«Չեմ կարծում, որ պատերազմը երկարատև լինի. միջազգային միջամտությունը լինելու է շատ կոշտ». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը

– Ինչպիսի՞ իրավիճակ է Արցախում: Փաստորեն եռօրյա դադարից հետո նախօրեին Ստեփանակերտը նորից հրիթռակոծվեց:

– Խփել են ոչ թե Ստեփանակերտի, այլ մերձակայքում գտնվող գյուղերի վրա: Բայց այդ գյուղերը շատ մոտ են Ստեփանակերտին: Իրավիճակը շատ թեժ է ճակատի որոշ հատվածներում, իսկ որոշ հատվածներում համեմատաբար հանգիստ է:

Բայց մեկ է, պատերազմն ընթանում է, ժողովուրդը կանգնած է, զինվորները նույնիսկ համաշխարհային ռազմական պատմության մեջ օրինակելի հերոսություն են դրսևորում: 

– Կարծում եք՝ հակառակորդը որդեգրել է երկարատև պատերազմի մարտավարությո՞ւն:

– Ես չեմ կարծում, որ երկարատև լինի, որովհետև այն, ինչ նրանք անում են, իսկ վերջին շրջանում դա բացեիբաց են անում, հանդիպում է միջազգային լուրջ արձագանքների:

Մենք տեսնում ենք, թե դրա պատասխանն ինչ դինամիկա է ստանում: Դեռևս քաղաքական դաշտում է այդ պատասխանը, բայց շուտով, ես ավելի քան վստահ եմ՝ նոր որակ կստանան այդ ճնշումները:

Արդեն գերտերությունները միջամտում են: Մենք տեսնում ենք Ռուսաստանի քաղաքականությունը շատ ակտիվ, տեսնում ենք, որ ահաբեկչական խմբերն արդեն ներթափանցել են Ռուսաստան և փորձում են այնտեղ ահաբեկչություններ ձեռնարկել:

Նույնիսկ փորձ է արվել Վոլգոգրադում Մայր Ռուսաստանի արձանը պայթեցնել: Սա գիտե՞ք ինչ է, սա պարզապես մի մարտահրավեր է Ռուսաստանին, Ռուսաստանի հաղթանակին, ռուսական ոգուն և իրենց պետականությանը:

Եթե այդպիսի բան է տեղի ունենում, և դրա մասին հայտարարվում է, դուք պատկերացնում եք, չէ՞, թե ինչի կարող է պատրաստ լինել մեր եղբայրական երկիրը:

Միաժամանակ մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ը նույնպես փաստացի դատապարտում է Թուրքիային և Թուրքիայից երես է թեքում:

Պետքարտուղար Պոմպեոյի հայտարարության իմաստը սա էր: Նա, ըստ էության, ասում է՝ հայեր, դուք ազատ եք գործելու, ում հետ ուզում եք կառուցեք ձեր հարաբերությունները:

– Պոմպեոյի հայտարարությունն ավելի շատ միտված չէ՞ր նրան, որ հայերին ասում էր՝ պայքարեք որքան կարող եք, ժողովրդի լեզվով ասած՝ եղունգ ունես, գլուխդ քորիր: 

– Պոմպեոյի հայտարարության մեջ կան և՛ դրական, և՛ մտահոգիչ տարրեր: Դրականն այն է, որ փաստորեն նրանք հրաժարվում են Թուրքիային սատարելուց, նրանք դեմ չեն մեր աշխարհաքաղաքական քայլերին, եղբայրական երկրների հետ հարաբերությունների խորացմանը, որովհետև պահը շատ պատասխանատու է, և նրանք ուզում են, որ մենք հաղթենք: Սա երևում է:

Բացասականն այն է, որ Վաշինգտոնը պետք է Թուրքիայի գլուխը ջարդի, բայց չի անում: Թե ինչու չի անում՝ ի վիճակի՞ չէ, թուլանո՞ւմ է, թե՞ այլ պատճառով՝ դա ցույց կտա ժամանակը:

Սա է միակ բացասականը, որ լինելով ՆԱՏՕ-ի կազմակերպիչը, ավագ գործընկերը՝ ԱՄՆ-ը չի գնում Թուրքիային ստիպելու ճանապարհով: Չի պարտադրում դադարեցնել այս ավանտյուրան և ահաբեկիչների հետ փոխգործակցությունը: Սա է խնդիրը: 

– Այսօր հյուսիսարևելյան ուղղությա՞մբ են մերոնք կարողացել դիվերսիոն խմբին դուրս շպրտել: 

– Մեր բանակը բոլոր հատվածներում կանգնած է, և իսկապես բոլոր տղաները դրսևորում են հերոսություն, հատկապես երիտասարդները, ինչպես նաև աշխարհազորը: Մենք շատ-շատ մեծ կորուստներ ենք պատճառում, անգամ չեք պատկերացնում, թե ինչքան մեծ կորուստներ ունեն Ադրբեջանը, Թուրքիան ու ահաբեկիչները: 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ հումանիտար հրադադարի ռեժիմն այդպես էլ չպահպանվեց Ադրբեջանի կողմից:

– Ռազմական առումով, իհարկե, չի պահպանվում: Քաղաքական որոշումը կա, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, բայց ռազմական տեսանկյունից չի իրականացվում:

Սա իհարկե լուրջ մարտահրավեր է, բայց սա նաև բերելու է նրան, որ այլ ուժեր անկասկած միջամտելու են: Սրան այլընտրանք չկա: Որովհետև Թուրքիան, Ադրբեջանն ու ահաբեկիչներն ամեն ինչ անում են դրա համար: Միջամտությունը լինելու է շատ կոշտ: 

– Ավելի շատ Ռուսաստանի՞ն նկատի ունեք:

– Այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ ամենամեծ ջանքերը գործադրում է Ռուսաստանը, և դա ակնհայտ է:

Որևէ մեկը չկա, որ դա ժխտի: Այն դեմագոգները, որ տարիներ շարունակ փորձում էին խարխլել մեր եղբայրական հարաբերությունները, նրանց էլ պետք է մի օր պատասխանատվության կանչենք:

Փոխանակ մենք լինենք խելացի, խորաթափանց, բազմակողմանի մտածող ազգ, գնում ենք ինչ-որ դեմագոգների լսելու ճանապարհով:

Այդպիսի մարդիկ շատ կային, որ գոռում էին՝ ռուսական ռազմաբազան պետք է դուրս գա Հայաստանից: Հիմա ո՞ւր են այդ մարդիկ:

Այսինքն՝ Թուրքիան դեռևս երկրորդ ճակատը չի բացել, իսկ եթե վաղը բացի՞, եթե հարձակվի Երևանի և Գյումրիի վրա, այդ դեմագոգնե՞րն են գնալու պաշտպանեն:

Մանե Հարությունյան

MediaLab.am