«Կերակրեցի, ուժ տվեցի, որ աղջկաս սպանի». երեխաների ներկայությամբ կնոջը սպանած ամուսինն իրեն «մասնակի» մեղավոր է ճանաչում

«Կերակրեցի, ուժ տվեցի, որ աղջկաս սպանի». երեխաների ներկայությամբ կնոջը սպանած ամուսինն իրեն «մասնակի» մեղավոր է ճանաչում
«Կերակրեցի, ուժ տվեցի, որ աղջկաս սպանի». երեխաների ներկայությամբ կնոջը սպանած ամուսինն իրեն «մասնակի» մեղավոր է ճանաչում

Անցյալ տարի օգոստոսի 6-ին Արսեն Առաքելյանն իր եղբոր բնակարանում դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը` Լուսինե Դավթյանին: Նրանց անչափահաս դուստրը` 15 ամյա Սյուզին մեզ հետ զրույցում պատմել էր, որ ինքը տեսել է, թե ինչպես է հայրը դանակահարում մորը, եւ հազիվ է հասցրել 5 ամյա եղբոր աչքերը ձեռքով փակել, որպեսզի եղբայրը չտեսնի այդ զարհուրելի տեսարանը:

Արսեն Առաքելյանին սպառնում է 8-15 տարի ազատազրկում, նրա նկատմամբ հարուցված է քրեական գործ` «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 1-ին մասով:

Երեկ Արամավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով առաջին դատական նիստն էր, ու թեեւ նիստը խաղաղ ընթացավ, նիստից հետո դատարանի միջանցքներում ու բակում Լուսինե Դավթյանի վրդովված ազգականներն աղմուկ բարձրացրին, երբ տեսան արդեն նախկին խնամիներին, նախկին փեսային ու նրա եղբորը. «Տականք, դու պիտի սատկես, որ Լուսինեի պես աղջկա կյանքը խլեցիր»:

Դատարանում դատախազի մեղադրական եզրակացությունը կարդալուց հետո ամբաստանյալ Արսեն Առաքելյանն ասաց, որ իրեն մասնակի է մեղավոր ճանաչում. նա նշեց, որ ինքը եղել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում.

«Դա պայմանավորված է կնոջս կողմից դրսեւորվող պարբերաբար եւ շարունակական վարքագծով եւ պահվածքով»:

Ամբաստանյալի այս հայտարարությունը լսելուց հետո նիստին ներկա Լուսինեի հարզատաներն արձագանքեցին` «Տակա´նք, ի՞նչ պահվածք, գետինը մտնես, էդ ի՞նչ ես ասում, խի ես խաբում անամոթ»:   

Դատարանը գործի քննությունը հետաձգեց եւ հաջորդ նիստը նշանակեց ապրիլի 9-ին:

Մեր նախորդ հրապարակման ժամանակ Լուսինեի հարազատները,  հարեւաններն ու դուստրը պատմել էին, որ 16 տարվա ամուսնության ընթացքում ամուսինները հազվադեպ էին հաշտ ու խաղաղ ապրել, իսկ սպանության նախորդ օրը Լուսինեն արդեն հայտարարել էր, որ պատրաստվում է ամուսնալուծվել եւ համատեղ բնակության Մուսալեռ գյուղում գտնվող տնակից իրերը հավաքել ու դուրս էր եկել: Արսենի եղբայրը` Արտակը, Լուսինեին հրավիրել էր իր բնակարան` զրուցելու և եղբոր հետ հաշտեցնելու: Լուսինեի հայրը մեզ վստահեցրել էր, որ Լուսինեն, ճիշտ է, գնացել էր Արտակի բնակարան, բայց չէր ուզում, որ եղբայրն ամուսնուն հրավիրեր զրուցելու: Լուսինեի հոր` Ռուբեն Դավթյանի խոսքերով` եթե եղբայրն Արտակին հրավիրած չլիներ, սպանությունը չէր լինի, աղջիկն այսօր ողջ կլիներ:

Երեկ մեզ հետ զրույցում Արտակ Առաքելյանը վստահեցրեց, որ Լուսինեն դեմ չի եղել, որպեսզի ամուսնուն` Արսեն Առաքելյանին հրավիրեն իր բնակարան: Իսկ Արսեն Առաքելյանի մայրն էլ, տիկին Սեդան, ով դեպքի օրը եւս ներկա է եղել որդու բնակարանում, ասաց, որ որդին ու հարսը լավ էլ հարաբերություններ են ունեցել, ու դեպքի օրը չեն էլ կասկածել, որ Արսենը կնոջը կդանակահարեր.

«Իրենք կողքի սենյակում էին, ինչ իմանայինք, եսիմ ինչ են խոսել, որ իմանայինք կամ կասկածեինք` հո չէինք թողնի բանը սպանության հասներ: Իսկ որ Լուսինեի ծնողներն ասում են` իբր հարկադրաբար ենք Լուսինեին բերել մեր բնակարան, սուտ է, Լուսինեն հոժարակամ է եկել: Թոռներիս էլ լարում են իմ դեմ, սաղ զոքանչն է մեղավոր, զոքանչն էր տղուս ու հարսիս հանում իրար դեմ, էրեխեքին էլ սովորեցրել են, որ ասեն` իբր տեսել են ոնց ա պապան մամային սպանում: Չէին կարա էրեխեքը տեսնել, որովհետեւ մեր կողքին էին իրանք, դռան ապակին էլ մուգ ա, չի թափանցում: Բայց, մեկ է` բոլորն էլ մեղավոր են, բոլորը, ոչ մեկին էլ չեմ ուզում արդարացնեմ»:  

Իսկ Լուսինեի դուստրը` Սյուզին, մեզ այլ բան ասաց.

