88 կողմ և 15 դեմ. ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը որոշեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի:

Ազգային ժողովը Հանրաքվեի մասին նախագիծն ընդունեց ձայների 88 կողմ, 15 դեմ հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ընդգծեց. «Ժողովուրդը կորոշի Սահմանադրական դատարանի հարցը»:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ չընդունվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը: 

Նախագիծը չէր ընդունվել 36 դեմ և 87 ձեռնպահ ձայներով:

Ինչպես հայտնում է Ազգային ժողովի պաշտոնական կայքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության  44 պատգամավորներ:

Նախագիծը հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում:

Հեղինակներն առաջարկում են 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը, որը վերաբերում է  Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարմանը, շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է:

Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով:

Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում: