«Ադրբեջանը դեմ է Մինսկի խմբին, մենք պետք է վերականգնենք մեր բանակը, որպեսզի նրանք հասկանան, որ բանակցություններ պետք են»․ Հրանտ Միքայելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը

– Պարո՛ն Միքայելյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը միտումնավոր չի ներառվել նոյեմբերի 9-ի փաստաթղթում, որոշվել է այն հետո լուծել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ի՞նչ աշխատանք պետք է տարվի այս ուղղությամբ։

– Որոշակի դժվարություններ կան, որովհետև այն երկու հայտարարություններում, որոնք ստորագրվել են, Մինսկի խումբն ընդգրկված չէ։ Եվ այսօր Մինսկի խումբը չկա գործընթացի մեջ։

Մյուս կողմից՝ Մինսկի խմբի կարևորության մասին խոսում են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները, սակայն Ադրբեջանը դրան դեմ է, որովհետև Ադրբեջանն այլևս չի ուզում այդ ֆորմատով բանակցել։

Այսպիսով, դժվարություններ են ստեղծվում։ Ամեն դեպքում հայկական կողմը պետք է այդ գիծն առաջ տանի և հայտարարի, որ Մինսկի խմբով պետք է ընթանան բանակցությունները։

Այստեղ ուրիշ խնդիր կա։ Ադրբեջանը հայտարարում է, որ մեծ հաշվով հակամարտությունը համարում է լուծված, և չի կարծում, որ Մինսկի խումբն այլևս որևէ տեղ պետք է։

Այսինքն՝ ցավոք սրտի, Ադրբեջանն այս հակամարտության միայն ուժային լուծում է տեսնում։ Եվ մենք այս պահին չենք կարող դրան որևէ բան հակադրել։ Դրա համար, ես կարծում եմ, մենք պետք է ստեղծենք այն ուժային գործիքը, այսինքն՝ վերականգնենք բանակը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ բանակցություններ ամեն դեպքում պետք են։

– Այսինքն՝ ինչ-որ չափով հայկական կողմը պետք է պարտադրի՞ այդ բանակցությունները։

– Այո՛, ինչ-որ չափով այդպես պետք է լինի, որովհետև ցանկացած բանակցություն նաև այդ էլեմենտն ունի։

Ֆրանսիան ու ԱՄՆ-ն կարո՞ղ են Մինսկի խմբի շրջանակներում բանակցային պրոցես սկսելու հարցով նախաձեռնություն ցուցաբերել առաջիկայում։ Ֆրանսիայի կողմից որոշ քայլեր կան, բայց ԱՄՆ-ն կարծես պասիվ է։

– Իհարկե կարող են նախաձեռնություն ցուցաբերել։ Այն, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ներառված չեն այսօր ընթացող գործընթացի մեջ, չի նշանակում, որ նրանք այլևս հնարավորություն չունեն որևէ բան անելու, որովհետև Մինսկի խումբը պաշտոնապես չեղարկված չէ։

Իհարկե, ԵԱՀԿ-ն ընդհանրապես որպես կառույց վերջին տարիներին թուլացել է, շատ երկրներում իր դիրքերը զիջել է, նույնիսկ Հայաստանում այժմ գրասենյակ չունի, սակայն ամեն դեպքում Ֆրանսիան ու ԱՄՆ-ն կարող են ավելի ակտիվ դեր ստանձնել։

Իհարկե այդ երկրները պետք է նաև ավելի ակտիվ դերակատարում ունենային պատերազմի ընթացքում, բայց գոնե հիմա պետք է իրենց կողմից քայլեր կատարեն։ Այս հակամարտությունը, պատերազմը, որն ընթացել է 3-4 ամիս առաջ, շատ մեծ մարտահրավեր է տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից։

Սա փաստորեն ագրեսիվ պատերազմ էր, և չի կարելի թույլ տալ, որ դա մարսվի։ Այսինքն՝ մեծ հաշվով միջազգային հանրությունը պետք է դիմի բոլոր գործիքներին, որպեսզի դա դատապարտվի։

