«Երդմնազանց» մտավորականներ

Համայն թրքության դեմ համատիեզերական միայնության մեջ հայ զինվորի մղած 44-օրյա, ոչ մի րոպե չդադարող ահարկու պատերազմն ընդհատվեց միանգամից՝ հրադադարով: Մեկ դար հետո՝ կրկին ծանր հայրենակորուստ, և լռելյայն ու իրապես ցնցված է ողջ ազգը՝ հայրենիքում և ի սփյուռս: Խոսելու, վերլուծելու, վերաիմաստավորելու ենք երկար տարիներ և բոլոր ասպեկտներով:

Գրականության լեզվով՝ ցեղասպանության դաժան դեմքը «անթաղ մեռելներն» են (Փիթեր Բալաքյան), և մեր պետության ամենակարևոր լուծելիքն այսօր սա է: Այս իմաստով ընկալելի ու հասկանալի էր հայ մտավորականների երթերը տարբեր դեսպանատներ՝ գերյալներին արագ վերադարձնելու խնդրագրերով:

Անհասկանալի է այն, որ նվաստացուցիչ, պարտադրված հայտարարության գիշերից ակտիվացած քաղաքական ուժերին զուգահեռ ու համահունչ՝ քաղաքական պայքարի բովի մեջ են մտել մտավորականները: 

Այնպիսի տպավորություն է, որ հրադադարից անմիջապես հետո 11-րդ կարմիր բանակն է մուտք գործել Հայաստան, և մտավորականությանը վերադարձրել իրենց նախկին`սովետական կարգավիճակին: Իսկ այդ կարգավիճակով սովետական ինտելիգենցիայի յուրաքանչյուր ներկայացուցիչ, հապշտապ ու հախուռն տեքստով, գրավոր ու հրապարակավ, պարտավորված է բացահայտել իր գույնը՝ ես կարմիր եմ, ես սպիտակ չեմ: 

Ընդ որում՝ մեջտեղում լինելը, լռելը, այլ տեսակետ ունենալը, ինչպես ժամանակին չեկիստների կողմից, չեն խրախուսվում, ավելին՝ հրապարակավ այպանվում է:

Ամսվա սկզբին լսվեցին «ղալաթ անողների», փոշմանողների ու զղջացողների ձայները (թատրոնի ու սերիալային դերասաններ, երգիչներ), որոնք բարձրաձայնում էին 2018 թվականի ընտրություններին իրենց կատարած սխալը: Ասես մի ուժ ստիպում էր արտահայտվել անգամ քաղաքականապես պասիվ, գլուխկախ ստեղծագործող արտիստներին: 

Այս ընթացքում Միքայել Պողոսյանը հասցրեց դատի տալ իր հասցեին յուրովսանն արտահայտված Վահրամ Սահակյանին, վերջինս հրապարակավ «հաճույքով» ներողություն խնդրեց: 

Հիմա մի նկատառում. ընտրությունը փակ, գաղտնի, ժողովրդավարական պրոցես է: Ինչու և ում առաջ են արվեստագետները գաղտնազերծում իրենց քվեն, ընտրությունը, ձայնը: Եվ ինչ անելու կամ չանելու համար են ներողություն խնդրում:

Մտավորականները պետք է ժողովրդից ներողություն խնդրեին նախորդ, օրինակ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների համար, երբ մշակութի փոխնախարարները ստեղծագործական, հուշարձանների և մյուս ՊՈԱԿ-ների տնօրեններին կանչում էին նախընտրական խորհրդակցությունների, հրահանգավորում, տնօրեններն էլ հերթով, շարքով ու կարգով նրանց էին ներկայացնում աշխատակից մտավորականների ու համակիր ազգականների անձնագրային տվյալները՝ գրչագիր ու էլեկտրոնային տարբերակով: Ա՛յ այսպիսի՝ ինչքան ուզեն՝ այնքան կխփեն, ընտրության համար կարելի էր ներողություն խնդրել: Այս ամենը, թվում էր, մնացել էր անցյալում…

2018 թվականի առանց կաշառքի, ազատ ընտրության համար ով և ինչու է ներողություն խնդրում: Առաջին անգամ ազատորեն ում ցանկացել՝ ընտրել ենք, այդ թվում՝ մտավորականները, պայմանական ասած՝ նայած թե ի՛նչ են նախընտրել՝ քայլել, լուսավորվել, թե՞ բարգավաճել: 

