Ես չափս անցել եմ ու ինձ բռնել էլ չի լինի. հայ ֆեմինիստները շատ չեն, բայց հաստատակամ են իրենց պայքարում

Ես չափս անցել եմ ու ինձ բռնել էլ չի լինի. հայ ֆեմինիստները շատ չեն, բայց հաստատակամ են իրենց պայքարում
Ես չափս անցել եմ ու ինձ բռնել էլ չի լինի. հայ ֆեմինիստները շատ չեն, բայց հաստատակամ են իրենց պայքարում

Գյումրեցի 41-ամյա Գայանե Նիկողոսյանը (ազգանունը փոխված է) միայն վերջին տարիներին է, որ առանց ամուսնու թույլտվության կամ իմացության կարող է տանից դուրս գալ գնումների կամ հյուր գնալ։ Նրա խանդոտ և ավանդապահ ամուսինը ավելի երիտասարդ տարիներին համարել է, որ միայնակ դուրս գալու դեպքում իր գեղեցիկ կնոջը օտար տղամարդիկ կարող էին «այլ աչքով» նայել, հետևաբար Գայանեի շփումը արտաքին աշխարհի հետ եղել է միայն ամուսնու ուղեկցությամբ և ամուսնուն հարմար ժամանակ։

«Նույնիսկ երեխաներին իրավունք չեմ ունեցել դպրոցից վերցնելու, սկեսուրս է տարել-բերել»,- պատմում է Գայանեն, ով իր վերջին տարիների համեմատական ազատությունը մեծ ձեռքբերում է համարում իր համար։

Եթե գյումրեցի այս կինը տանից ազատորեն դուրս գալն է համարում իր իրավունքների «վերանվաճում», ապա երևանցի Աննա Մանուկյանը, ով ֆրանսերենի մասնագետ է, տարիներ շարունակ երազել է իր մասնագիտությամբ աշխատել, սակայն՝ ապարդյուն։ Նրա ամուսինն էլ դեմ է եղել կնոջ աշխատելուն՝ համարելով, որ Աննան պետք է տանը մնա և երեխաների դաստիարակությամբ զբաղվի։

«Հիմա էլ կարծես թե դեմ չէ, որ աշխատեմ, բայց ինձ էլ ոչ ոք չի վերցնի աշխատանքի, ֆրանսերենն էլ մոռացել եմ համարյա, աշխատանքային ոչ մի փորձ չունեմ, վախենում եմ նույնիսկ դիմել»,- ասում է Աննան։

Թեև այս երկու կանայք հազարավոր իրենց բախտակիցների նման երբևէ չեն փորձել կոտրել ընդունված կարծրատիպերը, հարմարվել ու համակերպվել են ամուսինների թելադրած կանոնների հետ, սակայն Հայաստանում կան բազմաթիվ այլ կանայք, ովքեր համաձայն չեն խաղի այս կանոնների հետ ու փորձում են փոխել դրանք։ Այդ կանայք հիմնականում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են, ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական-քաղաքական կյանքի իրադարձություններին, պայքարում ոչ միայն իրենց, այլ բոլորի իրավունքների համար։

«Ֆեմինիզմը պայքար չէ տղամարդկանց դեմ։ Ֆեմինիզմը պայքար է ընդդեմ հասարակությունը քայքայող հայրիշխանության, բռնապետության, ստրկատիրության և անազատության,- նշում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը։- Ըստ իս, մեր պայքարը պետք է տանեն և՛ կանայք, և՛ տղամարդիկ, քանի որ ուժեղ, ազատագրված, ինքնահաստատված և իրավագիտակից կանանց առկայությունը նպաստում է առողջ հասարակության զարգացմանը, իսկ դրանից շահում է մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ սեռից»։

Աննա Շահնազարյանը պայքարի մարտիկներից մեկն է։ Նա ակտիվ քաղաքացի է, բնապահպան և նրա համար ֆեմինիզմը կենսակերպ է։ Նրա կարծիքով, Հայաստանում կա ֆեմինիստական շարժում, որը հախուռն չէ, հատվածական է, և որը, սակայն, չի հայտնվում քաղաքական օրակարգում։ 

