«Եթե հետադիմական այս ուժերին հաջողվի տապալել Փաշինյանի իշխանությունը, Հայաստանն երկրորդ պարտությունը կկրի». Իրանցի վերլուծաբան

Իրանցի վերլուծաբան Աշքան Սամադին անդրադարձել է Հայաստանում ծավալվող իրադարձություններին։

«Հայաստանի Հանրապետության նախկին իշխանություններն Արցախյան պատերազմում երկրի պարտությունը փորձելու են լավագույնս օգտագործել՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ներկայիս իշխանությունը տապալելու համար։

Ստեղծված իրավիճակը նրանց տվել է եզակի հնարավորություն այդ նպատակն իրականացնելու համար, որը կորցնելու դեպքում հազիվ թե նրանց երկրորդ անգամ նման հնարավորություն ընձեռվի, ինչի համար այս հակակառավարական պայքարին միացել են նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական թիմերը, Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները ու մի շարք այլ քաղաքական խմբեր, որոնց կլանային շահերը վտանգվել են նոր իշխանության օրոք։

Անցածը վերադարձնելու այս գործընթացին միացել է նաև հայկական օլիգարխիան իր ողջ կարողությամբ երկրի ներսում ու դրսում, պաշտոնապես ու ոչ պաշտոնապես։ 

Այսպիսով, եթե հետադիմական այս ուժերին հաջողվի տապալել Փաշինյանի կողմից ղեկավարվող իշխանությունը, կարելի է ասել՝ Հայաստանն իր երկրորդ պարտությունը կկրի, բայց այս անգամ՝ կոռուպցիայի դեմ և երկրում ժողովրդավարություն հաստատելու պայքարում, ինչից հետո Հայաստանում կտիրի բռնություն, նորից գլուխ կբարձրացնի կաշառակերությունը, այն էլ՝ պետական մակարդակով, կոռուպցիան կտարածվի երկրով մեկ, կսկսվի լայնածավալ արտագաղթ, և նախկիներն իրենց իշխանությունը կամրապնդեն այնպես, որ այն այլևս ոչ մի կերպ չվտանգվի, ու երկրում տեղի չունենա ոչ մի տեսակ ժողովրդական հեղափոխություն կամ ընդվզում։

Այս դեպքում Ալիևի կլանն արդեն լիարժեք կերպով կարող է տոնել իր հաղթանակը, քանի որ նա հաջողեց ոչ միայն տարածքներ գրավել, այլև տապալել ողջ Կովկասյան տարածաշրջանում ամենաժողովրդավարական վարչակարգերից մեկը, եթե ոչ միակը։ Հենց այս վտանգն զգալով՝ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր ոչ մի առողջ քաղաքական ուժ չի միացել վերոնշյալ դաշինքին։ 

Նկատենք, որ նախկինները դեռ պիտի հայտնվեն դատարաններում ու, թերևս, ճաղերի հետևում՝ սեփական երկիրը երկար տարիներ թալանելու, ապօրինի հարստություն ձեռք բերելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, ինչից խուսափելու համար նրանք պատրաստ են ամեն ինչի, ընդհուպ հեղաշրջման։ 

Թերևս այդ ուժերը կփորձեն մարդկանց առջև դնել այսպիսի մի հարցադրում. ո՞րն է նախընտրելի՝ պարտված ժողովրդավարական պետությունը, թե՞ կոռումպացված իշխանությունը։ Եթե ընտրելու լինեիք, ո՞րը կընտրեիք։ 

Ես կարծում եմ՝ դա խիստ վտանգավոր հարցադրում է, որի նպատակն է արդարացնել երկրի թալանը կոռումպացված նախկին ռեժիմի կողմից՝ հող ստեղծելով նրա վերադարձի համար։

Պետք է ասել, որ պարտությունը պատերազմում ունի բազմաթիվ պատճառներ, այդ թվում՝ ոչ ճիշտ ռազմավարության կիրառումը, բայց նաև տարիներ շարունակ երկրի հնարավորությունների մսխումը։ 

Վերջում պետք է ասեմ, որ ես բախտ եմ ունեցել երկար տարիներ շփվելու հայերի հետ։ Պատմությունը ցույց է տալիս, որ հայերն իմաստուն ու խելացի մարդիկ են, ու վստահ եմ՝ նախկիններն հայերի այս իմաստության շնորհիվ երբեք չեն հասնելու իրենց նպատակին, և երկրորդ անգամ ոչ թե հայ ժողովուրդը, այլ նրանք են պարտվելու, ինչի շնորհիվ Հայաստանը շարունակելու է իր ճանապարհը ազատ, ժողովրդավար և խաղաղ երկիր դառնալու ուղղությամբ»։

Պարսկերենից թարգմանեց   Ժորժ Աբրահամյանը