«Հայաստանը զոն է՝ գաղութ, որտեղ գտնվում են ամենապատժվածները, ընկած թագավորներ, մեղավոր հոգևորականներ…». հայ կրիշնայականի խոհերը

«Հայաստանը զոն է՝ գաղութ, որտեղ գտնվում են ամենապատժվածները, ընկած թագավորներ, մեղավոր հոգևորականներ…». հայ կրիշնայականի խոհերը
«Հայաստանը զոն է՝ գաղութ, որտեղ գտնվում են ամենապատժվածները, ընկած թագավորներ, մեղավոր հոգևորականներ…». հայ կրիշնայականի խոհերը

 
Գայատրի Դևի Դասի` Գայանե Մարտիրոսյան: Գայատրի՝  գաղտնի մանտրայի անուն, նաև՝ հինդուիզմի Շիվա, Բրահմա և Վիշնու աստվածներից մեկի` Բրահմայի կնոջ անունը, և վերջապես հենց Կրիշնայի հլադինի շակտիի՝ հաճույքի բավարարման անձնավորումի Րադհարանիի անուներից մեկը: Դասին էլ նշանակում է ծառա։ Գայանեին Գայատրի անունով անվանակոչել է իր գուրուն՝ 2004թ, հատուկ այդ նպատակով Թուրքիա կատարած այցելության ժամանակ, որտեղ իրագործվել է այսպես կոչված յագյա  ծեսը:
 
Յագյա. զոհաբերության ծես: Կրակին է զոհաբերվում հատիկեղեն, համեմունքներ, արդար յուղ և գուրուն՝ ուսուցիչը, սանին օծում է որպես հոգևոր աշակերտ:

Գայատրին կրիշնակայություն ընդունել էր դեռևս 1999թ., երբ պատահաբար ձեռքն է ընկել  «Շրի Իշոպանիշադ» գիրքը, որը կարդալուց հետո գտնում է իր բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք փնտրել է դեռ մանկուց ու չի գտել ոչ մի կրոնում: Դա պատահեց մեկ տարի անց, երբ նա արդեն ամուսնալուծվել էր ու ուներ 4 տարեկան որդի, դասավանդում էր գեղարվեստի ինստիտուտում:
 
«Իշոպանիշադում կարդացի, որ մենք այս մարմինը չենք, այլ հոգի ենք, իսկ Աստծո սիրուն արժանանալու համար և փիլիսոփայությունը լավ ըմբռնելու համար պետք է հրաժարվել ծխախոտից, խմիչքից, թղթախաղից և արտաամուսնական կապերից: Եվ ամենակարևորը՝ միս չուտել: Ես հասկացա, որ դա հենց ինձ համար է՝ միշտ սպասում էի, որ մեկը գար ու դա ինձ ասեր»:
 
Գայատրին հասկացել է, որ այն, ինչ կատարվում է մարդու հետ, շրջապատում և այլուր՝ կարմայի արդյունք է: Նաև հասկացել է, թե ինչու են հայերն ավելի հալածված, քան ուրիշները: 
 
«Մինչ քրիստոնեությունը եղել է բազմաստվածություն, իսկ բազմաստվածության մեջ հանդուրժողականության հիմք կա, և այդ ժամանակ հայերն ավելի ծաղկուն ու հրաշալի են ապրել: Բայց իմ կարծիքով այստեղ ոչ թե Քրիստոսն է մեղավոր, այլ քրիստոնեությունը բռնի ընդունելը»:
 
Մարդու՝ առավել ևս հասուն մարդու համար, ի սկզբանե կա ազատ ընտրելու հնարավորությունը։ Ասում է Գայատրին: 
 
«Ուրեմն երբեք չպետք է բռնանալ, իսկ ավելի վատ է, երբ դա արվում է հոգևորի հիման վրա իշխանություն կառուցելու նպատակով, այսինքն կրոնը և քաղաքականությունը, պետական շահերը նույնացնելը։ Ի՞նչ է նշանակում հայ քրիստոնյա, դա ուղակի տգիտության վրա սարքած լոզունգ է, հայը գոյություն է ունեցել մինչև քրիստոնեությունը նույնպես ու հետո… աղանդ անունը դնել ու հալածել մյուս հոգևոր հետաքրքրություն ունեցողներին…։ Դե հիմա Քրիստոսը և քրիստոնեությունը շատ են իրարից հեռացած։ Այո, նույն ինքը Քրիստոսը շատ հզոր ու մեծ Հոգի է` մահատմա է, բարձր նվիրյալ։ Հիսուսի ուսմունքին ես սկսեցի հարգանքով վերաբերվել արդեն հետո, երբ ավելիին տեղեկացա, իսկ մինչ այդ աթեիստ էի ինձ համարում»։
 
Նա շարունակում է կարդալ Կրիշնայի գիտակցությանը վերաբերող գրականություն՝ մեծ ու փոքր գրքեր, ծանոթանում կրիշնայականություն ընդունած մարդկանց, որոնց 1994-1996թթ Երևանու շատ դաժան կերպով հալածել են: Նրանցից շատերը  լքել են Հայաստանը. նրանք էլ, որ մնացել էին՝ շատ վախվորած էին ու չէին համարձակվում բարձրաձայն, հրապարակային խոսել իրենց համոզմունքների մասին: 
 
«Բոլոր մարդիկ Աստծո սիրելիներն են՝ անկախ կաստայից, դավանանքից, ազգից, ցեղի տեսակից՝ գումարած կենդանիներն էլ հետը. բնության օրենքներով  ամեն բան ներդաշնակ է  ու օրինաչափ, բոլորնին էլ մեկ Տեր է ստեղծել»:
 
Ու Գայատրին, որ մինչ այդ ավարտել էր Կինոյի և թատրոնի ինստիտուտը, աշխատել մի քանի տեղ՝ թատրոնում, հեռուստատեսությունում, ինստիտուտում, դպրոցում, փորձեր արել քաղաքականության ոլորտում ու հասկացել, որ դա իրենը չէ, որոշում է գնալ Հնդկաստան: 
 
«Հնդկական մշակույթը տարօրինակ է, բազմազան ու բազմաբովանդակ, շատ սովորույթներ` օտար, շատ իմ ապրած կյանքին ու աշխարհի նկատմաբ իմ գեղեցիկի պատկերացմամբ,  ու ամեն անգամ մտածում էի գնամ-չգնամ, վերջապես 2010-ին գնացի»:
 
Որոշում է գնալ ու տեսնել Հնդկաստանը: Տեսնել, թե արդյո՞ք Կրիշնան եկել է այդ հողի վրա, ու եթե Աստծո ոտքը կպել է այդ երկրին, դա ի՞նչ երկիր է: Բհագավադ Գիտայում կարդացել էր, որ երբ կրոնը անկում է ապրում, Կրիշնան հաճախ իր ծառային է ուղարկում երկիր ու մեկ-մեկ էլ անձամբ է գալիս: 
 
«Ու ինքը` Կրիշնան, գալուց միշտ այցելել է  հենց Հնդկաստան,  և մյուս բոլոր ավատարները նույնպես։ Անգամ տեղեկություններ կան, որ Հիսուս Քրիստոսն էլ  իր վեհ ուսմունքը տարածելուց առաջ, այցելում է Հնդկաստան, նաև լինում է Վրաջայում, դա շատ տարօրինակ ու գրավիչ էր ինձ համար»:
 
Իսկ ինչո՞ւ, օրինակ՝ Նա չի եկել Հայաստան: Հռետորական հարց է տալիս Գայատրին՝ ընկնելով մտածմունքների մեջ: Կարծում է, որ չի եկել: Որովհետև կարմայի օրենքով՝ Հայաստանը նման մի տեղ է, որտեղ ուղարկում են ամենապատժվածներին:  Նրա կարծիքով՝ այս մոլորակն ընդհանրապես համարվում է միջին կարգի մի մոլորակ, որտեղ և հաճույք կա և տառապանք, ու մենք բոլորս եկել ենք այստեղ սովորելու, ու երբ վատ ես սովորում կամ քննությունդ չես հանձնում, մնում ես նույն դասարանում, մի խոսքով սա դպրոց է և մեզ ամեն պահի կարող են «գրատախտակի մոտ կանչել:  
 
