Azatutyun.am-Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «Հիմնադիր խորհրդարան»-ը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ժամը 6:35-ի սահմաններում ընդդիմադիր միավորման գրասենյակ են մուտք գործել իրավապահ մարմինների շուրջ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայացնելով շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ:
«Հիմնադիր խորհրդարան»-ի փոխանցմամբ, ներկայանալով որպես Ազգային անվտանգության, Հատուկ քննչական կոմիտեի և Ոստիկանության աշխատակիցներ, իրավապահները հրաժարվել են տրամադրել խուզարկության հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ՝ արգելելով «Հիմնադիր խորհրդարան»-ի ներկայացուցիչներին մուտք գործել շենք:
Իրավապահների այլ խմբեր էլ, ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի, խուզարկություններ են իրականացնում Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում:
Նույն աղբյուրից ժամը 10։00-ի սահմաններում հաղորդեցին Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Թորոս Սեֆիլյանի՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբոր բերման ենթարկվելու մասին։ Մոտ մեկ ժամ անց էլ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրիի, Վանաձորի, Կապանի գրասենյակների պատասխանատուները, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանը:
Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը և Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով։ Ավելին` սկզբնաղբյուրում:
© Medialab.am