«Ես ամեն ինչն էլ շատ լավ հասկանում եմ ու ես էդ տարիների ընթացքում տեսել եմ պապայիս վերաբերմունքը մամայիս նկատմամբ: Նա իմ տատին չի, ու ես պապա չունեմ, վե′րջ: Իսկ ախպերս ինչքան էլ փոքր ա, ու ասում են` բան չի հասկանում, լավ էլ հասկանում ա ու գիտի, որ պապան ա մամային սպանել: Որ ասում են` իբր Մարետ տատիս ա ինձ լարում էն մյուս տատի դեմ, սուտ ա, տենց բան չկա»:

Լուսինեի մայրը` տիկին Մարիետան էլ մեզ վստահեցրեց, որ ինքը ոչ թե խառնվում էր աղջկա ու փեսայի ընտանեկան հարաբերություններին, այլ ամեն ինչ անում էր, որ ընտանիքը չքայքայվի.

«Աշխատում էի իրանց էի պահում, ուտելիք էի տանում մարդասպան փեսայիս համար, կերակրեցի, ուժ տվեցի, որ աղջկաս սպանի: Կնգան գցել էր քուչեքը, որ երկաթ հավաքի-ծախի, ինքն էլ զխտկվի: Օձը տաքացնողին է կծում, այ տենց ստացվեց: Ինձ մեղադրում են, թե խառնում էի իրանց ընտանիքը, լարում էի իրար դեմ, բա դուք էդ օրը տունն եք եղել, բա ուշադիր լինեիք, գնայիք դռան մոտ տեսնեիք ինչ ա կատարվում: Թոռս տեսել է ամեն ինչ, ասում է` տատի ես տեսա` ինչ արագությամբ էր պապան կտրտում մամային»:  

Տիկին Մարիետայից հետաքրքրվեցինք, թե 16 տարիների ընթացքում հիշո՞ւմ է դեպք, որ փեսան Լուսինեին ծեծի, բռնության ենթարկի. սպանվածի մայրը վրդովված պատմեց.

«Եղել ա, բա ոնց չի եղել: Լուսոս շատ բան չէր պատմում ինձ, բայց հարեւաններն էլ հո տեսել են: Մի անգամ, երբ մեծ թոռս 2-րդ դասարան էր, էն փոքրն էլ հլը քառասունքի մեջ էր, աղջկաս գիշերվա կես հանել ա քցելա քուչեքը: Լուսոս էնքան ա դուրսը մնացել, որ էրեխեն էնքան ա ղժժացել, էդ գիշատիչը ստիպված թողելա ներսա եկել Լուսոն, որ կուրծք տա էրեխուն: Մի անգամ էլ դանակը դրելա աղջկաս վզին, ստիպելա իրա ձեռով Լուսոս գրի՝ խոստանում եմ մինչեւ կյանքիս վերջը մնամ ամուսնուս Արսեն Առաքելյանի մոտ: Սա Լուսոն ա պատմել, հետո մի քանի տարի հետո աղջիկս գտել ա էդ թուղթն ու ճղել: Սպանությունից էլ մի քանի օր առաջ աղջկաս փողոցում վայրենիի պես նենց ա ծեծել, որ հարեւանները ոստիկանություն են կանչել: Սյուզիս զանգեց ինձ ասեց` տատի հասի, մամային սպանում ա: Հասա տեսնեմ թոռներս գառնուկների պես, իրար խառնված մի ծերից էն մյուս ծերն են վազում: Ու ի՞նչ, էդ քննիչը ասել էր, որ բողոք գրեք, փող պիտի մուծեք, բոմժեր եք, փող չունեք, հետո էլ Արսենը կսպանի կնգան: Ու էդ անասունը ասել էր, որ Մարետին՝ ինձ էլի,  խփելու եմ, բայց մի անգամ խփելով դա չի մեռնի, չաղ ա, մի քանի անգամ պիտի խփեմ: Ես ձեռը չընկա, աղջիկս ընկավ: Ինձ պիտի սպաներ, աղջկաս սպանեց: Մի քանի անգամ Լուսոս թողել եկել ա մեր մոտ, բայց էդ անասունը եկել ա խնդրելա, համոզել ա հետ ա տարել, մենք մտածել ենք` ընտանիք ա, չքայքայվի: Աղջիկս մնաց դրանց որջում ու հոշոտեցին, բա դուք գիտեիք ձեր վայրենի տղուն, (նկատի ունի ամբաստանյալի մորն ու եղբորը)ո՞նց եք թողել առանձնանան սենյակում: Աղջկաս դիակը որ տեսա սարսափեցի, դաժե էն մատները սաղ փրթած էր, երեւի խեղճը ձեռներով պաշտպանվել ա, բայց դանակը սաղ փրթել էր: Աստծու դատաստանը տենաք դուք:

Նելլի Բաբայան
Հետաքննող լրագրող
Արագ Արձագանքման Խումբ

Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք «Հասարակություն առանց բռնության» հասրակական կազմակերպության Արագ արձագանքման խմբին՝ http://rru. swv.am/: