«Փոքր, բայց նշանակալից նվաճում». ՀԱԿ-ը կոչ է անում «կուտակայինի» դեմ պայքարողներին բազմապատկել ճնշումը

«Փոքր, բայց նշանակալից նվաճում». ՀԱԿ-ը կոչ է անում «կուտակայինի» դեմ պայքարողներին բազմապատկել ճնշումը
«Փոքր, բայց նշանակալից նվաճում». ՀԱԿ-ը կոչ է անում «կուտակայինի» դեմ պայքարողներին բազմապատկել ճնշումը

Հայ Ազգային Կոնգրեսը Սահմանադրական դատարանի կողմից կուտակային կենսաթոշակի մասին օրենքի պարտադիր բաղադրիչի կասեցումը գնահատում է որպես այդ խնդրով պայքարի մասնակիցների առաջին մի ձեռքբերում։ 

Այդ մասին նշված է ՀԱԿ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, «ձեռքբերումը հնարավոր դարձավ տվյալ խնդրով շահագրգիռ քաղաքացիների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ ԱԺ չորս ընդդիմադիր խմբակցությունների ջանքերի համատեղման եւ ներդաշնակեցման շնորհիվ»։

«Դա փոքր, բայց քաղաքական իմաստով նշանակալից մի նվաճում է. քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության համատեղ գործողություններով հասարակության համախմբումն է որեւէ խնդրի լուծման ստույգ ճանապարհը,-նշված է հաղորդագորթյան մեջ։

Միաժամանակ, կասկած լինել չի կարող, որ սահմանադրական դատարանի որոշումը այլ բան չէ, քան իշխանության մարտավարական մի նահանջ՝ այն հույսով, որ առաջիկայում իր համար ավելի նպաստավոր պահի՝ հասարակական հակազդման թուլացման պայմաններում, ամբողջությամբ գործողության մեջ կդնի օրենքը։

Այսինքն՝ Սահմանադրական դատարանը օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական կճանաչի միայն իշխանության վրա հասարակական եւ քաղաքական ուժերի համատեղ պայքարի հետագա ուժգնացման, հասարակական ավելի լայն շերտերի ընդգրկման պայմաններում։ Ուստիեւ՝ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում «կուտակայինի» դեմ պայքարող բոլոր անհատներին, նախաձեռնություններին եւ քաղաքական ուժերին՝ բազմապատկել ճնշումը, հասարակության մյուս շերտերին՝ միանալ այս պայքարին»։

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ն 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից,-նշված է ՍԴ հաղորդագրության մեջ: -Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ /այդ թվում` պատճառաբանական մասին/ կարելի է ծանոթանալ դատարանի պաշտոնական կայքում: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով»:

© Medialab.am