«Ընդվզող զանգվածը գրեթե դադարել է գոյություն ունենալ». Վերլուծաբաններն լավատես չեն եռյակի նախաձեռնած պայքարից

«Ընդվզող զանգվածը գրեթե դադարել է գոյություն ունենալ». Վերլուծաբաններն լավատես չեն եռյակի նախաձեռնած պայքարից
«Ընդվզող զանգվածը գրեթե դադարել է գոյություն ունենալ». Վերլուծաբաններն լավատես չեն եռյակի նախաձեռնած պայքարից

Ոչ իշխանական եռյակի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և Ժառանգության պահանջներում հստակություն չկա, հետևաբար նրանց նախաձեռնած գործընթացից որևէ ակնկալիք չպետք է ունենալ: Այս կարծիքին է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ ներկա փուլում քաղաքական եռյակը մարզերում հանրահավաքների շարք է նախաձեռնել, որից հետո նախատեսվում է հոկտեմբերի 10-ին  Երևանի Ազատության հրապարակում  համապետական հանրահավաք անց կացնել:

Չնայած մարզային հանրահավաքները շարունակվում են նախատեսվածի համաձայն, այնուամենայնիվ եռյակի պահանջը հստակ չէ, ավելին, օրերս ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը հայտարարել է, թե հոկտեմբերի 10-ի սպասվող հանրահավաքում եռյակը նոր կներկայացնի իրենց հստակ պահանջները:

Սեպտեմբերի 25-ին Աբովյան քաղաքից մեկնարկած եռյակի մարզային հանրահավաքներում հնչող ելույթներում եթե «Ժառանգություն» կուսակցության և ՀԱԿ-ի անդամները խոսում են իշխանափոխության մասին, ԲՀԿ-ն ավելի զգուշավոր  է  վերաբերվում այս հարցին:

MHM90400 «Հստակություն չկա, թե եռյակն ինչ է ցանկանում անել: Եռյակի մեջ մտնող ուժերից մեկը նշում է, որ գործընթացի նպատակն է կառավարությանը ստիպել կատարել 12 կետերը և հայտարարում են, որ իրենք դեմ են սահմանադրական փոփոխություններին: Մյուս երկու ուժերը կողմ են իշխանափոխությանը: Բայց անհասկանալի է, թե իշխանափոխություն ասելով՝ ինչ են հասկանում. նախագահի՞ հրաժարական, ԱԺ արտահերթ ընտրություննե՞ր, կառավարության հրաժարակա՞ն, թե՞ բոլորը միասին»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Ըստ քաղտեխնոլոգի, գործընթացը դեռևս հստակ չէ կամ կան հատվածներ, որոնք անհասկանալի են, հետևաբար այդ գործընթացից ինչ-որ բան ակնկալելն անհնար է:

Նրա խոսքով՝ երբ հարցը վերաբերում է 12 կետերի կատարմանը, ապա կառավարությունը նշել է, որ կետերի մի մասը կատարել է, իսկ մի մասը չի կարող կատարել, մյուս մասն էլ ընդհանրապես իր գործառույթներից դուրս է:

Երբ հարցը վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա դա այն հարցը չէ, որը հասարակությանը ոտքի կկանգնեցնի, ինչ-որ հակաիշխանական գործողությունների կտանի:

«Հանրաքվեն ընտրություն է, իսկ ընտրությունը ընտրակաշառքի բաժանում է, իսկ մենք գիտենք, որ ցանկացած ընտրության դեպքում 10 հազար դրամով կարելի է ցանկացած տոկոս խփել: Այսինքն՝ այստեղ էլ մեծ փոփոխություն ակնկալել պետք չէ: Ինչ վերաբերում է իշխանափոխության հարցին, եթե անգամ լինի ընդհանուր իշխանափոխության հարց, ապա այստեղ ամենակարևորը նախագահի հրաժարականն է, բայց այս գործընթացում ակնկալիքներ կարող են լինել միայն այն դեպքում, եթե լինի Ռուսաստանի Դաշնության նախագահի, ժողովրդի լեզվով ասած, դաբրոն: Այդ դաբրոն ես դեռևս չեմ տեսել»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Հետևաբար, ըստ նրա, հոկտեմբերի 10-ին տեղի կունենա հանրահավաք, որից կարող ենք ակնկալել երեք կուսակցությունների ղեկավարների ելույթներ և լրատվամիջոցների ներկայացուցիչների լուսաբանում, ուրիշ ոչինչ:

«Գործընթացը լուրջ է այնքանով, որ եռյակը փորձում է իր ուժերի զորահանդես անցկացնել»,-կարծում է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կնետրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքով, հանրահավաքի միջոցով եռյակը մի կողմից կհասկանա, թե ինչ ժողովրդականություն է վայելում, մյուս կողմից իշխանություններին կփորձի ցույց տալ, թե ինչ կշիռ ու ժողովրդականություն է վայելում:

«Այս առումով սա, իհարկե, բավականին լուրջ գործընթաց է: Ինչ վերաբերում է կոնկրետ պահանջներ ներկայացնելուն, չեմ կարծում, թե եռյակը չի կողմնորոշվել, պարզապես պահանջ չունի ներկայացնելու, պարզապես ինքն իրենց ցույց տալու խնդիր ունի»,- «Մեդիալաբին» ասում է Աղասի Ենոքյանը:

Նշելով, որ եռյակում ծանրակշիռ դեր ունի ԲՀԿ-ն, Աղասի Ենոքյանն ասում է, որ ԲՀԿ-ին անհրաժեշտ է, որպեսզի ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» խոսեն իշխանափոխության  մասին: ԲՀԿ-ն, նրա խոսքով, իշխանափոխություն չի ուզում, պաշտոններ է ուզում:

«Մենք տեսանք ԲՀԿ-ի նախաձեռնած պրոցեսը, իրենք ստացան իրենց ուզած վարչապետին, հիմա երևի ուրիշ պորտֆելներ են ուզում»,- ասում նա:

Նա նշում է, որ հանրահավաքի թափից կերևա, թե ինչ սպասումներ կարելի է ունենալ, բայց ըստ նրա, մեծ է հավանակությունը, որ հոկտեմբերի 10-ին տեղի կունենա հերթական հանրահավաք:

Արմեն Բադալյանը անհնար է համարում, որ եռյակը կկարողանա իշխանափոխություն իրականացնել: Նա եռյակին հիշեցնում է, որ քաղաքական գործընթացներն ունեն օրինաչափություն, անկախ նրանից, թե դրանք որտեղ են տեղի ունենում:

«Ուկրաինայում ինչո՞ւ ընդդիմությունը հաջողության հասավ, որովհետև ուներ երեք պայման՝ Արևմուտքի աջակցություն, փող և հասարակության մեջ ընդվզող մեծ զանգված: Իշխանափոխության գործընթացի համար, եթե ընդհանուր նկարագրենք, այդ երեք պայմանները պարտադիր են՝ արտաքին դաշնակից, փող և ընդվզող զանգված: Այսօր չեմ տեսնում, որ եռյակն ունի արտաքին դաշնակից, Հայաստանում չենք տեսնում արտաքին աջակցություն, լավագույն դեպքում կարելի է ասել, որ գումարային հարցում խնդիր չկա, որովհետև ԲՀԿ- առաջնորդը գումար ունի, իսկ ընդվզող զանգվածն էլ գրեթե դադարել է գոյություն ունենալ»,- ասում է Արմեն Բադալյանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am