«Կա ֆեմինիստական շարժում, և պարտադիր չէ այդ «շարժում» բառը հասկանալ որպես հախուռն, տեսանելի մի երևույթ, որ օրինակ, մի 15 հազար հոգի երթ արեց և այլն… շարժումը հատվածական է, կան անհատներ, կազմակերպություններ, կան մարդիկ, որոնք ֆեմինիզմի և հարցն են բարձրացնում և զբաղվում են ֆեմինիզմի հիմքում ընկած խնդիրները լուծելով, բայց այդ գործողությունները քաղաքական օրակարգում չեն հայտնում, թեկուզ կուսակցությունների օրակարգում, իշխանությունների ծրագրային օրակարգում»,- ասում է նա։ 

Հայաստանում կան մի խումբ ֆեմինիստներ (Ֆեմկոլեկտիվ), ովքեր նախընտրելով անանուն մնալ, հրապարակախոսական հոդվածներ են գրում ու տարածում դրանք՝ փորձելով կոտրել ընդունված կարծրատիպերը։ Մարտի 8-ին առիթով հրապարակված տեքստում, որում ներկայացվում է տասնամյակների ընթացքում կանանց միջազգային օրվա իմաստի խեղաթյուրումը, ֆեմինիստները եզրակացնում են.

«Փաստացի, անկախությունից ի վեր, հանրային ուղերձները թաղեցին Մարտի 8-ի իմաստը պատրիարխալ ազգայնական նարատիվների մեջ։ Անգամ կանանց նվիրված տոների կոնտեքստում որևէ կերպ չեն քննարկվում կանանց իրավունքների և հնարավորությունները հետ կապված մտահոգությունները, չեն բարձրաձայնվում խնդիրներ, հանրային օրակարգ չեն բերվում այս ուղղությամբ անելիքների ծրագրեր»։

«Անտեր, անիշխան, անսահման մեկնակետ» հոդվածում էլ հեղինակը նկատում է.- «Քանի դեռ երեխայի խնամքն ու տնային տնտեսության կազմակերպումը մնում է կնոջ ուսերին, ընտանիքը կնոջ համար դառնում է ոչ թե գործընկերություն, այլ թակարդ։ […] Կինը չի կարող լիովին մասնակցել տնտեսական և քաղաքական կյանքին։ Հենց այդ պատճառով էլ ֆաշիստական, տոտալիտար և պահպանողական հասարակությունները, ինչպես նաև եկեղեցին կողմ են այն գաղափարին, որ կինը պետք է տանը մնա և մեծացնի երեխաներին։ Կապիտալիստական հասարակություններում ավելի ձեռնտու է աշխատանքի չընդունել կանանց, ովքեր կարող են երեխայի խնամքի համար նպաստ պահանջել, դրա փոխարեն նրանք կարող են ստիպել կանանց ավելի շատ երեխաներ ունենալ, ովքեր էլ կդառնան աշխատուժի հաջորդ սերունդը»։

Այս պնդման ապացույց կարելի է համարել կանանց շատ փոքր թիվը Հայաստանի իշխանության տարբեր ճյուղերում։ Համաձայն Ազգային վիճակագրական տվյալների՝ Հայաստանում չկան կին մարզպետեր և քաղաքապետեր, գյուղապետերի 2.2 տոկոսն է կին, դեսպանների՝ 5, նախարարների՝ 11, բարձրագույն պաշտոններում ընդգրկված քաղծառայողների՝ 14, պատգամավորների՝ 10.7, դատավորների՝ 22 տոկոսը։

Շատ բարձրաստիճան տղամարդ գործիչներ, ովքեր պետք է ի պաշտոնե դրական փոփոխությունների ջատագով պիտի լինեին, հաճախ են հանդես գալիս սեքսիստական, կանանց  «իրենց տեղը ցույց տվող» հայտարարություններով։ Օրինակ, իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, նկատի ունենալով ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ասել էր.- «Կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցության, նույնիսկ պատգամավոր կինը…»։

Արդեն 12 տարի գործունեություն ծավալող «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանն ասում է՝ փոքրաթիվ, բայց բազմաշերտ ֆեմինիստական համայնքը փորձում է կոտրել հենց այս կարծրատիպերը։   

Ահարոնյանը կարծում է, որ կանանց և տղամարդկանց հավասարությանը, կանանց իրավունքների լիարժեք պաշտպանության հասնելու համար փոփոխությունները պետք է սկսել ընտանիքից՝ ամենաառաջին օղակից, և ոչ թե վերևից, ինչպես շատ հաճախ արհեստականորեն արվում է Հայաստանում՝ կանանց որոշակի թվաքանակ ապահովելով խորհրդարանում և իշխանության այլ ճյուղերում։ Դա չի կարող երկարատև արդյունք տալ, համոզված է նա։

