Դունյա Միյատովիչը մտահոգված է լրատվամիջոցներին աղբյուրների բացահայտում պարտադրող որոշմամբ. «Պետք է հարգվի լրագրողների մասնագիտական իրավունքը»

Դունյա Միյատովիչը մտահոգված է լրատվամիջոցներին աղբյուրների բացահայտում պարտադրող որոշմամբ. «Պետք է հարգվի լրագրողների մասնագիտական իրավունքը»
Դունյա Միյատովիչը մտահոգված է լրատվամիջոցներին աղբյուրների բացահայտում պարտադրող որոշմամբ. «Պետք է հարգվի լրագրողների մասնագիտական իրավունքը»

Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր մտահոգություն է հայտնել Հայաստանում դատարանի որոշման կապակցությամբ, որով լրատվամիջոցներին հարկադրվում է բացահայտել ինֆորմացիայի իրենց աղբյուրները:

«Ես մտահոգված եմ, որ այս որոշումը հնարավոր է կաշկանդող ազդեցություն ունենա լրատվամիջոցների վրա, քանի որ կարող է խոչընդոտել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանմանը,-ի պատասխան «Մեդիալաբի» հարցման տարածած հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը: Պետք է հարգվի լրագրողների մասնագիտական իրավունքը՝ պահպանելու ինֆորմացիայի պետական եւ մասնավոր աղբյուրների գաղտնիությունը»:

Հիշեցնենք, որ մայիսի  սկզբին, «www.ilur.am»  եւ «Հրապարակը» իրարից անկախ անդրադարձել են Գյումրիում մայիսի 7-ի գիշերը տեղի ունեցած մի դեպքի, որն էլ պատճառ է հանդիսացել նման զարգացումների:  Ըստ հրապարակումների, այդ գիշեր,  Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, կանգնեցրել է հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին մեքենան, որ մեջ եղել է նաեւ վերջինիս եղբայրը, եւ քանի որ մի աղբյուրի հավաստմամբ դուրը չի եկել նրա կայանած մեքենան, մյուսի պնդմամբ` հեռահար լույսով երթեւեկելը` բռնություն է կիրառել չեմպիոնի հանդեպ:

Ինչպես եւ նման դեպքերում է տեղի ունենում, ՀՔԾ-ն լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա սկսել է նյութեր նախապատրաստել, որի ընթացքում լրատվամիջոցներին` աղբյուրը բացահայտելու պահանջ են ծանուցել եւ բացասական պատասխան տալով տեղեկատվական աղբյուրը բացահայտելու միջնորդությամբ ՀՔԾ-ն դիմել է դատարան եւ հաջողության հասել:

Աղբյուրի բացահայտման` դատարանի պահանջը մեդիափորձագետներն «աննախադեպ» են որակում: Ըստ նրանց, չնայած, որ վերջին տարիներին Հայաստանը մամուլի ազատության ոլորտում, ըստ միջազգային կառույցների առաջընթաց է արձանագրում, այս նախադեպը իրավիճակը կարող է բոլորովին այլ ուղղությամբ տանել:

«Այն ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն հակասում է խոսքի ազատությանը եւ զանգվածային լրատվության օրենքի դրույթներին,-«Մեդիալաբին» ասում է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը,- մեդիափորձագետների բացարձակ մեծամասնությունը համարում է, որ այս ամենը արշավ է ազատ խոսքի դեմ, մամուլի ազատությունը սահմանափակելու միջոց, պահանջ` օրենքի դեմ»:

ՀՀ Զանգվածային լրատվության մասին օրենքի 5-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ այն դեպքերի, երբ “քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով”:

«Եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»,-նշված է օրենքի երկրորդ մասում:

Երկու լրատվամիջոցների խմբագիրները վստահեցնում են, երբ մայիսի սկզբին իրարից անկախ անդրադառնում էին դեպքին, մտքներով էլ չէր անցնում, որ նման զարգացումներ կլինեն:

«Նման նախադեպ երբեւէ Հայաստանում չի եղել, որ ստիպեն լրատվամիջոցին բացահայտել աղբյուրը, սա ուղղակիորեն սպառնում է ազատ խոսքին, ինչպես նաեւ սպառնալիք է աղբյուրներին` թե տեսեք, խելոք մնացեք, իշխանություններն ուզում են վերահսկել ինֆորմացիայի յուրաքանչյուր արտահոսք»,-«Մեդիալաբին» ասում է «www.ilur.am»-ի խմբագիր Քրիստինե Խանումյանը:

Խանումյանը ավելացնում  է, որ ըստ էության բուն գործին ընթացք տալու փոխարեն իրավապահ մարմիններն անցել են «աղբյուրներին»:

«Շատերը այս ամբողջ պատմությունը կապում են օրինակ մեր ընդդիմադիր լինելու եւ սուր հրապարակումների հետ, սակայն սա միայն մեր խնդիր չէ: Այն լրատվամիջոցները, որոնք անտարբեր պիտի մնան այս խնդրին, պիտի հասկանան, որ սա ձեռնոց է նետված լրատվամիջոցներին,  եւ պետք է պայքարել, սա պատմություն է, որ վաղը իրենց հետ է պատահելու»,-համոզված է նա:

Ըստ Աշոտ Մելիքյանի, լրատվամիջոցները պետք է պայքարեն իրենց իրավունքների համար, իսկ եթե իրավապահները մինչեւ վերջ գնան` մինչեւ Եվրոդատարան:

«Աննախադեպ որոշմամբ վտանգվում է ոչ միայն մամուլի ազատությունն, այլեւ որպես հետեւանք կարող է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` երկրի դեմ որոշումներ կայացնելու պատճառ դառնալ»,-վստահ է նա:

© Medialab.am