«Նոյեմբերի 7-ի դրությամբ արդեն այլ տարբերակ չկար, քան փրկել այն, ինչ մնացել էր». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, քաղաքացիներն արդեն սկսե՞լ են վերադառնալ Ստեփանակերտ կամ այլ բնակավայրեր, ի՞նչ վիճակ է այս պահին:

– Դեռ ոչ բոլորն են վերադառնում, ժամանակի ընթացքում կվերադառնան: Հիմա վաղաժամ է այդ մասին հստակ բան ասել, բայց որոշ մարդիկ վերադարձել են, շատ քիչ: Կարծում եմ՝ շուտով կսկսվի վերադարձի գործընթացը: 

– Տեսակետ կա, որ 40 օրից ավելի մարդկանց հույս են տվել, որ Ալիևը ջախջախվում է, բայց բոլորովին այլ բան պարզվեց: Քաղաքացիներին ավելի շուտ չպե՞տք է պատրաստեին այս իրավիճակին:

– Հիմա նման հարցեր քննարկելու ժամանակը չէ, բոլորիս սրտից էլ արյուն է գնում: Այս ամենի մասին իհարկե կխոսենք: Նրանք Շուշի նոյեմբերի 5-6-ին են մտել, որքան գիտեմ՝ դրա մասին հայտարարվել է ամսի 7-ին, որովհետև մինչև այդ ժամանակ պայքար էր գնում:

Երբ տեսանք, որ արդեն անհնարին է հետ բերել, պետք էր ասել դրա մասին: Այս պահի դրությամբ, ես կարծում եմ, որ մենք պետք է գոնե այնպես անենք, որ է՛լ ավելի չբարդացնենք Արցախի անվտանգությունն ու նրա ապագան: 

Առանց այդ էլ ծանր վիճակում ենք, բայց անհուսալի չենք: Մենք ծանր վիրավորված ենք, բայց մեռած չենք: Սա նշանակում է, որ ապաքինման հնարավորություն կա: Այն, որ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, միանշանակ է, և՛ Արցախում, և՛ Հայաստանում, բայց այդ արմատական փոփոխությունները պետք է լինեն որակական, ոչ թե ինչ-որ անհատներ փոխվեն, իսկ հոգեբանությունն ու փիլիսոփայությունը՝ չփոխվեն: 

Մենք պետք է ունենանք համերաշխ, մեկս մյուսին հարգող հասարակություն: Հասարակության խնդիրը սա է, ոչ թե մեկ-երկու հոգու փոխելը, իսկ սա երկարատև գործընթաց է: 

Մենք չենք պարտվել թուրքին, ադրբեջանցուն և ահաբեկիչներին, մենք պարտվել ենք ինքներս մեզ, մեր հասարակության այն գարշելի, զզվելի դրսևորումներին, մեր բնավորության, որոնց մասին դեռևս գրում էր Մեծն Խորենացին։ Սա լավ պիտի հասկանանք: Եթե նոր որակ չհաղորդենք մեր հասարակական կյանքին, մեկս մյուսի հետ մեր հարաբերություններին, շատ ավելի վատ է լինելու:

– Շատ է հիմա խոսվում է, որ դավաճաններ կային հատկապես զինվորականների շրջանում, անգամ անուններ են շրջանառվում: Դավաճանությունն ի՞նչ դեր է ունեցել այս պատերազմում: 

– Դավաճանությունը ոչ պրոֆեսիոնալիզմն է, դավաճանությունը անգրագիտությունն է, դավաճանությունը էգոիզմն է, դավաճանությունը ուրիշին չլսելն է: Դրա համար ես ասում եմ, որ մենք մեր մեջ դա պետք է փնտրենք: 

Հնարավո՞ր էր խուսափել այս ելքից. այո՛, հնարավոր էր, բայց դա այլ հարց է: Այս իրավիճակում, նոյեմբերի 7-ի դրությամբ արդեն այլ տարբերակ չկար, քան փրկել այն, ինչ մնացել էր: Թե ի՛նչ կարող էր լինել, ի՛նչ չէր կարող լինել՝ դրա մասին մենք դեռ կխոսենք շատ ու շատ: 