«Հայաստանը զոն է՝ գաղութ, որտեղ գտնվում են ամենապատժվածները, ասենք ընկած թագավորներ, մեղավոր հոգևորականներ…: Օրինակ, հոգևորականը իրավունք չունի մի այլ կրոնի հոգևորականին վիրավորանք հասցնել, դա լուրջ հանցանք է, ինչը ըստ հինդուիզմի կանոնների՝ մեծ մեղք է: Նման բաներ Հայաստանում շատ են լինում,- մեկնաբանում է նա, – վեդայական գրականության մեջ կա Պարաշուրամա անունով ավատար՝ ինքը նույն Վիշնուն է, ով գալիս է, որ հրեշներին ու դեմոններին վերացնի, դա շատ վաղուց` 4.000.000 տարուց ավելի է եղել, ու նրանցից ոմանք փախչում են դեպի Միջագետք: Հիպոթեզ կա, որ մեր նախահայր Հայկը՝ նույն ինքը, ով մարտում հաղթեց Բելին, Կարտավիրա Արջունա անունով կշատրին  է, որը վատ է վերաբերվել  բրահմաններին:  Այդ ժամանակ փախնում գալիս են այս տարածքներում հաստատվում մի քանի կշատրիներ, իսկ երբ իմացա որ սանսկրիտով «հայ»  նշանակում է անեծք,  անգամ հիմա էլ, երբ մեզ մոտ ասում են , «չոռ կամ գրող կպա՞վ քեզ»  դրա նման Հնդկաստանի գյուղերում ասում են. «ինչ է հայ եղա՞ր, կամ հայասա՞ եղար»։ Հայասա և արմեն  ցեղերից ենք չէ՞ առաջացել։ Դեռ  լավ է, որ մեզ դրսում ոչ թե հայ,  այլ արմեն են ասում, դա ավելի գթառատ կոդ է մեզ համար»։
 
Գայատրին անհանգիստ դիմախաղ  ունի: Անընդհատ քայլում է՝ դեմքին խաղացկուն, երբեմն՝ մտահոգ ժպիտ: Գտավ արդյո՞ք այն, ինչ փնտրում էր Հնդկաստանում: Ասում է, որ՝ այո:
 
«Սկզբից գնացի Ուտտար Պրադեշ նահանգի Վրաջա կոչվող տարածքը, որը գտնվում է հեքիաթային, վերացական, մի միստիկական լոտոսի մեջ: Վրաջան յուրահատուկ տարածք է, տեղի բնակիչներն էլ շատ բարի են` բացսիրտ, բոլորը հավատում են ու վստահ են, որ իրենց բոլոր գործերը տնօրինում է հենց ինքը` Կրիշնան, ու հողը յուրահատուկ հատկություն ունի: Կողքից հոսում է  Յամունա գետը, որը Հնդկաստանի հինգ սուրբ գետերից մեկն է ու Յամունայի ափերով քայլելիս՝ արծաթը կարող ես զգալ՝ շատ բուժիչ է»: 
Յամունայի տակ շատ արծաթ կա: Ասում է Գայատրին: Տպավորություն է, որ Վրաջայի ժայռերից կաթ ու մեղր է բխում: Յամունայի ափերն էլ արծաթապատ է: 
«Յամունայի ափերը հայերը արծաթազերծ կանեին չէ՞- ժպտում է,- չէ՝  տեղացիները չեն թողնի»:
 
Վրաջայի կենտրոնում է գտնվում Վրինդավան կոչվող գյուղը, որտեղ Կրիշնան իր «խաղերն» է անցկացրել: Վրինդավանում մոտ 500 մեծ ու փոքր տաճարներ կան, որտեղ զբոսաշրջիկներ չեն կարող մտնել, որովհետև միս են ուտում. «Դա իրենց համար պիղծ է, ու եթե արտասահմանցի ես, ուրեմն դու արդեն ծնունդով ցածրորակ ես համարվում: Ինչ ուզում ես արա՝ չես մտնի այդ տաճարն ու վերջ»: 
 
Գայատրին պատմում է, որ Վրինդավանում բազմաթիվ ցնցոտիներով մարդկանց  կարելի է տեսնել, որոնք իրականում շատ հարուստ են ու շքեղ տներ ունեն. այդպես են հագնվում, որ կարողանան ներս մտնել: Շատ տպավորիչ անձանց կհանդիպես, միստիկա, հեքիաթ, ինչ ուզես կգտնես այդ փոքր տարածքում: Մսամթերքի ու խմիչքի խանութ բացարձակ չկա, ու գրեթէ ամենուրեք կնկատես կապիկներ ու խոզեր, շներ, անգամ մկներ ու նրանք  մարդու հետ հավասար  ազատ իրավունքով ապրում են էդ հողի վրա: 
 