Մամուլում ու սոցցանցերում արտահայտվող յուրաքանչյուր արվեստագետ (հիմնականում երգիչներ, դերասաններ՝ Վիգեն Ստեփանյան, Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Արա Դեղտրիկյան, Տիգրան Ներսիսյան ու Նելլի Խերանյան, Լուիզա Ներսիսյան, Լուիզա Ղամբարյան, Անդրանիկ Հարությունյան), բոլորս, մեր ազատ ընտրությամբ ընդամենը «ոչ» ենք ասել, մերժել ենք 10 հազար դրամանոց ընտրությունները, ոչ մի արվեստագետ երգուպարով չի սատարել, չսատարողներն էլ ամենայն ազատությամբ չեն սատարել: 

Ուրախների ու հնարամիտների մտավորականները 

Դեկտեմբեր 8-ին տեղի կայացավ «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով ընտրովի ու սահմանափակ թվով մտավորականներով փակ հավաք: Երկու օր տևած քննարկումներից հետո վեց տասնյակ ստորագրություններով կոչ հղվեց՝ վարչապետի հեռանալու պահանջով: Ի հավելումն քաղաքական պահանջի՝ ապագա կառավարությունից պահանջեցին վերականգնել մշակույթի նախարարությունը: Մի քանի անձի բացառությամբ, կոչը ստորագրող մտավորականները հիմնականում պասիվ են: 

Մեդիայում ու հարթակներում քաղաքական ակտիվություն դրսևորող մտավորականի հավաքական կերպարը առերևույթ և առաջին հայացքից այս է՝ ուրախների ու հնարամիտների ավագ ու միջին սերնդի շոումեն-պրոդյուսեր կամ ռեժիսոր-դերասան-երգիչ, ավազանի կրթությամբ այլալեզու՝ ռուսախոս կամ անգլիախոս, մի քանի երկրի քաղաքացիություն ունեցող ու նյութական հնարավորությունների տեր: Դարձյալ առերևույթ՝ ժողովրդի իրական վիճակին անհաղորդ, այլապես ինչպես բացատրել նույն ժողովրդին՝ զոհված, վիրավոր, անհայտ կորած ու գերեվարված, այս պահին բանակում թուրքի դեմ սահման պահող զինվորների ծնողներին ու հարազատներին վիրավորելն ու անպատվելը՝ ոտքի չկանգնելու հիմնավորումով: Նույն ժողովրդին բացահայտ անվանարկել իբրև անասուն, նախիր, անուղեղ, անհայրենիք, «Փեթակում» աբրանք» ծախող փերեզակ (մանր առևտրական): 

Հեռավոր մի համեմատություն՝ եթե ԱՄՆ նախագահ է ընտրվում, ասենք՝ Շոն Պենի անցանկալի թեկնածուն, արդյոք ոչ պակաս մտավորական արտիստն իրեն թույլ կտա՞ ընտրողներին անվանել նախիր կամ ժեխ (աղբի ժողովրդական, վիրավորական տարբերակը), իսկ մերոնք իրենց թույլ են տալիս՝ ընդամենը շեշտելու համար իրենց էլիտար կերածն ու ապրուստը:

Եվ ամենակարևորը՝ ոչ թե երգիչ-դերասանն են ինտելիգենցիան, այլ ֆիզիկոսն ու քիմիկոսը, որոնց պակասը ցավագին ու առարկայորեն զգացվեց: 

Նեոսովետիզմ

Ազգային ժողովում օրերս կազմակերպված բաց լսումների մասնակից մտավորական Գագիկ Գինոսյանի բնորոշմամբ՝ սա նեոսովետիզմ է, որն ակնհայտորեն վտանգում է Հայաստանի անկախությունը։ «Օր առաջ պետք է մտածել՝ ինչպես այս ամենն ավելի ուրիշ ընթացքի տանել։ Եվ վստահաբար դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և վստահաբար չպետք է գան նախորդ ուժերը, որոնք, միևնույն է, բերելու են նեոսովետիզմի։ Եվ ակնհայտ է, որ որևէ մեկը ստրկամիտ մտածելակերպից դեռ դուրս չի եկել։ Այն, որ հայտարարվեց, թե վերջապես ռուսական ալիքներից համաձայնություն ունենք համապետական և մայրաքաղաքային ալիքներով հեռարձակելու ռուսական ալիքները, սրանք առաջին քայլերն են, ծաղիկներն են, որոնք հետո դառնալու են մեծ մարգագետին կամ այգի»:

Նեոսովետիզմի ռահվիրա դերասան Վիգեն Ստեփանյանի սիրտն էլ, փաստորեն, կենտկոմի երկրորդ քարտուղարի հաստիք է ուզում: Այլապես ինչպե՞ս բացատրել «Արմնյուզի» եթերում նրա ասած այն միտքը, թե ժամանակին մի բան գիտեին, որ երկրի ղեկավարի կողքին բարձրագույն կուսակցական դպրոց ավարտած (ինքը, բնականաբար, ռուսերեն հապավումն ասաց) խելքը գլխին մարդ էին դնում:

Գայանե Մկրտչյան

MediaLab.am