– Արցախում չորս կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով նախագահի Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Հնարավո՞ր է, որ Արցախում նույնպես իրավիճակը լարվի, ինչպես Հայաստանում է լարվել:

– Ես չեմ ուզում, որ մենք արյան մեջ ձկներ փնտրենք: Հիմա այն վիճակը չէ, որ մենք գնանք դրան: Փոփոխություններ, այո՛, անհրաժեշտ են ամեն տեղ: Դրա համար պետք է համապատասխան ժամանակն ու վայրը լինեն: Պետք է որակ հաղորդենք, ոչ թե անհատների փոխենք: 

Մարդկանց փոփոխություն այս կամ այն կերպ լինելու է, որակը պետք է փոխել, մեզ որակ է պետք: Որակ այն առումով, որ հասարակության մեջ պետք է լինի համերաշխություն, բաժանարար գծեր չպետք է լինեն: Պետք է լինեն պրոֆեսիոնալներ, բարոյական բարձր որակներ ունեցող և հայրենասեր մարդիկ:

– Ամեն դեպքում ներքին խժդժություններ հրահրողներ չե՞ն լինի Արցախում:

– Հայ ենք, ամեն տեղ էլ կարող են լինել, բայց եթե ամեն ինչ գնաց այնպես, ինչպես պետք է, հասարակությունն է ընտրում իր ղեկավարներին, յուրաքանչյուր ղեկավարություն արտացոլում է հասարակությանը: 

Եթե հասարակությունն ուզում է շարունակել այնպես, ինչպես ուզում է, դա երևալու է ընտրությունների ժամանակ: Բայց այն, որ մեզ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, դա ակնհայտ է: Պետք է այնպես անել, որ է՛լ ավելի վնաս չտանք առանց այդ էլ ծանր վիրավորված Արցախին: 

– Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ դուք այս թուղթն ունեիք ամսի 28-29-ին, պետք է շուտ դրա մասին ասեիք, և այդ դեպքում Շուշին էլ չէինք հանձնի: 

– Մենք տվել ենք բազմաթիվ զոհեր, ես հիմա չեմ ուզում ներքաղաքական թեմաների անդրադառնալ: Խոսելու ենք ամեն ինչի մասին, ես էլ եմ խոսելու, որովհետև այդ իրավունքը շատերից ավելի շատ ես եմ վաստակել: 

Էդ իմ նկատմամբ է Ադրբեջանը միջազգային հետախուզում հայտարարել, բայց մենք պետք է այնպես անենք, որ փոփոխությունը լինի դեպի ավելի լավը, նոր որակ հաղորդի, ոչ թե պարզապես փոխատեղումներ արվեն: 

– Այն, որ ասում են՝ Արցախում ներքին հրահրումներ կան, Վիտալի Բալասանյանն է ակտիվացել: Էդպիսի բան կա՞ առհասարակ:

– Մենք իրար միս ուտելուց հոգնել ենք, զզվել ենք, վերջապես պետք է դարձի գանք, նույնիսկ այս վիճակում: Բայց մենք չենք ուզում դարձի գալ, մենք շարունակում ենք նույն ձևով, ուրեմն լավ չի լինելու 100 տոկոսով: 

Հիմա միգուցե եթե այս դասերը քաղենք, հետագայում ավելի ուժեղ ենք լինելու: Այսօր պետք է այնպես անենք, որ ծանր վիրավորված Արցախը չմահանա: Իհարկե պատասխան տալու են բոլորը, բայց խնդիրն այն է, որ մենք հիմա ծանր վիրավորված ենք, ու որոշ մարդիկ ուզում են այդ ծանր վիրավորին նորից պատերա՞զմ ուղարկել: Երբ ոտքդ կտրած է, ձեռքդ կտրած է, աչքիդ մեկը չկա՝ այ էդ վիճակում ենք հիմա: