Դատարանը մաքրելը եղանակ չի փոխում, որովհետև դու չես մաքրել քննչական, դատախազական համակարգերը. իրավապաշտպանը՝ վարչապետին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան, փաստաբան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, Կառավարության նիստում վարչապետը խոսեց դատաիրավական կարևոր փուլի մեկնարկի մասին։ Դուք ի՞նչ սպասումներ ունեք, արդյունավետ կլինե՞ն այդ բարեփոխումները։

– Իրականում այդ բարեփոխումները շատ ուշացած են, և այնքան էլ վստահ չեմ, որ կարող են արդյունավետ լինել, որովհետև իրավիճակը Հայաստանում ծանր է։

Չկա այդ հավատը, չկա այդ վստահությունը։ Այնպես որ… չգիտեմ։ Իհարկե կուզեի, որ, թեկուզ փոքր ծավալով, բայց դրական տեղաշարժ լիներ, բայց այնքան էլ վստահ չեմ, որ այսքան ուշացումից հետո այդքան փոքրիկ փոփոխությունը էական մեծ փոփոխություն կբերի համակարգում։ Բայց ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ։

– Փոքրիկ ծավալով փոփոխություն ասելով նկատի ունեք մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրո՞ւմը։ 

– Ես կարծում եմ, որ հեղափոխությունից շուրջ երեք տարի անց մենք արդեն պետք է ունենայինք ամբողջովին բարեփոխված, ամբողջովին ճիշտ հունի մեջ դրված դատական համակարգ։ Մենք ունեինք այդ հնարավորությունը՝ երեք տարիների ընթացքում ստեղծելու բարեփոխված դատական համակարգ, եթե քայլերը ձեռնարկվեին հեղափոխությունից անմիջապես հետո։

Հեղափոխությունը մեզ սկզբունքային ու կտրուկ փոփոխություններ անելու հնարավորություն էր տալիս, բայց մենք դա չարեցինք։

Իսկ հիմա փոքր քայլերով են փոփոխություն կատարում, այսինքն՝ ստեղծում են դատարան, որը, իրենց կարծիքով՝ անաչառ կլինի, այն դեպքում, երբ մենք ասում էինք դատական համակարգը պետք է վեթինգի ու լյուստրացիայի ենթարկել և մաքրել։

– Դուք նկատի ունեք՝ ազատվել հին դատավորների՞ց։

– Ե՛վ դատավորներից, և՛ բարքերից, և՛ գաղափարախոսությունից, և՛ մտածելակերպից, բացառել անպատժելիության զգացումը, որը մեր դատարաններն ունեցել են, իսկ այսօր արդեն բացարձակ անկառավարելի վիճակում են։

Դատավորների մեծամասնությունը կարծում է, որ իրենք անպատժելի են, և այդ զգացողությունը նրանց մոտ գագաթնակետին է հասել։

Իսկ անպատժելիությունը, ինչպես հին հռոմեացիներն էին ասում, բերում է առավել ծանր հանցագործությունների։

Այնպես որ, գաղափարները, համակարգերը չփոխելով, իրավիճակային լուծումներ տալով՝ գլոբալ խնդիրը չի լուծվում։ 

– Իսկ ի՞նչն է ձեզ ստիպում ասել, որ դատավորներն իրենց անպատժելի են զգում, գուցե օրինակներո՞վ հիմնավորեք։

– Որովհետև բոլոր այն գործերով, որոնք կարևոր էին, սկզբունքային, դրսևորվեց ակնհայտ սաբոտաժ։

Բայց սա միայն դատարաններին չի վերաբերում, որովհետև կալանքի հարցերը, քրեական գործերի քննության ընթացքը հուշում են, որ ամբողջ գործընթացը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում են համագործակցել քննչական մարմինները, դատախազությունն ու դատական ամբողջ համակարգը։

Իրենք, եթե ֆուտբոլային տերմինով ներկայացնեմ, պասերով են խաղում, խաղում են շատ փայլուն և խաղում են հանուն հանցավոր ռեժիմի կարկառուն դեմքերի կարգավիճակները չփոխելու։

Դա այնքան ակնառու է, որ մինչև անգամ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի մասին հայտարարություններ են հնչում փողոցում, և դատավորները կալանք չեն կիրառում, չեն որոշում մեկուսացնել տվյալ անձանց։

Հանրային ամբողջ դժգոհությունն ուղղված է դատական համակարգի դեմ, սակայն դա ազնիվ չէ, որովհետև դատաիրավական համակարգում միայն դատարանը չէ, ուղղակի դատարանի գործողությունները տեսանելի չեն։

Մնացած կառույցների գործողությունները օբյեկտիվ պատճառերով տեսանելի չեն, օրինակ՝ քննչական մարմինները հայտնում են, որ նախաքննությունը գաղտնի է, և մենք չգիտենք՝ ինչով են զբաղված քննիչները, արդյոք բավարար ջանասիրությա՞մբ են հարցաքննում բոլոր վկաներին, հավաքո՞ւմ են բոլոր ապացույցները։ Մենք նման ինֆորմացիա չունենք։ 

