«Նրանք պետք է հասկանան, որ պարտվում են, որպեսզի գնան խաղաղության, խաղաղությունը մենք միայն կարող ենք պարտադրել». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարո՛ն Պապյան, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասշտաբները մեծանում են, ի՞նչ քայլեր կարող է անել հայկական կողմն այս իրավիճակում՝ մեծ կորուստներից խուսափելու համար։

– Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակն է հնարավորինս ընդլայնել պատերազմի ընդգրկումը և ինտենսիվությունը բարձրացնել։ Եվ մենք տեսնում ենք, որ երբ մինչև իսկ եռանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին դիմեցին հրադադար հաստատելու կոչով, հիմնական պատասխանողը՝ Էրդողանը, մեջ ընկավ և ասաց՝ ոչ։ 

Մեզնից կախվածն այն է, որ պետք է կարողանանք ճիշտ պաշտպանություն կազմակերպել, հնարավորինս քիչ զոհեր տանք և թշնամուն հնարավորինս շատ մարդկային և զինական վնասներ հասցնենք, որպեսզի թշնամին հասկանա, որ այս պատերազմն իր համար անհեռանկարային է և ինքը խնդրի զինադադար։ 

Մեր կողմից ինչ էլ անենք, եթե թշնամին զինադադար չի ուզում, ոչինչ էլ չի լինի։

– Դիվանագիտական դաշտում աշխատանքն այս փուլում ինչպե՞ս եք գնահատում։

– Դիվանագիտական դաշտում հիմա շատ կարևոր աշխատանք կա։ Ես կարծում եմ՝ մի քանի ուղղությամբ պետք է աշխատանք կատարվի։ Կան երկրներ, որոնք հատկապես Թուրքիայի հետ խնդիրներ ունեն, այդ երկրների հետ պետք է հստակ բանակցություններ վարվեն, և նյութական, ֆինանսական, զինական օգնություն ստանանք նրանցից՝ զենքի մատակարարումներ և այլն։ 

Կան այդպիսի երկրներ, որոնց թվում են նաև այնպիսիք, որոնք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն, ինչպես, օրինակ՝ Սաուդյան Արաբիան։ 

Անգամ այդ երկիրը կարող է օգնել Հայաստանին, որովհետև շատ վատ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Այսինքն՝ դիվանագիտության մի ոլորտը սա է՝ դաշնակիցների հետ հարաբերությունների հնարավորինս սերտացում և ակտիվացում։ 

Մյուսը՝ մի շարք ոլորտների վերաբերյալ տեղեկատվության տարածումն է։ Առաջինը՝ որ Թուրքիան ու Ադրբեջանը ջիհադիստների, ահաբեկիչների, վարձկանների է ներգրավել, բերել Արցախի դեմ կռվելու, ինչը միջազգային իրավունքի խախտում է։ 

Այստեղ ևս երկրներ կան, որ բնավ շահագրգռված չեն այդ մասով։ Մասնավորապես, Իրանը չի ուզի, որ իր սահմանակից տարածքում սունի ջիհադիստներ լինեն։ 

Բնականաբար, Ռուսաստանը բնավ շահագրգռված չէ դրանով, որովհետև պատերազմը ուշ թե շուտ վերջանալու է, այդ ահաբեկիչների մի մասը մնալու է այդտեղ, հո բոլորը չե՞ն կոտորվելու։ 

Դա վտանգ է, նրանց մի մասը կարող է ներթափանցել Հյուսիսային Կովկաս, մի մասը՝ Իրան։

Նաև կարևոր է բարձրացնել քաղաքացիական անձանց ու օբյեկտների, լրագրողների դեմ թիրախավորված հարվածների հարցը։

– Այսօր բանակցության հնարավորություն կա՞։

– Բանակցության հնարավորություն վաղուց չկա, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ Ալիևի դիրքորոշումն ավելի է կոշտացել։ Նա ասում է, որ առանց որևէ նախապայմանի զորքերը պետք է դուրս բերվեն։ 

Ավելին, հիմա նաև ասում է, որ Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հայտարարի, որ Արցախը Հայաստան չէ, մի բան էլ պետք է ներողություն խնդրի։ Եթե անգամ Ալիևն էլ ուզի բանակցել, թուրքերը չեն թողնի, որովհետև թուրքերին այս պատերազմը շատ ձեռնտու է, թերևս ավելի, քան Ադրբեջանին, որովհետև թուրքերը կորուստներ չեն ունենում, բայց շահում են՝ և՛ իրենց դիրքերն են ամրապնդվում, և՛ Հայաստանն են թուլացնում։ 

Խաղաղությունը մենք միայն կարող ենք պարտադրել։ Նրանք պետք է հասկանան, որ պարտվում են, որպեսզի գնան խաղաղության։

– Մինսկի խմբի համանախագահ երկրներն ինչո՞ւ են չեզոք դիրք որդեգրել։

– Նրանք միշտ էլ հանդես են եկել հայտարարություններով, այնպես չէ, որ նախորդ անգամները այստեղ զորախումբ էին իջեցնում, հիմա չեզոք են։ Դա միշտ է այդպես եղել, դա ծանր բյուրոկրատական ապարատ է։ 

Բայց ես կարծում եմ, որ դա ուղղակի ռազմական գործողությունների վրա չի հասցնի ազդեցություն ունենալ, բայց շուտով հատկապես Թուրքիան կհայտնվի որոշակի սահմանափակումների ու միջազգային պատժամիջոցների առաջ։ 

Եվ սա կլինի պատրվակ, բայց պատճառներն ավելի խորն են, միայն սա չէ։ Պատճառները նաև Թուրքիայի լկտի վերաբերմունքն է Արևելյան միջերկրածովյան շրջանում, Էգեյան ծովում։ Նա արդեն բոլորին զզվեցրել է, բոլորն էլ կփորձեն տեղը դնել։

Միջնորդներն իրենք որոշում կայացնող չեն, նրանք պարզապես կողմերի միջև միջնորդական առաքելություն են իրականացնում, որպեսզի հաշտվեն իրար հետ։ 

Բայց այն ժամանակ, երբ մենք մեծապես զիջումների էինք պատրաստ, անգամ այդ ժամանակ ադրբեջանական կողմը բնավ պատրաստակամություն չհայտնեց, հիմա չի հայտնի։ Ալիևն արդեն վա բանկ է գնացել։ Նա պատերազմի այնպիսի ծավալների մեջ է մտել, այնպիսի բաներ է օգտագործել, և զոհերի թիվը շատ մեծ է, որ նրան ադրբեջանական ժողովուրդը կների, եթե ինչ-որ մեծ հաղթանակ ունենա կամ կարողանա ցույց տալ ու համոզել, թե դա մեծ հաղթանակ է։ 

Հակառակ դեպքում սեփական ժողովուրդը չի ներելու նրան։ Հիմա դիակները չեն հավաքում, որ թաղումներ չլինեն, որ ժողովուրդը ծավալը չհասկանա, բայց երկար թաքցնել չի լինի։ 

Եվ հնարավոր է, որ հենց ժողովուրդն էլ դուրս գա Ալիևի դեմ՝ հաշվի առնելով և նյութական դժվարությունները, ինչպես նաև զոհերի թիվը։ Դրա համար էլ հիմա Ալիևը փորձում է այնպիսի հաղթանակ ներկայացնել կամ ստանալ, որ կարողանա իր պաշտոնը պահել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am