«Ու ես զգացի, որ մարդն ինչքան ավելի բարձր արժեքներ է կարևորում, այնքան այս նյութական աշխարհը փոքրանում է ու դառնում անիմաստ: Վրաջայի բնակչությունը շատ յուրահատուկ, հյուրասեր ու բացսիրտ է, եթե հրաժարվես իրենց հյուրասիրությունից՝ կնեղանան: Երեխայի նման կարող են նեղանալ, եթե մերժես: Զոռով կտանեն: Կտանեն կհյուրասիրեն: Նենց համով են խոսում, չես կարող մերժել: Իսկական երեխաներ են։ Ժամանակին  Հիսուսն էլ է ասել. «Եթե մանուկների պես մաքուր լինեք, կարժանանաք երկնքի արքայությանը» ։
 
«Ամբողջ Հնդկաստանով մեկ էլ հնդիկները յուրահատուկ բարի են, իսկ սրբավայրերում ապրող հնդիկներն՝ առավել ևս: Մեկ-մեկ ինձ թվում էր, որ նրանք քնում են, որ առավոտյան  ինչ-որ մեկին լավություն անեն: Իսկ այնտեղ մնալու որոշումս հաստատվեց, երբ պարզեցի, որ Հնդկաստանում կան աշխարհի բոլոր կրոններն` իրենց բոլոր ենթաճյուղերով ու բոլորն իրար հետ համերաշխ են՝ բուդդիստը, քրիստոնյան ու մահմեդականը, հինդուն միասին կարող են մի սեղանի շուրջ նստել, ու դա ոչ մի խնդիր չի առաջացնում»:
 

գայատրի

Գայատրին շրջագայել է տարբեր նահանգներով ու քաղաքներով ու ասում է, որ դրանք բոլորը բազմազան են իրենց արժեքներով, մշակույթներով: Հիմնական լեզուն հինդուն է, սակայն շատ նահանգներում գերադասում են խոսել իրենց լոկալ լեզվով, օրինակ՝ ուրդու, պնջաբի, բենգալերեն: 
Հնդկաստանում կաստայական բաժանում կա: Երևի դա շատերը գիտեն: Գայատրին կարծում է, որ ամբողջ աշխարհում էլ այդ բաժանումը գործում է: Այս կամ այն ձևով: Հնդկաստանում դա կոչվ
ում է կաստա, մենք դրան անվանում ենք դասակարգ: 
 
Վեդայական ժամանակներից բրահմանները ամենաբարձր կաստան են՝ մտավորական, իմաստուն, գիտուն մարդիկ են: Հետո գալիս են կշատրիները՝  զինվորական, թագավորական կաստայի ներկայացուցիչները, որոնց վստահված է պետության կառավարումը: Վաիշյաները բիզնեսմեն, առևտրական, վաճառական մարդիկ են, իսկ շուդրաներին կարելի է համադրել բանվոր դասակարգի հետ: Նրանցից ավելի ներքև գտնվում են չանդալներն ու մլեչխանները, որոնք համարվում են անձեռնմխելի: Պիղծ։ Հիմա դա արդեն այդքան էլ հստակ ու ցցուն չէ, ու սահմանները լղոզվել են, ինչպես ողջ  աշխարհում։ Նրանք գերադասում են մնալ իրենց խմբում, քան թե խառնվել մյուսների հետ: 
Գայատրին ասում է, որ բրահմանական՝ մտավորական ծագում ունեցողները մի քիչ հպարտանում են, բայց ընդհանրապես բոլոր մարդիկ հիմա հավասար են ու չկա կաստայական խտրականություն։ Ըստ շաստրաների (հինդուիստական հոգևոր գրականություն) արդեն 5500 տարի է, որ  մենք գտնվում ենք Կալիի դարաշրջանում, ուր դեգրադացիան համատարած է, այսինքն տեխնիկայի զարգացում, քաղաքակրթութուն և այլն, մարդու որակներն անկում են ապրում ու հիմա առաջին  երեք կաստաների ներկայացուցիչները էլ չեն էլ ծնվում, գրեթե բոլորը հիմա շուդրայի որակներով են, մի քիչ դեռ պահպանվում է վաճառականի կաստան…ու անեծք կա հիմա  բոլոր թագավորների վրա, քանի որ օր-օրի դժվարանում է կառավարումը և ուղղակի պատիժ է, կամ ավելի ճիշտ անեծք, այս ժամանկներում ղեկավար լինելը։
 
Հնդիկները մեռելի վրա չեն ողբում: Ասում է Գայատրին: Իրենք, ընդհանրապես, մահվան վրա չեն ողբում: Մեռնելուց անմիջապես  հետո գալիս են հարազատները, այրում են դիակը, հետո լոգանք են ընդունում  ու մտերիմներով հաց են կիսում: Խունկ են ծխում, հոգսաշատ դեմքով խոսք ու զրույց կապում ու հեռանում: Բայց չեն ողբում, որովհետև գնացողի համար լացելը անպատիվ ու վիրավորական է: Նաև հանգնվում են սպիտակ շորեր, որը լուսավոր տեղ գնալու խորհրդանիշ է:
 