Մենք չգիտենք նաև, թե ինչ վերահսկողություն է իրականացնում դատախազությունը, ինչ աշխատանքներ են տարվում և այլն։

Արդարադատություն իրականացնող համակարգը՝ սկսած ոստիկանությունից, քննչական մարմիններից, ԱԱԾ-ից, դատախազությունից, դատարաններով վերջացրած, մեկ ամբողջական մարմին է, և նրանք աշխատում են մեկ միասնական սկզբունքով, հանուն Հայաստանի շահերի։

Մեր երկրում, սակայն, այդ համակարգը իրականացնում է միանգամայն այլ գործառույթ՝ ծառայում է իրեն նշանակողին, հանցավոր ռեժիմին։ Իսկ այդ երևույթը շարունակվում է գրեթե երեք տարի։ Ինչո՞ւ է այդպես։

Այդպես է, որովհետև եթե դու լյուստրացիա չես իրականացնում, չես բացահայտում հանցավոր ռեժիմի և համակարգի փոխկապվածությունը, այդպես էլ շարունակվում է։ Երբ մենք երկու և կես տարի խոսում էինք վեթինգից ու լյուստրացիայից, ինքնանպատակ չէինք խոսում։

Իսկ թե ինչո՛ւ չիրականացվեցին վեթինգ ու լյուստրացիա, այդ հարցը պետք է տանք վարչապետին ու իր թիմին, որը մինչև հիմա էլ փորձում է բացատրել, որ իրենց գործողությունները արդարացված էին։ Ո՛չ, արդարացված չէին։ 

– Այդ բարեփոխումների շրջանակում անձի ձերբակալման ու կալանավորման նիստերը տարբեր կազմերով դատավորներ են իրականացնելու։ Այսինքն՝ առանձնացվում են այդ պրոցեսները քննող դատավորները։ Սա, որպես մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում, սրա կարիքը կա՞ր։

– Իհարկե այս փոփոխության կարիքը կար, որովհետև դրանք երկու տարբեր գործընթացներ են, սկզբունքային տարբեր մոտեցումներ են պահանջում։ Բայց ամբողջ խնդիրը աշխատեցնելու մեջ է, արդյոք հնարավոր կլինի՞ ճիշտ կազմակերպել հարցը։

Եթե ձերբակալման ու կալանավորման հարցը քննող դատավորները առանձնացված են լինելու, միևնույն է, դատախազությունը և քննչական մարմինները մնում են նույնը։ Ես հավատացնում եմ ձեզ, որ քննիչը, դատախազը այնպիսի փաստաթուղթ կարող են բերել դատարան, որի պարագայում ամենածանր հանցագործություն կատարած անձին դատավորը հնարավորություն չի ունենա կալանավորելու որոշում կայացնելու, որովհետև այդ քննիչը կամ դատախազը դատարանում որպես անձի մեղավորության ապացույց ներկայացրել են թափոն՝ առանց փաստերի, հիմքերի ու ապացույցների։

Իսկ դատավորը այդ պարագայում կալանավորելու հնարավորություն չունի։ Այսինքն՝ դատարանը մաքրելը, նոր դատավորներ բերելը եղանակ չի փոխում, որովհետև դու չես մաքրել քննչական, դատախազական համակարգերը։ Շատ կուզեմ այս բարեփոխումն աշխատի, բայց վստահ չեմ։

– Մեկ հարց էլ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում «Իմ քայլի» առաջադրած թեկնածուի՝ Գագիկ Ջհանգիրյանի մասին։ Նրա անունը, գիտենք, կապվում է բազմաթիվ աղմկահարույց գործերի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում այս թեկնածության առաջադրումը։

– Գագիկ Ջհանգիրյանի գիտելիքներին ու փորձառությանը երբեք չեմ կասկածել։ Հարցն այն է, թե ինչ անցած ճանապարհ ունի Ջհանգիրյանը։

Ու այժմ էլ նա իրեն պահում է իսկական դատախազի պես, ասում է՝ դե բերեք այդ դատարանի որոշումները, որտեղ իմ գործողությունների վերաբերյալ կան իրավական գնահատականներ։ Որտեղի՞ց բերենք քո մեղքը ապացուցող որոշումները, երբ մի ամբողջ դատական համակարգ եղել է ապականված, ու դու էլ արդարադատություն իրականացնող համակարգի մի մասն ես կազմել՝ որպես զինվորական դատախազ։

Որտեղի՞ց լինեն այդ բոլոր ապացույցները, պարզ չէ՞, որ չեն լինելու։ Բայց ասեմ, որ հեղափոխությունից հետո մեր գրասենյակ բազմաթիվ մարդիկ էին գալիս, որոնց զինվորական գործերով շրջանառվում էր Ջհանգիրյանի անունը։

Ա՛յ այդ չարաբաստիկ վեթինգ չլինելու հետևանքն է, որ տարբեր մարդիկ հայտնվում են ոչ միայն ԲԴԽ-ի կազմում, այլ նաև ՍԴ-ում հայտնվեցին, հայտնվելու են դեռ դատավորների, դատախազների կարգավիճակներում։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am