«Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր». Սերժ Սարգսյանի ցավակցությունը փոքրիկի մահվանից րոպեներ անց

Յոթ օր տեւած լռությունից հետո,  Սերժ Սարգսյանը վերջապես արձագանքել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերին` ցավակցական խոսք ուղղելով Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: 
Հիշեցնենք, որ փոքրիկ Սերյոժան հունվարի 12-ին Գյումրիում դաժանորեն սպանդի ենթարկված յոթ հոգանոց ընտանիքի միակ անդամն էր, ով ծանր վնասվածքներով հրաշքով կենդանի է մնացել: 
Գյումրիում աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը չնայած բողոքի մեծ ալիքին, առայսօր գտնվում է Ռուսաստանի արդարադատության իրավասության տակ: Դաժան սպանության շարժառիթների մասին որեւէ սպառիչ պատասխան դեռ չի հնչել:
Յոթ օր շարունակ Հայաստանի և արտերկրի լավագույն բժիշկները պայքարում են վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակի բարելավման և կայունացման համար: Երեկ կրեմլյան ցավակցություններից հետո միայն Հայաստանի իշխանությունները կենդանության նշաներ ցույց տվեցին: 

«Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր և անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց,-իր ուղերձում նշել է Սարգսյանը:

Ցավակցում եմ Ավետիսյանների հարազատներին, բոլոր գյումրեցիներին, մեր ողջ ժողովրդին: Ճիշտ է՝ ցավակցությունները, որքան էլ հնչեն, չեն փարատելու վիշտը, և հետ չեն բերելու կորուստը, բայց պիտի դիմանալ: Պիտի ուժ ու տոկունություն գտնել: Ապրելու ուրիշ բանաձև չկա: Պիտի շարունակել ապրել և արդար հատուցման հասնել այս բոլոր ցավերի ու այս ոճրագործության համար»:

© Medialab.am