Լուսանկարում` սեպտեմբերի 1, Երեւանի դպրոցներից մեկում:
Սահմանային վերջին միջադեպերը պատճառ են դարձել, որպեսզիՀայաստանի սահամանամերձ բնակավայրերից բնակչության արտահոսք լինի: Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում նվազել է աշակերտների թիվը:
Չնայած սահմանամերձ բնակավայրերից մշտապես տեղեկություն է ստացվում, որ բնակչությունը սովոր է հակառակորդի կրակոցներին, խուճապ չկա, սակայն այս տարվա օգոստոսի սկզբի ինտենսիվ կրակահերթը որոշ ընտանիքների ստիպել է լքել իրենց տները:
Սահամանամերձ գյուղերի գյուղապետերը զգուշանում են խոսել այս մասին, բայց այդուհանդերձ նրանք չհերքեցին, որ նոր ուսումնական տարում ծնողներից ոմանք երեխաների գործերը հանել են դպրոցներից:
Սահմանամերձ Այեգպար գյուղում այս ուսումնական տարում առաջին դասարան կայցելի 4 աշակերտ՝ նախորդ տարվա 7-ի փոխարեն:
Գյուղապետ Անդրանիկ Այդինյանն ասում է, որ սովոր են այս թվերին, իրենց գյուղի դեպքում դա նորմալ է:
Նրա խոսքով՝ այս փուլում խոսակցություններ կան, որ որոշ ընտանիքներ հեռանում են գյուղից, բայց դեռ տեղեկատվությունը հստակ չէ:
«Ստույգ պատկերը պարզ կլինի սեպտեմբերի 1-ից հետո: Ընտանիքներ կան, որ գյուղից դուրս են գտնվում, գնացել են հանգստանալու, իրենց երեխաներին գյուղից տարել են, թե քանիսին դպրոցից կհանեն, վերջնական պատկերը կերևա սեպտեմբերին»,- «Մեդիալաբին» ասում է Անդրանիկ Այդինյանը:
Նրա խոսքով, նախնական հաշվարկով 5-6 երեխայով կպակասի դպրոցի աշակերտների թիվը:
Այգեպարի դպրոցում սովորում է 57 աշակերտ: Գյուղապետի խոսքով՝ առաջիկա տարիների համար կանխատեսվում է, որ գյուղում տարեկան 8-10-ով կավելանա դպրոց հաճախող երեխաների թիվը: Այս տարի Այգեպարում ծնվել է 2 երեխա, նախորդ տարի ծնունդների թիվը 5-ն է եղել:
Գյուղապետը արձանագրում է՝ սահմանամերձ գյուղացիների համար դժվար է այսօր թշնամու կրակոցների տակ ապրելն ու արարելը:
«Դե դուք ո՞նց եք պատկերացնում, ո՞վ լինի, որ ապրի կրակոցի տակ, վտանգավոր գյուղեր են, ծնողն իր երեխու մասին է մտածում, տանում է գյուղից»,- ասում է Այդինյանը:
Նա միաժամանակ կարծում է, որ ժամանակը կբուժի բոլոր վերքերը, հույսեր ունի, որ Այգեպարը ոչ իրենց կամքով լքած ընտանինքերը հետ են վերադառնալու:
Սահմանամերձ Մովսեսը գյուղը նույնպես մշտապես թշնամու կրակոցների տակ է գտնվում:
Տավուշի մարզի Մովսես գյուղը Երեւանից գտնվում է 225, մարզկենտրոնից` 85 իսկ ՀՀ ՀՀ պետական սահմանից ընդամենը 0.3 կմ հեռավորության վրա: Այսինքն, գյուղին հակառակորդի սահմանից բաժանում է ընդամենը 300 մետր հեռավորությունը:
Ըստ գյուղապետի, Մովսեսում փաստացի բնակվող մոտ 1400 բնակիչների համար թշնամու կողմից հնչող ամենօրյա կրակոցները սովորական են դարձել:
Օգոստոսի առաջին տասնօրյակի լարված իրավիճակն ստիպել է, որպեսզի գյուղի դպրոցից 8 աշակերտի գործեր ծնողները տեղափոխեն:
Լուսանկարում` սահմանամերձ Մովսեսը
Մովսեսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց, որ հետաքրքրվել է՝ այդ ընտանիքները ոչ թե Հայաստանից են հեռացել, այլ Մովսեսից տեղափոխվել են հանրապետության այլ բնակավայրեր:
«Վերջին տարիներին այդ դինամիկան է, եթե գյուղից տեղաշարժ կա, հանրապետությունից դուրս չեն գալիս: Վերջին կրակոցներից հետո վիճակը խաղաղ է, բայց գյուղից տեղափոխվող ընտանիքներ են եղել»,- ասում է դպրոցի տնօրենը:
Ռուզաննա Ադամյանի խոսքով՝ վերջին 5 տարիներին գյուղի դպրոցահասակ երեխաների թիվը նվազում է: Ներկայումս դպրոցի աշակերտների թիվը 132-ն է: Նրանց թվի նվազման վրա, ըստ դպրոցի տնօրենի, մեծ ազդեցություն է թողել հատկապես 90-ականների արտագաղթը, գյուղում գրեթե երիտասարդներ չեն մնացել: Մովսեսի դպրոցն այս տարի 10 առաջին դասարանցի կունենա՝ նախորդ տարվա 8-ի փոխարեն: Տնօրենն արդեն հաշվել է՝ հաջորդ ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվը պետք է 11 կազմի:
