Քաղաքական փիառի եւ մանեւրների արանքում. Ի՞նչ հարց է լուծում Հովիկ Աբրահամյանը

Քաղաքական փիառի եւ մանեւրների արանքում. Ի՞նչ հարց է լուծում Հովիկ Աբրահամյանը
Քաղաքական փիառի եւ մանեւրների արանքում. Ի՞նչ հարց է լուծում Հովիկ Աբրահամյանը

Հովիկ Աբրահամյանն իր «Դեմ եմ» հայտնի  հայտարարություններով փորձում է ցույց տալ, թե իր աշխատելաոճով տարբերվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից, որ շատ ավելի ժողովրդավար ու հասարակության կարծիքը հաշվի առնող է, բայց իրականում դա փիառ քայլ է: 

Այս մասին «Մեդիալաբին» ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը կառավարության վերջին նիստին իր յոթ կետանոց  դրույթները ներկայացրեց խնդրի շուրջ՝ հայտարարելով, որ «այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը»:  Իր հայտարարության վերջում Հովիկ Աբրահամյանը նշում է, որ ինքն էլ է դեմ օրենք  այս տեսքով կյանքի կոչելուն: Նույնը վարչապետը կրկնել էր ապրիլի քսանվեցին՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, կրկին պնդելով, որ պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցված է:

Վարչապետի այս հայտարարությունը կրկին շփոթ ու անորոշություն է առաջացրել քաղաքացիների ու գործատուների մոտ:

«Գործատուներն այսօր անորոշության մեջ են, շատ գործատուներ մեզ զանգում ասում են ինչ անենք, մենք էլ ասում ենք ՝ մի գանձեք, որովհետեւ ՍԴ-ն իր որոշման մեջ արդեն ասել է, որ դա հակասահմանադրական է,- «Մեդիալաբին » ասում է իրավաբան Արա Ղազարյանը:

Ըստ մասնագետի, օրենքի  76-րդ հոդվածի կասեցումը ոչինչ չի նշանակում, որովհետեւ առանց հաշվի առնելու քաղաքացու կամքը, շարունակում են նրանից գանձում կատարել, այսինքն, նրա գույքն ապօրինաբար վերցնել: 

«Հովիկ Աբրահամյանն ասում է՝ մենք կասեցնում ենք գործատուին պատասխանատվության ենթարկելը, շատ լավ, կասեցրեք, բայց  միեւնույնն է, գործատուն  կմտնի քաղաքացու գրպանը, գումարը չի ուղարկի կառավարությանը կպահի իր մոտ, սա նշանակում է, որ քաղաքացու հիմնական իրավունքը խախտված է»,-նշում է նա՝ հավելելով, որ ՍԴ որոշման վեցերորդ հոդվածը շարունակում է խախտվել:

Հիշեցնենք, որ տարեսկզբից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչով 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր են  աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, տարիներ անց որպես կենսաթոշակ ստանալու ակնկալիքով:

Սակայն, ՍԴ-ը ԱԺ ոչ իշխնական չորս ուժերի ներկայացմամբ քննելով Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի սահմանադրականության համապատասխանության հարցը,  հակասահմանադրական էր ճանաչել օրենքի այն դրույթները, որոնք  կարգավորում են պարտադիր բաղադրիչը:

Որորշման 6-րդ հոդվածում ՍԴ-ն ամրագրել էր, որ առանց քաղաքացու հայեցողության ոչ ոք իրավունք չունի նրանից պահումներ կատարել :

Հավելենք նաեւ, որ յոթ կետանոց դրույթներում վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեմ լինելով Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի  կիրառմանը մինչեւ նոր փաթեթի ներկայացումը, միաժամանակ հորդորել է  կազմակերպություններին շարունակել վճարումներ կատարել: 

«Իրականում Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի որոշում, որոշողը երկրի նախագահն է, եթե նրան պետք է , որ օրենքն աշխատի, ուրեմն այն կգործի, եթե չի ցանկանում, ուրեմն չի գործի, որովհետեւ Հայաստանում տնտեսական քաղաքականություն ոչ թե Հովիկ Աբրահամյանը կամ կառավարությունն է որոշում, այլ նախագահը: Դա ընդամենը փիառ է»,-«Մեդիալաբին » ասում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով, իրականում Սերժ Սարգսյանին պետք է, որ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքն աշխատի, դա կարվի փիառով, թե առանց փիառի, ըստ քաղտեխնոլոգի, նշանակություն չունի:

Կառավարության քայլը մանեւր է համարում նաեւԱրա Ղազարյանը:

 Ըստ նրա, կառավարությունը, փաստորեն հակադրվում է ոչ միայն ՍԴ որոշման տրամաբանությանը, այլեւ շրջանառության մեջ գտնվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի գաղափարին, որտեղ կարմիր թելի պես անցնում է մարդու հիմնական իրավունքների շատպանության հարցը: 

«Քաղաքացու գույքային իրավունքը նրա հինական իրավունքներից է: Այդ գաղափարը կառավարությունը այսօր չի ընդունում, նա մանեւրում է եւ կրքերը հանդարտեցնելու համար ժամանակավոր լուծում է առաջարկում,  ասում է՝ գործատուներ, դուք շարունակեք գանձել գումարը, բայց ես  պատասխանատվության չեմ ենթարկի որովհետեւ կոմպրոմիսի ե գնում քաղաքացիական հասարակության հետ: Լավ, գործատուի հարցը լուծվեց, բայց քաղաքացու աշխատավարձից պահումը շարունակվում է արվել, նշանակում է նրա իրավունքները խախտվում են»,-ասում է Արա Ղազարյանը

Քաղաքացիների գույքային իրավունքների պաշտպանության համար շարունակում է պայքարը հիմնական բաղադրիչի դեմ ձեւավորված «Դեմ եմ » քաղաքացիական նախաձեռնությունը: Նախաձեռնության ակտիվիստ Հայկ Ավետիսյանը  «Մեդիալաբին » ասում է, որ պայքարից հետ կանգնելու միտում կառավարության ձեռնարկած քայլերից հետո ամենեւին չկա:

«Մեր հստակ պահանջը միշտ եղել է այն, որ Հայստանում ոչ մի աշխատողից իր կամքին հակառակ որեւէ պարտադիր կուտակային գանձում չկատարեն, եթե ինչ-որ հայտարարությամբ կամ օրինագծով դա մասնակի է կասեցվում եւ մարդկանցից գանձումները շարունակվելու են, մենք դա բավարար չենք համարում»,-«Մեդիալաբին» ասում է ակտիվիստը՝ հավելելով, որ «Դեմ եմ »-ը այս օրերին մայրաքաղաքի համայնքներում իրազեկման աշխատանքներ է ծավալում:  

Հայկ Ավետիսյանի խոսքով, պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ բոլորը ոտքի կանգնեն եւ հասկանան, որ իրենք պետք է պաշտպանեն իրենց իրավունքները՝ թույլ չտալով ապօրինի գանձումներն կատարել:

Իրավաբան Արա Ղազարյանի խոսքով, բացի այն, որ  հունվարի մեկից առ այսօր կատարված գանձումները պետք է վերադարձվեն քաղաքացիներին, պետությունը նաեւ պետք է ներողություն խնդրի քաղաքացուց, եթե իսկապես ընդունում է, որ մարդը բարձրագույն արժեք է:

«Սրա փոխարենը սկզբում մատ էին թափ տալիս, հետո փորձում էին ինչ-որ բացատրություն գտնել,  հիմա էլ գոլորշի արձակելու համար ինչ-որ կիսատ- պռատ քայլեր են անում, կարծես թե հարցը դրանով լուծվում է: Սա ընդամենը խուսանավել է»,-«Մեդիալաբին » ասում է Արա Ղազարյանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am