Իհարկե այստեղ հայկական դիվանագիտության խնդիր կա։ Մեր դիվանագիտական կորպուսի բազմաթիվ թերություններ կան, նաև առաջնահերթությունների ու ռազմավարության խնդիրներ կան։

Մեր դիվանագիտությունը պետք է գործի, այդ թվում՝ աշխատանք տանի Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, հարակից ու տարածաշրջանային երկրների հետ։ Որպեսզի վերակենդանացնենք Մինսկի խումբը, մենք պետք է ստիպենք Ադրբեջանին, որ նա չխուսափի բանակցություններից։

Ռուսաստանը հայտարարում է, որ մտադիր չէ ճանաչել Արցախի անկախությունը։ Նաև Լավրովն ասաց, որ Ղարաբաղը ՌԴ կազմ չեն ներառելու։ Ո՞րն է այս հարցում Ռուսաստանի նպատակը։ 

– Ռուսաստանի նպատակն է պահպանել այս տարածաշրջանում այն իրավիճակը, որում իր շահերը հաշվի են առնվում։ Իսկ թե ինչ ֆորմատով է դա տեղի ունենալու, խաղացողներից է կախված։ Կոնկրետ Հայաստանը չի կարողացել Ռուսաստանին որևէ առաջարկ անել այս առումով։

Նույնը վերաբերում է մեր մյուս գործընկերներին, մենք ոչ մի բան չունենք առաջարկելու և պասիվ ենք։ Այս պասիվությունը նաև գալիս է նրանից, որ ռազմավարություն չկա։

Հայաստանում հաճախ է քննարկվում, որ Ռուսաստանը կարող է Արցախը ներառել իր կազմ։ Բայց չպետք է մոռանանք, որ Ռուսաստանն իր կազմի մեջ չի մտցնում, օրինակ՝ Դոնբասը կամ Հարավային Օսիան։

Նույնն էլ վերաբերում է ճանաչելուն։ Ինչո՞ւ Ռուսաստանը պետք է ճանաչի Արցախը, եթե Հայաստանը չի ճանաչում։ Նույնը մեզ ասում են Ֆրանսիայից, այդ երկրի արտգործնախարարն ասում է՝ եթե դուք չեք ճանաչել, մենք ո՞նց պետք է ճանաչենք։

Այս փուլում Հայաստանի ճանաչելը ճի՞շտ կլինի։

– Այս պահին՝ ո՛չ, Հայաստանը չպետք է ճանաչի, որովհետև դա բերելու է պատերազմի։ Իմ կարծիքով՝ ճանաչման համար պետք է օգտագործվեր այն ժամանակահատվածը, երբ պատերազմն ընթանում էր, որովհետև այն ժամանակ մենք կորցնելու բան չունեինք։

Հիմա արդեն մենք երևի չպետք է ակնկալենք, որ ճանաչումներ կլինեն, բայց պետք է ակնկալենք, որ գոնե ադրբեջանական ագրեսիան դատապարտվի աշխարհում։ Մեր դիվանագիտությունը պետք է աշխատի այս ուղղությամբ, որովհետև մեծ հաշվով այն ագրեսիան, որն Ադրբեջանը նախաձեռնել էր մի քանի ամիս առաջ, գլոբալ մարտահրավեր էր նույնիսկ ոչ միայն տարածաշրջանի համար։

Դա ցույց էր տալիս, որ ուժի միջոցով կարելի է խնդիրներ լուծել։ Եվ ես որպես փաստ գիտեմ, որ հիմա ամբողջ աշխարհում այս փորձը շատ ուսումնասիրում են։ Բոլորն ուսումնասիրում են, թե ինչպես այդ փորձը կիրառեն իրենց հակամարտություններում։

Իսկ հակամարտություններ ամբողջ աշխարհում կան։ Մենք պետք է գնանք այն ուղղությամբ, որ Ադրբեջանի ագրեսիան դատապարտվի։ Արցախի ճանաչումն այս պահին հեռանկարային չէ, պետք է Արցախի ու Հայաստանի հումանիտար հարցերը լուծել։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am