Սահմանամերձ Բերքաբերի դպրոցն այս տարի առաջին դասարանցի ընդհանրապես չի ունենա:
Այս իրավիճակը հուզել է գյուղապետ Արթուր Մադաթյանին: Նա նշում է, որ գյուղում այսօր իրավիճակը խաղաղ է, բայց գնացողներն արդեն գնացել են, առաջին դասարանցի չունեն:
«Ինձ էդ մասին էլ հարցեր մի տվեք, հուզվում եմ»,- «Մեդիալաբի» ասաց Արթուր Մադաթյանը:
Սահմանամերձ բնակավայրերին հատուկ կարգավիճակ տալու և բնակչության անվտանգությունն ապահովելու մասին բազմիցս է բարձրաձայնվել: Թեև սահամամերձ բնակավայրերի բնակչությունն ազատված է հողի ու ջրի հարկից, սակայն մարդիկ չեն կարողանում մշակել իրենց այգիները, քանի որ դրանք թշնամու նշանառության տակ են:
Օրինակ, հիմնականում հողագործությամբ եւ անասնապահությանբ գոյատեւող Մովսեսի համայնքի ավելի քան 745 հա վարելահողերն ու 688 հա արոտները անմշակ են մնում, քանի որ գտնվում են ուղիղ «կրակի տակ»:
«Կրակահերթերի տակ գյուղացին այգիները չի կարողանում մշակել»,-«Մեդիալաբին» ասում է Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:
Սահմանային վերջին միջադեպերը պատճառ դարձան, որպեսզի կառավարությունը ևս մտահոգվի սահմանապահ բնակավայրերին արտոնություններ տալու հարցով: Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, վերջին շրջանում շրջելով սահմանամերձ բնակավայրերում, առանձնացրել է բնակիչների խնդիրներն ու համապատասխան օրենքի նախագիծ ներկայացրել Ազգային ժողով:
Զուգահեռ, սահմանամերձ բնակավայրերի մասին օրինագծեր են մշակել ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակն ու կառավարությունը: Այս երեք օրինագծերն էլ առաջիկայում պետք է քննարկվեն խորհրդարանում և կորոշվի, թե որն է ընդունվելու և ինչ արտոնություններ ենմ տրվելու սահմանապահ գյուղերի բնակիչներին:
Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը կարծում է, որ իշխանությունների վարած քաղաքականության պատճառով են այսօր սահմանամերձ գյուղերը դատարկվում:
«Ես կանխազգում եմ, որ սա նոր քաղաքականություն է: Օրերս Սերժ Սարգսյանը կրկնեց Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, որը տարիներ շարունակ մերժվում էր: Սերժ Սարգսյանը երիտհանրապետականների հետ հանդիպմանը հայտարարեց հետևյալը՝ պարզվում է՝ ժողովուրդը արտագաղթում է ոչ թե անարդարության կամ սոցիալ-տնտեսական պատճառներով, այլ Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վախից: Սա դասական պարտվողական և սադրիչ քաղաքականություն է»,- «Մեդիալաբին» ասում է Տիգրան Խզմալյանը:
Նա նշում է, որ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով են սահմանամերձ բնակավայրերի ծնողներն իրենց երեխաներին հանում դպրոցից: Սա, ըստ նրա, իշխանությունների համար հետևյալ խնդիրն է լուծում. ապահովում է նրանց չակերտավոր նոր քաղաքական այս թեզի իրագործումը, որի նպատակն է խուճապ սերմանել մարդկանց մոտ, խրախուսել արտագաղթը:
«Հանելով դպրոցականներին, նա այդ բնակավայրերից հանում է ընտանիքներ, ընտանիքներ, որոնք կորցնում են իրենց արմատներն ու հեռանում երկրից: Այնպես, որ սա իրականում քաղաքական հաշվարկ է»,- ասում է Տիգրան Խզմալյանը: Նա նշում է, որ իշխանությունները պետք է ամրապնդեն սահմանները, գոտեպնդեն ու ոգևորեն սահմանապահ ժողովրդին, սակայն դրա փոխարեն սադրիչ գաղափարախոսություն են սերմանում:
Հիշեցենք, որ հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը ակտիվացրել էր կրակոցներն ու դիվորսիոն հարձակումները, ինչի հետևանքով ադրբեջանական կողմը տվել էր առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ: Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել էր 6 զոհ, 7 վիրավոր: Օգոստոսի 2-ից հետո էլ սահմանում իրավիճակը որոշ ժամանակ լարված էր:
Մարի Ներսեսյան
© Medialab.am