Իրանական գազի սպասելիս. Հայաստանը` մեծ խաղերի արանքում

Իրանական գազի սպասելիս. Հայաստանը` մեծ խաղերի արանքում
Իրանական գազի սպասելիս. Հայաստանը` մեծ խաղերի արանքում

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի առաջիկա հնարավոր այցը Հայաստան, ըստ վերլուծաբանների վերջնականապես կհստակեցնի վերջին տարիներին տաբու համարվող իրանական գազի Հայաստան հնարավոր ներկրման մասին խոսակցությունները, վստահ են վերլուծաբանները:  

Չնայած անցյալ տարեվերջին Հայաստանի իշխանությունները բացառում էին, թե Հայաստանի համար իրանական գազը կարող այլընտրանք լինել, նույնիսկ այն դեպքում, երբ իրանական կողմը վստահեցնում էր, որ պատրաստ են «անհամեմատ մատչելի գնով» գազ տրամադրել Հայաստանին, ՀՀ էներգետիկայի նախարարը մարտի 19-ին խոսել է Իրանի հետ բանակցությունների եւ տարեկան 2 միլիարդ խորանարդ մետր գազ գնելու մասին: Սա գրեթե ավելի քան 75 տոկոսով ավել է տարեկան մինչ այսօր Իրանից-Հայաստան գազ` էլեկտրականության համար ներկրվող գազի համեմատ:

«Իրանի գազի խնդիրը, որ լուծվեց մեր քաղաքական համակարգի շնորհքն է, դա ռեզերվային ծրագիր է: Ցանկացած պետություն էներգետիկ ռեսուրսների ռեզերվային ծրագիր է ունենում, դա էլ մերն էր»,-«Մեդիալաբին» ասում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Սակայն, ի տարբերություն, ՀՀԿ փոխնախագահի, հնարավոր տեղաշարժը վերլուծաբանները ուղղակիորեն կապում են աշխարհաքաղաքական փոփոխությունները, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների, Իրանի հանդեպ արեւմուտքի պատժամիջոցների թուլացման, ինչպես նաեւ Ռուսաստանի համաձայնության հետ, առանց որի Հայաստանում մեծ որոշումներ չեն կարող կայացնել: Այս ամենը, ըստ վերլուծաբանների հետզհետե հնարավոր են դարձնում  Հայաստան-Իրան հարաբերությունների համար նոր փուլի անցումը:

«Հայաստանը մեծ հաշվով որոշումներ չի կայացնում: Իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել եւ Ռուսաստանը եւս այս իրավիճակում պիտի այլ քաղաքականություն որդեգրի»,-«Մեդիալաբին» ասում է «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը:

Մեկ այլ վերլուծաբան, Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը եւս ինչ որ առումով ընտրության առաջ է կանգնած:

«Քանի որ մինչ այս իրանական գազի մատակարարման շուրջ խոսակցությունները կուլիսների հետեւում էին, եւ միայն վերջին ամիսներին հրապարակայնացան, Ռուսաստանն այս դեպքում պիտի մի քիչ զգուշավոր գործի, եւ «թույլատրի», քանի որ հակառակ դեպքում չի ընկալվի որպես ռազմավարական ընկեր, այլեւ թշնամի` փակելով Հայաստանի հնարավորությունները»,-«Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Գազի թեման, Հայաստանի ամենացավոտներից է: Հայաստանում գազամատակարարող միակ ընկերությունը ռուսական «Գազպրոմն» է:

Անցյալ դեկտեմբերին իշխանությունները 155 միլիոն դոլար պարտքի դիմաց ռուսական կողմին հանձնեցին հայկական կողմին պատկանող վերջին «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոսը` ամբողջովին էներգետիկ կախման մեջ հայտնվելով Ռուսաստանից:

Չնայած, գազի հարցը իշխանությունների համար ամենասիրելի շահարկումների թեմայի դաշտում է, որի «մատչելությամբ» եւ ռուս-հայկական դրացիական կապերի մասին խոսակցություններով վերջիներս մշտապես բացատրում են ռուսամետ քաղաքականության դրսեւորումները եւ նաեւ Մաքսային միություն մտնելու որոշումը, այնուամենայնիվ, միության երկրների մեջ, Ռուսաստանը ամենաթանկ գներով է գազ մատակարարում Հայաստանին:

Թեեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մարտի 28-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարությունում ունեցած հանդիպման ընթացքում նշել է, թե  մեզ գազ «ամենացածր գինն է, որ Ռուսաստանը տալիս է որևէ երկրի», այնուամենայնիվ ըստ «Ազատության» այդ գինը առնվազն 7,5 անգամ օրինակ  բարձր է Մաքսային միության մի այլ երկրի` Բելոռուսի համեմատ:

Ռուսական երկնագույն վառելիքի գազի մեկ խմ-ի գինը Հայաստանի սահմանի վրա  կազմում է 189 դոլար: Սակայն, սահմանից սպառողին գազը հասնում է անհավանական թանկ` 1խմ-ն 158000 հազ դրամով կամ 391 դոլարով, ինչը չափազանց մեծ գումար է մի երկրի համար, որտեղ պաշտոնապես աղքատ է համարվում ամեն երրորդ բնակիչ:  

Սակայն, նույնիսկ եթե Իրանը «անհամեմատ մատչելի» գազ տրամադրի Հայաստանին, ինչպես եւ խոստացել է, այնուամենայնիվ, գազը Հայաստանում միանձնյա տնօրինողը ռուսական գիգանտ «Գազպրոմն» է, ուստի սպառողների համար, ըստ ամենայնի դժվար թե ինչ որ էական փոփոխություններ լինեն, հատկապես այն դեպքում, երբ դեռ հստակ էլ չեն, գազ ինչ նպատակներով է Հայաստան մտնելու:

Ուստի, իրանական կողմի առաջարկները եւ Հայաստանի իշխանությունների առաջին դրական պատասխանները, վերլուծաբանները ուղղակիորեն կապում են աշխարհում բնական գազի պաշարներով երկրորդը համարվող Իրանի` Ռուսաստանին մի սեղանի շուրջ հրավիրելու հնարավորության հետ:

«Իրականում Հայաստանը խիստ կախյալ վիճակում է»,-ասում է Մանվել Սարգսյանը,-Միջազգային հարաբերություններում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, եւ ըստ երեւույթին Արեւմուտքը եւ Ռուսաստանը փորձում են փոխել իրենց մոտեցումները Իրանի նկատմամբ»:

Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ կարեւոր այդ հարցերը առավել հստակ կլինեն Իրանի նախագահի` Հայաստան այցելության օրերին, երբ, ըստ նրա կքննարկվի հենց Իրանից` Հայաստն գազի ներկրման հարցը:

«Այսինքն, այս դեպքում Ռուսաստանը թույլ կտա Հայաստանին քայլել անել, սակայն միեւնույն ժամանակ իր վերահսկողության տակ պահելով ամեն ինչ,-նշում է Սաֆարյանը,-իսկ ԱՄՆ-ն կրկին անգամ աչք է կփակ Իրան-Հայաստան հարաբերությունների վրա ինչ որ առումով թույլ տալով Հայաստանին անկախ լինել Ռուսաստանից»:

Լուսանկարում` Հայաստանի եւ Իրանի նախագահները

© Medialab.am