«Ու՞մ համար է այս ուշացած և անիմաստ հեռախոսային մենախոսությունը». Հրանուշ Խառատյան

«Ու՞մ համար է այս ուշացած և անիմաստ հեռախոսային մենախոսությունը». Հրանուշ Խառատյան

Հայտնի ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձել է Գյումրում տեղի ունեցած ողբերգությունից հետո օրեր տեւած լռությունից հետո Պուտին-Սարգսյան վերջին հեռախոսազրույցին եւ կրեմլյան ցավակցություններիին:  Հրանուշ Խառատյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Հենց նոր կարդացի, որ Պուտինը խոսել է Սերժ Սարգսյանի հետ և վստահեցրել, որ Գյումրիի ընտանիքի սպանդի հանցագործը օրենքով սահմանված կարգով կկրի արժանի պատիժ /տեղեկատվության մեջ, անշուշտ, այս ամենը մեղմորեն անվանված է трагедия в Гюмри/:

Սա հավանաբար նշանակում է, որ եթե Պուտինն այդպես չվստահեցներ, հանցագործը գուցե և պատիժ չկրեր կամ կրեր ոչ թե օրենքով սահմանված արժանի պատիժ, այլ, ասենք, հանդիմանություն:

Կկրի պատիժ հանցագործը թե ոչ՝ մեր երկրներում որոշում են պրեզիդենտները: Մյուս բոլորն սպասում էին Պուտինի այս կարևոր որոշմանը:

Դա, իհարկե, չի նշանակում, որ հենց հանցագո՛րծը օրենքով սահմանված կարգով կկրի արժանի պատիժ, առավել ևս չի նշանակում, որ հանցագործության շարժառիթները կբացահայտվեն: Ոչ մի խոսք՝ հրապարակայնության մասին: Եվ, իհարկե, ոչ մի խոսք այն մասին, թե ով՝ Հայաստանը թե Ռուսաստանը, պետք է վարի քննությունն ու որտեղ և ո՞ր օրենքներով տեղի կունենա դատավարությունը:

Հեռախոսազրույցի մասին տեղեկությունը հաղորդում է միայն Պուտինի ասածները, իսկ զրուցակից կողմն ասել է որևէ բան, քննարկել է որևէ հարց, ի՞նչ հարց, թե՝ Պուտինի բարևին պատասխանելուց հետո լուռ լսել է՝ ոչինչ: Առհասարակ հարց է ծագում՝ գիտի՞ արդյոք մեր երկրի նախագահը Հայաստանում տեղի ունեցած վերջին չորս -հինգ օրերի իրավիճակի մասին և կարծի՞ք ունի այդ իրավիճակի վերաբերյալ:

Որքան ինձ հայտնի է՝ Բաղրամյան փողոցի հայտնի շենքից Հայաստանի ներքին իրավիճակին դժվար է հետևելը: Հիշում եմ մեր նախագահներից մեկը /չասեմ՝ որը/ իր հեռուստաելույթներից մեկում ասաց՝ «Մենք այստեղ՝ Հայաստանում, մտածում ենք ձեր մասին», այսինքն Հայաստան հասկացությունը նրա երևակայության մեջ սահմափակվում էր Բաղրամյան փողոցի հայտնի շենքով, լավագույն դեպքում՝ գուցե նաև բակով:

Դե, եթե շատ ուզենանք՝ թերևս նաև նախագահական նստավայրի տարածքով: Միով բանիվ այդ «Հայաստանում» հայտնի՞ են «մյուս Հայաստանի» խնդիրները, այն Հայաստանի, որ աշխարհագրորեն և սոցիալապես չի տեղավորվում Բաղրամյան փողոցի վրայի հայտնի շենքում: Տվյալ դեպքում՝ Գյումրիի սպանդի հետ կապված խնդիրները: Որովհետև այդ խնդիրներից որևէ մեկը կարծեք թե չի քննարկվել, համենայն դեպս այդ մասին ոչինչ չի ասվում:

Փաստացի կրեմլյան այս տեղեկությամբ մեզ շնորհավորել են Պուտինի «ցավակցությունների» և հանցագործին պատժելու վճռականության փաստով:

Ու՞մ համար է այս ուշացած և անիմաստ հեռախոսային մենախոսությունը»:

© Medialab.am