«Կառավարության փոփոխությունը ոչինչ չի տա». Րաֆֆի Հովհաննիսյան

«Կառավարության փոփոխությունը ոչինչ չի տա». Րաֆֆի Հովհաննիսյան
«Կառավարության փոփոխությունը ոչինչ չի տա». Րաֆֆի Հովհաննիսյան

«Չորս ոչ իշխանական ուժերի ղեկավարների հանդիպումը թույլ կտա որոշ անհարթություններ շտկել, որոշ տարաձայնություններ հաղթահարել և վերջապես խոսել չորսի ձևաչափի մասին: Ես հուսով եմ, որ այդ հանդիպումը շուտով տեղի կունենա»,- ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցած մամուլի ասուլիսին:

Անդրադառնալով իր և Գագիկ Ծառուկյանի վերջերս տեղի ունեցած հանդիպմանը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ հանդիպումը գաղտնի չէր. «Սա առաջին հանդիպումն էր այս վերջին շրջանում և նպատակահարմար գտնվեց, որ այդ հանդիպումը տեղի ունենա երկու պատվիրակությունների միջև և հետո լուր տարածվի»:

Նա չցանկացավ մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի տեսակետները և միայն նշեց, որ «Ժառանգության» և ԲՀԿ-ի դիրքորոշումներում կային որոշակի տարբերություններ. «Կային նաև շատ ընդհանրություններ և երկու կողմերը համաձայնեցին շարունակել խորհրդակցությունները»:

Վարչապետի փոփոխությունը Հովհաննիսյանը համարում է կիսամիջոց, որը մեծ հաշվով ոչինչ չի տա. «Դրանով երկրի վիճակը չի փոխվի: Պետք են արմատական փոփոխություններ և դա է ժողովրդի պահանջը: Հիմնական խոսքը պետք է գնա Սերժ Սարգսյանի հրաժարականի և դրանից հետո նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների մասին: Սա չի նշանակում, որ «Ժառանգությունը» դուրս է գալիս այս ձևաչափից»:

« Ժառանգության» առաջնորդը համամիտ չէ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե  Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը անշրջելի է:  «Ես չեմ համարում, որ անշրջելի է: Եթե Հայաստանն ունենա օրինական ընտրված իշխանություն, ապա նրանց որոշումները կլինեն անշրջելի: Այս դեպքում այդպես չէ»:

Իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց չսրտնեղել Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից, քանի որ հենց իրենք էին, որ հաստատեցին նախագահական կեղծ ընտրությունները:
 
Անդրադառնալով օրերս Ղրիմի հարցի շուրջ Սերժ Սարգսյանի և Վլադիմի Պուտինի հեռախոսազրույցին՝«Ժառանգության» ղեկավարը նշեց, որ դա արտահայտում էր այն ուղղահայաց վասալային հարաբերությունը, որով Ռուսաստանի դաշնությունը նայում է Հայաստանին. «Ավելի լավ կլինի, որ վերջապես Հայաստանի իշխանությունը դե ֆակտո ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և ոչ թե հրճվի ինչ-որ նախադեպով, որը չի լինելու»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ մարտի 28-ին «Ժառանգությունը» Ազատության հրապարակում կազմակերպում է  հանրային նախահավաք. «Ես 20 տարուց ավելի է, որ Հայաստանում եմ, զբաղվում եմ քաղաքականությամբ և միշտ ժողովրդի վստահությունը վայելել եմ»:

«Մեդիա կենտրոն»

http://www.youtube.com/watch?v=XBUTBVycuGg