահելը Սերժ Սարգսյանի քաղաքականությունն է, Սուրեն Խաչատրյանն ընդամենը կատարում է». վերլուծաբաններ

«Սյունիքի ժողովրդին վախեցած պահելը Սերժ Սարգսյանի քաղաքականությունն է, Սուրեն Խաչատրյանն ընդամենը կատարում է». վերլուծաբաններ
«Սյունիքի ժողովրդին վախեցած պահելը Սերժ Սարգսյանի քաղաքականությունն է, Սուրեն Խաչատրյանն ընդամենը կատարում է». վերլուծաբաններ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին (Լիսկա) չպատժելը Սերժ Սարգսյանի անձնական քաղաքականությունն է, այստեղ քաղաքական կամքի հարց չկա: Այս կարծիքին է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով նշում է, որ այս քաղաքականության հետևանքով մարզպետները հասկանում են, որ Սերժ Սարգսյանի թիմի անդամներին շատ բան ներվելու է, և նրանք չեն պատժվելու, որովհետև աշխատանքից հեռացումը, այն էլ՝ իր դիմումի համաձայն, նշանակում է, որ նա քրեական պատասխանատվության չի ենթարկվելու:

«Իր դիմումի համաձայն»-ը այն երաշխիքն է, որ նրան չեն հեռացնում, այլ ըստ իր դիմումի են ազատում, ինչը նշանակում է, որ քրեական պատասխանատվության չի ենթարկվի»,- «Մեդիալաբին» ասում է Դանիելյանը:

Հիշեցնենք, որ կառավարության հունիսի 6-ի որոշմամբ՝ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մարզպետի՝ աշխատանքից ազատվելու դիմումը կապված է հունիսի 1-ի կեսգիշերին նրա առանձնատան մոտ կատարված արյունալի միջադեպի հետ, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ:

Դեպքի առնչությամբ կալանավորվել են Սուրեն Խաչատրյանի թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը, և մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ովքեր տեղափոխվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Դեպքից հետո Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ մինչև նախաքննության ավարտը դադարեցնում է իր լիազորությունները: Եվ ահա, երբ հանրությունը սպասում է, որ Սուրեն Խաչատրյանը պետք է պատժվեր, նրան պարզապես ազատում են աշխատանքից՝ դա ներկայացնելով իր դիմումի համաձայն:

Ըստ Ստեփան Դանիելյանի՝ այն իրավիճակն է, որ եթե մարզպետներն իրականացնում են Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, բնականաբար, նրանք պետք է նաև պաշտպանված լինեն:

«Տարիների ընթացքում Սյունիքի մարզպետի մասին մամուլը գրում էր, որ երեխա են ծեծել, որ նրա տղաներն ու եղբոր տղաները իրենց շատ վատ են պահել, և այդ դեպքերի նկարագրությունը կա: Սակայն նա չէր պատժվում, և Սյունիքի բնակչությունը վախի մթնոլորտում էր ապրում: Հիմա խնդիրը հետևյալն է. մենք ունենք ռազմավարական նշանակության տարածք, որտեղ կան զինվորական ստորաբաժանումներ, որտեղ կան ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներ: Եվ, իմ կարծիքով՝ Սյունիքի մարզպետն այդքան հզոր դեմք չէ, որ կարողանա ի հեճուկս այդ կառույցների անել այն, ինչ ուզում է»,- ասում է քաղաքագետը:

Նա հավելում է, որ Սյունիքի ժողովրդին վախեցած պահելը Սերժ Սարգսյանի քաղաքականությունն է, իսկ Սուրեն Խաչատրյանն ընդամենը կատարում է:

«Լիսկային պաշտոնանկ չեն արել, այլ սեփական դիմումի համաձայն են ազատել: Այսինքն՝ եթե Լիսկան դիմում չգրեր, կառավարությունը չէ՞ր ազատելու: Ոչ մի քաղաքական կամքի մասին խոսք չի կարող լինել»,- «Մեդիալաբին» ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նա նշում է, որ իշխանությունների քաղաքական կամքի մասին կարելի էր խոսել, եթե ՀՀ կառավարությունը հիմնավորեր, թե՝ այս-այս հիմքերով նման մարդը չի կարող պաշտոնավարել, և կառավարությունը որոշեր նրան հեռացնել պաշտոնից:

«Դա կլիներ կամքի արտահայտություն: Իսկ տվյալ դեպքում Լիսկան փրկեց ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս ստիպված չլինի հիմնավորել նրան պաշտոնից ազատելը: Սա համարում եմ ոչ համարժեք, նաև հովանավորության կամ անգործության դրսևորում»,- ասում է նա:

Արթուր Սաքունցը Սուրեն Խաչատրյանի՝ աշխատանքից ազատվելու դիմում գրելը կապում է վերջին սպանության հետ, որպեսզի հանրային դժգոհությունը մեղմվի, և, այսպես կոչված, գոնե մեկ զոհաբերում կատարի՝ ամբողջը չկորցնելու համար:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ իշխանություններն այս դեպքում փոխզիջումային որոշում են կայացել:

«Այսօր Հայաստանում չկա այն մթնոլորտը, որը կստիպի նման կարգի դեպքերի համար լուրջ պատժամիջոցներ սահմանել»,- արձանագրում է քաղաքագետը:

Միաժամանակ նա կարծում է, թե Սյունիքի մարզպետին չպատժելը կարող է նախադեպ լինել, որ մյուս մարզպետներն էլ իրենց նման կերպ դրսևորեն ու անպատիժ մնան:

Այն, որ իշխանությունները մտադիր չեն պատժելու Սյունիքի մարզպետին, հաստատում է նաև ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նա կարծում է, որ Սուրեն Խաչատրյանի անունը շահարկվեց, այդ պատճառով նա հրաժարականի դիմում ներկայացրեց, ինչը կարելի է դրական գնահատել:

«Եթե դիմում չներկայացներ, նա չէր ազատվելու, որովհետև այսօրվա դրությամբ ես, դուք, մյուսներն ինչքան անմեղ ենք, այնքան էլ ինքն է անմեղ»,- «Մեդիալաբին» ասում է Սահակյանը:

© Medialab.am