«Ակնհայտ է, որ ներկա պայմաններում Թուրքիայի հետ բանակցություններն իմաստ չունեն, առկախել է պետք». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, վերջին շրջանում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները միաբերան հայտարարում են, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար անհրաժեշտ է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ կնքի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը։ Հաճախակի են դարձել թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների հանդիպումները։ Այս ամենն ինչի՞ մասին են խոսում, Թուրքիան այս պահին ի՞նչ է պահանջում Հայաստանից։

Թուրքիայի պահանջները շատ հստակ արտահայտված են և՛ երկրի նախագահի, և՛ արտգործնախարարի կողմից, այս պահին ունեցած պահանջները Հայաստանից երկուսն են՝ առաջինը, որ Հայաստանը ստորագրի փաստաթուղթն ու ճանաչի Արցախը՝ որպես Ադրբեջանի տարածքի մաս ու տրամադրի «Զանգեզուրի միջանցքը»։ Այս երկու պահանջն է, որ Թուրքիան արդեն քանի անգամ պահանջում է, որ Հայաստանը դրանք կատարի ու գա այդ զիջումներին, դրանք Հայաստանի կողմից շատ մեծ զիջումներ են։

– Չնայած միջազգային հասցեական հայտարարություններին, այնուամենայնիվ, Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը։ Ռազմական այդ էսկալացիաները միտված են թուրք-ադրբեջանական տանդեմի այդ պահանջների իրագործմա՞նը։

– Դրանք, այո՛, միտված են Հայաստանի վրա ճնշում գործադրելուն, և ակնհայտ է, որ Ադրբեջանի թիկունքին կանգնած է Թուրքիան։ Բացի այդ երկու խնդրից, որոնց մասին ասացի, Թուրքիան ունի ավելի հեռուն գնացող նպատակներ, ու դրանցից մեկը, ես վստահ եմ, Հարավային Կովկասը լիովին իր ազդեցության տակ վերցնելն է։ Սա Թուրքիայի ռազմավարությունն է, և փորձում է քայլ առ քայլ դա իրականացնել՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանը թուլացած է, զբաղված է Ուկրաինայի խնդրով։

– Այսինքն՝ ստացվում է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու մյուս այն երկրները, որոնք սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո հասցեական հայտարարություններով ու կոչերով հանդես եկան, Թուրքիային ճնշելու կամ զսպելու բավարար միջո՞ց չեն։

– Առաջին հերթին կարող ենք նշել միայն ԱՄՆ-ին, մնացյալի մասին կարող ենք չխոսել։ Թուրքիայի կախվածությունը ԱՄՆ-ից մեծ է, և Թուրքիան շատ զգուշավոր է, չնայած թույլ է տալիս տարբեր քայլեր, որոնք, իհարկե, ամերիկացիների դուրը չեն գալիս։ ԱՄՆ-ն Թուրքիային ճնշելու հնարավորություններ ունի, ինչի մասին գիտի նաև Թուրքիան։ Այսինքն՝ երկու կողմն էլ ունեն իրենց կարմիր գծերը, որոնք չեն անցնում։

Թուրքիան, փաստորեն, իր տարածքը բաց է պահում ռուսների համար, չի միանում Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին: Չնայած ժամանակ առ ժամանակ Վաշինգտոնից հնչում են հայտարարություններ, որոնցով պահանջում են, որ Թուրքիան հետևի արևմտյան երկրների օրինակին, բայց լուրջ ճնշում չեն գործադրում։

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ ԱՄՆ Կոնգրես ու Սենատ ներկայացված նախաձեռնությունը, որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, կընդունվի՞։

– Շատ բարդ հարց եք տալիս, բայց շատ բան կախված կլինի Բայդենի վարչակազմից, որովհետև նրանք իրենց լծակներն ունեն Կոնգրեսի վրա։ Արդյոք այս պահին ԱՄՆ-ն կգնա՞ այդ բանաձևի ընդունմանը, շատ դժվար է ասել։ Մի կողմից մենք տեսնում ենք ԱՄՆ-ի կողմից հասցեական հայտարարություններ՝ ուղղված Ադրբեջանին, բայց մյուս կողմից՝ Ադրբեջանի թիկունքին կանգնած է Թուրքիան, իսկ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն այլ մակարդակ են։ ԱՄՆ-ն եթե որոշակի ռեսուրս ներդնի, կարող է Թուրքիայի վրա ճնշում գործադրել, ուղղակի հարց է՝ կներդնի՞ այդ ռեսուրսը, թե՞ կպահի ուրիշ դեպքի համար։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը փոխկապակցված չորս օրակարգ են քննարկում՝ մարդասիրական, ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանագծման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը։ Ըստ ձեզ՝ այս քննարկումները որևէ արդյունք կտա՞ն. Ադրբեջանն ու Թուրքիան իրենց մտադրություններից հետ կկանգնե՞ն։

– Ես շատ թերահավատորեն եմ մոտենում նրան, որ հնարավոր կլինի Ադրբեջանին ու նրա թիկունքին կանգնած Թուրքիային քաղաքակիրթ հարաբերությունների սեղանի շուրջ նստեցնել։ Իմ դիտարկմամբ՝ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան համարում են, որ 44-օրյա պատերազմում հաղթանակ տանելուց հետո իրենք ավելի շատ բան պետք է ստանային, քան ստացել են։ Դրա համար էլ հիմա այդպես անթաքույց, լկտիաբար փորձում են ստանալ այն, ինչ իրենք համարում են իրենցը։

Ռուսաստանը կորցնում է Ադրբեջանի ու մանավանդ Թուրքիայի վրա ազդելու իր քաղաքական միջոցները։ Մնում է ԱՄՆ-ն, որ Թուրքիայի վրա ազդի, իհարկե ազդեցությունը կա, բայց որքանո՛վ ամերիկացիները ավելի ազդեցիկ քայլերի կդիմեն՝ Թուրքիային ճնշելու համար, ժամանակը ցույց կտա։

– Թուրքիայից եկող այս հայտարարությունները, որոնցում ակնհայտորեն երևում է Թուրքիայի իրական նպատակները Հայաստանի ու Արցախի հետ կապված, այս ամենը նկատի ունենալով՝ ինչ եք կարծում, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցությունները որքանո՞վ կարող ենք արդյունավետ համարել, ու որքանո՞վ է նպատակահարմար շարունակել այդ բանակցությունները։

– Ես այդ ակնհայտ նպատակների մասին բազմիցս եմ խոսել, ու Թուրքիայի իրական նպատակներն ինձ վաղուց են հայտնի։ Կարծում եմ, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորումը շատ հեռավոր հեռանկար է։ Հիշում ենք, որ Թուրքիան սկզբից հայտարարում էր, թե բանակցություններն առանց նախապայմանների են ընթանում, ու կային մարդիկ, որ հավատում էին դրան։

– Հայկական կողմն էլ էր այդ մասին պնդում։

– Այո՛, բայց հետո, չնայած Թուրքիան շարունակեց պնդել, թե բանակցություններն առանց նախապայմանների են շարունակվում, բայց կողքից ամենաբարձր մակարդակով շատ հստակ նախապայմաններ էին դնում Հայաստանի առջև, այն երկու պահանջը, որոնց մասին խոսեցինք արդեն։ Ակնհայտ է, որ ներկա պայմաններում Թուրքիայի հետ բանակցություններն իմաստ չունեն։ Չարժի կտրուկ ասել, բայց, ամեն դեպքում, պետք է առկախել։

– Պարո՛ն Սաֆրաստյան, ոմանք կարծում են, որ բանակցությունների չգնալը կտրուկ կմեծացնի պատերազմի ռիսկը։

– Ես համաձայն չեմ, որովհետև Թուրքիան իր նպատակներին հասնելու համար անում է քայլեր՝ առանց հաշվի առնելու՝ կա՞ բանակցություն, թե՞ չկա։ Թուրքիայի քաղաքականությունը սա է, եթե մինչև հիմա պարզ չէր ոմանց համար, ապա հիմա արդեն պարզ է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am