«Խորհրդային տարիներին ունեինք պետական ֆեմինիզմ, երբ պարտադրվում էր, որ կանայք դուրս գային, հավասար աշխատեին, սակայն դա միայն հանրային կյանքում էր այդպես, անձնական կյանքում փոփոխություններ չեղան։ Երբ կանայք գալիս էին տուն, էլի իրենք էին որ պիտի ճաշը եփեին, երեխաներին նայեին, հիվանդներին խնամեին, իրենց վրա էր դրված ամեն ինչ, դերերը չէին փոխվում, փոփոխության համար հիմք չկար։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, պարզվեց, որ ոչ մի փոփոխություն էլ չի եղել»,- նկատում է նա։

Ահարոնյանի խոսքով՝ կանայք շատ հաճախ ընտանիքում ունեցած դերի պատճառով չեն կարողանում առաջ գնալ տնտեսապես և քաղաքականապես.

«Ընտանիքից է պետք սկսել ամեն ինչ։ Եթե սրա վրա աշխատենք, մնացածը ավելի հեշտ կլինի, կինը հնարավորություն կունենա տնտեսապես առաջ գնալու, տնտեսապես որ առաջ գնաց, հնարավորություն կունենա քաղաքականության մեջ առաջ գնալ։ Հենց ընտանեկան մակարդակում պետք է վերացնենք այդ անհավասարության զգացումը»,-համոզված է նա։

Գյումրիում տեղակայված «Կանանց տիրույթ» ՀԿ-ում կարծում են, որ գենդերային հավասարության հասնելու լավագույն ճանապարհը կնոջ տնտեսական անկախությունն է։ Կազմակերպությունը տարբեր դասընթացներ է իրականացնում կանանց ձեռնարկատիրական և այլ հմտությունները զարգացնելու ուղղությամբ։

«Մենք տնտեսական անկախության վրա ենք կենտրոնանում, որովհետև համարում ենք, որ  տնտեսապես ազատ կինը կարող է պայքարել իր իրավունքների համար»,-ասում է «Կանանց տիրույթի» ղեկավար Կարինե Մկրտչյանը:

Կազմակերպության շուրջ 50 փոքր եւ միջին ձեռնարակատեր կանանց շրջանում անցկացրած հարցումը ցույց է տվել, որ վերջիններս բիզնեսից բացի օրվա մեծ մասը ծախսում են տնային, ընտանեկան հարցերրի կարգավորման վրա: Հետաքրքրական է, որ հարցվածների մեծ մասի կողքին կա տղամարդ (ամուսին, եղբայր, հայր), որը օգնում է նրան, շատ քչերն են, որ բիզնեսը միայնակ են վարում։

«Բայց շատ հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ այդ կանայք չէին ուզում խոսել խոչընդոտներից, այսինքն չեն ուզում թույլ երևալ»,- նկատում է Մկրտչյանը ու հավելում, որ շատերի համար դժվար է զարգացնել գործընկերային կապերը մարզից դուրս կամ մտածել բիզնեսի ընդլայնման մասին։

«Երբ հարցնում ենք ավելի մեծ նպատակների մասին՝ հիմնականում խոսում են իրենց երեխաների հաջողության մասին, իրենք իրենց առանձին իրենց օրակարգը չունեն, չնայած որ էլի մի քանի քայլ առաջ են մյուս կանանցից»,- ասում է Մկրտչյանը։

Ֆեմինիստ Աննա Շահնազարյանը կարծում է՝ կանանց խնդիրների լուծման համար շատ կարևոր է ֆեմինիզմը գիտական մակարդակ տեղափոխելու հարցը։

«Հայաստանը ֆեմինիզմը գիտական հիմքերի վրա դրված չէ, նույնիսկ բուհերի հումանիտար բաժիններում ֆեմինիզմը որպես տեսություն, գիտակարգ չկա, նույնիսկ հումանիտար ոլորտի մասնագետները չեն ընդունում ֆեմինիզմը,- ասում է նա,- հետևաբար ֆեմինիզմի մասին  պատկերացում  հասարակությունում չի ձևավորվել, ու քանի որ չի ձևավորվել, անհայտ է, կա վախ, եթե մի բանից տեղյակ չես, վախենում ես, իսկ վախը առաջացնում է ագրեսիվ վերաբերմունք»։

Շահնազարյանը նաև մատնացույց է անում հայրիշխանական հասարակության զսպող, խոչընդոտող լծակները. հանրային կարծիք ձեւովորողները հիմնականում տղամարդիկ են, հիմնական քաղաքական գործիչները եւս, բնականաբար, ԶԼՄ-ները, որոնք ներկայացնում են քաղաքական գործիչների գործունեությունը, նրանց խոսքը և այլն, քաղաքական գործիչները իրենց իշխանությունը պահելու համար մանիպուլացնում են ԶԼՄ-ներին:

«Իսկ կնոջ դերը պիտի լինի հնարավորինս նսեմացված, ցածրացված, նույնիսկ ոչնչացրած, դա հատկապես շատ լավ տեսնում ենք սերիալների, թոք շոուների, հումորային հաղորդումների մեջ, որպեսզի իրենք իրենց քաղաքական նպատակները իրագործեն,-նշում է Աննա Շահնազարյանը։ -Իսկ այդ հիմնական նպատակը իշխանությունը իրենց ձեռքում պահելն է, իրենց ստեղծած խաղի կանոնները մեջ պահպանելը ամբողջ հասարակական կյանքը և շատ կարևոր է, որ բնակչության մեծամասնությունը՝ կանայք, մնան այնպիսին, ինչպիսին կա՝ թույլ դիրքերում, չգիտակցեն, որ հավասարության հնարավորություն ունեն»։

Երկու տարի առաջ՝ մարտի 8-ին, մի խումբ հայ ֆեմինիստներ հրապարակեցին «Ֆեմ մանիֆեստ»։

«Մերժում եմ այն համակարգը, որի մեջ ինձ դաստիարակում են և վերաբերվում են որպես ենթարկվող-հնազանդ, տեսակետ չունեցող, անինքնավստահ, հարմարվող,  կցորդ: Գիտակցում եմ, որ ապրում եմ պատրիարխալ, սահմանափակող համակարգում, որտեղ ստորադասը ես եմ, որտեղ ես օբյեկտ եմ, ոչ թե սուբյեկտ: Վստահ եմ, որ եթե ինքս չազատագրվեմ, ոչ ոք իմ փոխարեն դա չի անի»,- հայտարարեցին նրանք։

http://www.youtube.com/watch?v=BZMRthAKzSQ

«Ինձ սահմանափակելն անհնար է, ես դուրս եմ եկել սահմաններից, ես չափս անցել եմ ու ինձ բռնել էլ չի լինի»,- ասացին այս կանայք՝ անմիջապես հսկայական քննադատություն և հակազդեցություն ստանալով բազմաթիվ մարդկանց կողմից, ովքեր նրանց պիտակեցին «սանձարձակներ, թոկից փախածներ»։

«Հենց այն, որ այդքան քննարկումներ գնացին, դա արդեն կոտրել էր նշանակում։ Միանշանակ պետք է մատը դնել այդ զգայուն կետի վրա և տեսնել ախ-վախ կանեն, թե՝ ոչ։ Շատ լավ էր, թող իմանան, որ թոկից փախած լինելը լավ բան է, մարդը չի կարող թոկով կապված լինել, սանձը վերաբերվում է ձիուն, բայց չգիտես ինչու կանանց անվանեցին սանձարձակ»,- ասում է Շահնազարյանը։

 12 տարի կանանց հետ աշխատող Լարա Ահարոնյանը մի շարք դրական փոփոխություններ նկատել է, ասում է՝ դրանք հիմնականում տեսանելի են Երևանում, մարզերում՝ ոչ այնքան։

«Շատ երիտասարդ աղջիկներ ինքնուրույն քայլեր են անում, ինքնավստահ են, գնում են, դրսում են սովորում, մեքենա են վարում, երբեմն մենակ են ապրում, ինչը առաջ ընդունված չէր,-ասում է Ահարոնյանը։ – Երբ տասը տարի առաջ զբոսնում էի Երևանում, սրճարաններում, փաբերում շատ քիչ կանանց էի տեսնում, հիմա տեսնում եմ՝ աղջիկ-տղա նստած աշխույժ քննարկումներ են անում։  Տեսնում եմ, որ երիտասարդ հայրերը երեխաների խնամքի հետ կապված պարտականություններ են վերցնում իրենց վրա։ Բայց խնդիրը տղամարդկանց հետ է, նրանք ավելի պահպանողական են, պարտադրող են, շատ կարծր են նրանց հայացքները, փոխելը դժվար է»:

Նաիրա Գևորգյան

Լուսանկարում՝ պարային ֆլեշմոբ` ուղղված կանանց իրավունքներին եւ կանանց դեմ բռնության կանխարգելմանը (Ֆոտոլուր)