«Հնդկաստանում գերեզմանոցներ չկան: Շատ քիչ տեսա, այն էլ Գոայում, որը քրիստոնեական նահանգ է համարվում՝ փոքր խաչերով ու ոչ շքեղ, համեստ գերեզմաններ,- ժպտում է Գայատրին,-կան սրբավայրեր, որտեղ  սրբերի աճյուններն են ամփոփված, այն կոչվում է սամադհի են. նրանց չեն այրում, այլ աղ ցանելով  դնում  են հողի տակ»:
 
Վեդայական ուսմունքի համաձայն՝ եթե գնաս գերեզման կամ հողարկավորության, հետո  պետք է լոգանք ընդունես, որովհետև պղծվում ես, բայց սրբավայր գնալով հակառակ՝ մաքրվում ես: Իսկ սովորական մարդկանց այրում ու մոխիրը լցնում են ջուրը, համարելով, որ մարմինը, որ անջատ է հոգուց ու կարմայի կրող է՝ պետք է ոչնչացնել,  որպեսզի հաջորդ վերամարմնավորման ժամանակ նախորդ կարմայի  հետքեր չլինեն: Ու դա անում են հենց առաջին օրը: 
«Մարդկանց դիակները վառում են ու մոխիրը լցնում Գանգեսի, Յամունայի կամ որևէ սուրբ գետի մեջ: Գանգեսն էլ է շատ սիրուն ու հզոր։ Ես անձամբ խմում եմ Գանգեսի ջրից, նախ շատ մաքուր է ու սուրբ, գլխավոր գետերից մեկն է: Այո, միշտ խմում եմ  ու ինձ ոչինչ չի եղել: Մոխիրն էլ լցնելու հատուկ տեղ կա, որը հեռու է զբոսաշրջիկների այցելելու վայրերից»:
 
Ամենաշատը, որ Հնդկաստանում գրավել է Գայատրիին՝  գույներն են, գույների աշխարհը:
 
«Սև կամ սպիտակ գույներ չեն կրում, այլ վառ, բնական գույներ՝ օրանժ, կամ դեղին, կանաչ…, գորշություն չկա, ու ամենակարևորը` բոլորի դեմքին ժպիտ կա մշտապես։ ժպիտն էլ կեղծ չէ ու սարքովի, ասենք Արևմուտքի շատ երկրների նման արհեստական։ Իրենք շատ նման են հին հայերին՝ շատ հյուրասեր, բացսիրտ, ու եթե օտարի դուռը թակես, մի բան հարցնելու նպատակով, նախ կհյուրասիրի ու քեզ ճանապարհ կդնի։ Դե, իրենք շարունակում են աղոթել աստվածներին․իսկ մե՞նք ։ Մեզ մոտ մի Նոր տարի ունենք՝ ազգովի խոպանից գալիս, փողերը մսխում, մթոմ տոն ենք անում, մի կիսատ մարտի 8,  ապիլի 7, և, իսկ իսկական կարգին տոնի տրամադրություն շատ քիչ կա Հայաստանում»։
Տարվա մեջ 123 օրացուցային տոն կա Հնդկաստանում, իսկ Հոլին, Ջանմաշտամին ու Հիսուսի ծնունդը նշվում է ողջ Հնդկաստանով մեկ՝ անկախ դավանանքից, սոցիալական վիճակից կամ ազգությունից։
 
«Իսկ մեր մոտ համատարած մուննաթն է ու դժգոհությունը, թեպետ հնդիկը ևս հոգս ունի: Բայց Աստված, Բնությունն էլ հերթական իր նվերն է ուղարկում հավատավոր ժողովրդին։ Մի տեղ որ բոլորը հավատում են, մանկան պես մաքուր ու  միամիտ են, 4 հիմնական կրոնները` իրենց 67 ճյուղերով, տարբեր լեզուներ, տարբեր ազգերից զբոսաշրջիկներ. այ դա է ժողովրդավարությունը, հանդուրժողականությունը»։   
 
Գայատրին հիմա Հայաստանում է: Եկել է, որպեսզի նորից գնա: Նա գտել է իր տեղը: 
 
Գայանե Պողոսյան