«Քաղաքացիական շարժումը ստիպեց Ռուսաստանին հաշվի նստել Հայաստանի հետ». իրավապաշտպաններ

«Քաղաքացիական շարժումը ստիպեց Ռուսաստանին հաշվի նստել Հայաստանի հետ». իրավապաշտպաններ
«Քաղաքացիական շարժումը ստիպեց Ռուսաստանին հաշվի նստել Հայաստանի հետ». իրավապաշտպաններ

Իրավապաշտպանները պահանջում են քրեական գործ հարուցել ոստիկանների նկատմամբ հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ Ոստիկանության կատարած գործողությունների համար:

Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնի» քննարկմանը իրենց կարծիքն արտահայտեցին Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ արդեն 10 օր է, ինչ քաղաքացիական հասարակությունը նստացույց է իրականացնում Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով իշխանություններից կասեցնել էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով թանկացնելու որոշումը:

Հունիսի 23-ի վաղ առավոտյան՝ ժամը 05:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող և նստացույց իրականացնող երիտասարդ ակտիվիստների նկատմամբ Ոստիկանությունը կիրառել էր բռնի ուժ և ջրցան մեքենաներով ազատել Բաղրամյան պողոտան: Ոստիկանները բերման էին ենթարկել շուրջ 237 ակտիվիստի, նրանից շատերը ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Մի քանի տասնյակ ցուցարարների տեղափոխել էին բուժհաստատություններ, մի քանիսն անգամ հայտնվել էին վերակենդանացման բաժանմունքներում:

Բռնություններից անմասն չէին մնացել որոշ լրագրողներ և օպերատորներ, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունն էին ծավալում դեպքի վայրում:

«Դասական անհնազանդության օրինակ էր, որ տեղի ունեցավ Երևանում և ՀՀ-ի մյուս քաղաքներում՝ Վանաձորում, Գյումրիում և առանձին բնակավայրերում: Հունիսի 23-ի բռնությունը աննախադեպ էր իր ծավալներով և ցույցի մասնակիցների թվով, ինչպես նաև Ոստիկանության ապօրինություններով: Այսօր նույնիսկ քրեական գործ են հարուցում «Սանիտեկի» աղբամանների գույքի փչացման հիմքով, բայց քրեական գործ խուսափում են հարուցել խաղաղ ցուցարարների և քաղաքացիների նկատմամբ լայնածավալ ահաբեկչական գործողությունների համար, որոնք կատարեցին ոստիկանները: Այդ խայտառակ խախտումների համար պաստախանատուները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի երաշխիք ունենանք, որ հետագայում մարդու իրավունքների նման զանգվածային խախտումներ չեն լինի»,-ասաց Արթուր Սաքունցը:

Քննարկման մասնակից Ավետիք Իշխանյանն ասում է, որ ազնիվ շարժում է սկսվել, որը ազդեց իշխանության վրա, որոնք էլ փորձեցին ինչ-որ որոշմամբ հանգստացնել ժողովրդին:

«Սա ստիպեց իշխանությանը գոնե մի փոքր ընկրկել, բայց միամիտ մարդիկ չկան, անմիջապես հասկացան՝ ինչ է կատարվում: Ինչ վերաբերում է Ոստիկանության անօրինականություններին, ապա դրանք շարունակվում էին նաև երկու օր առաջ, երբ Օպերայի տարածքից բերման էին ենթարկել 6 քաղաքացու և որևիցե լուր չկար նրանց մասին: Հաջորդ օրը առավոտյան նոր պարզվեց, որ Ոստիկանությունում են եղել ու նրանց 6-7 ժամ պահել են»,-ասաց Իշխանյանը:

Նա հավելեց, որ եթե Ոստիկանությունը կրկին բիրտ ուժ կիրառի ցուցարարների նկատմամբ, ապա իշխանության համար սա կլինի միջազգային վարկաբեկում և մեկուսացում:

Երվանդ Վարոսյանն ասում է, որ այսօր Հայաստանում ոչ մի շարժում ու գործընթաց չի կարող չքաղաքականցվել:

«Եթե երկրում մեկ հոգի, կամ այդ մեկ հոգու շրջապատն է որոշում ամեն ինչ, ապա ցանկացած հարց և շարժում քաղաքական է  դառնում: Պարտադիր չէ, որ լինի կուսակցական, բայց քաղաքական է: Ինչու՞ երիտասարդները առաջին օրը շարժվեցին անմիջապես Բաղրամյան, որովհետև գիտեին, թե ուր պետք է գնան հարցի լուծումը ստանալու համար: Իսկզբանե, այս ամենը քաղաքականացված էր, որովհետև իրավիճակն էր այդպիսին»,-նշեց Վարոսյանը:

Նա հավելեց, որ այս շարժումը կոտրեց նաև որոշ կարծրատիպեր, և բոլորը հասկացան, որ. «բողոքի ակցիա նշանակում է փակել փողոց, նշանակում է նաև աղմկել և խանգարել մեկ ուրիշին՝ իհարկե կախված բարձրացվող հարցի կարևորությունից և մասնակիցների քանակից»:

«Ոստիկանությունը գուցե հասկացավ, որ իր բիրտ գործողություններով թեժացնում է իրավիճակը: Պատասխանատվության հարց պետք է բարձրացվի, պաշտոնյաները պետք է պատասխանատվություն կրեն, որովհետև եթե դա չկա, ոստիկանական մահակը միշտ քաղաքացիների գլխին կմնա»,-ասաց Վարոսյանը:

Նա կարծում է, որ սակագնի վերանայումը հնարավոր է միայն իշխանության ցանկության դեպքում:

«Ասել, որ սա միակ հնարավոր լուծումն է ու բեռը դնել Կառավարության վրա, իհարկե այդպես չէ: Եթե ցանկություն լիներ այդ սակագինը վերանայել, ապա ժամերի ընթացքում այդ սակագինը կվերանայվեր: ՀԷՑ-ը կարող էր նման խնդրանքով դիմել, տարբեր միջոցներ և իրավական լուծումներ կան, բայց ցանկություն է պետք»,-նշեց Վարոսյանը, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու և մինչ աուդիտի արդյունքները ստանալը Կառավարության կողմից բաձրացված սակագինը վճարելու մասին:

Իշխանյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կասեցնելը կախված է հայ-ռուսական հարաբերությունների հետ, որտեղ «հիերարխիկ» բնույթ ունեն:

«Այսինքն գործընկերային հարաբերություններ չեն, այլ հիերարխիկ: Հայաստանում անկախ մարմիններ գոյություն չունեն, օրենսդրորեն անկախ են, բայց բոլորը հրամաններ են կատարում: Հունիսի 23-ի համար գործ պետք է հարուցի Հատուկ քննչական ծառայությունը, բայց նա էլ է ցուցումի սպասում ու չի հարուցում: Իրավական ճանապարհը մշուշոտ է Հայաստանում: Կարող ես անգամ դատի տալ հանձնաժողովին որոշման համար, բայց այն ժամանակ, երբ ուժի մեջ է մտնում որոշումը, այսինքն՝ օոգոստոսի 1-ից հետո: Կարող ես դատի տալ «անկախ» դատարանում «անկախ» հանձնաժողովի դեմ, և այդ «անկախ» դատարաններից հետո մենք գիտենք, թե արդյունքը ինչպիսին պետք է լինի»,-ասում է Իշխանյանը:

Սաքունցը հավելում է, որ իսկապես առաջին անգամ, երբ Հայաստանը հանդիսանալով ԵՏՄ անդամ, այս ցույցի ժամանակ ռուսական պատվիրակություն ժամանեց Երևան:

«Հասարակության շնորհիվ  պայծառ, լուսավոր երևույթ եղավ: Մինչ այս դեպքերը Հայաստանի նկատմամբ ուշադրություն չկար միջազգային արենայում, բայց դեպքերից հետո ամբողջ լրատվական հոսքը ուղղվեց Բաղրամյան 26-ի վրա: Ինչ վերաբերում է Պերմյակովի և Հրաչյա Հարությունյանի գործերը հայկական կողմին հանձնելը, ես դա առևտուր եմ համարում: Քաղաքացիական այս շարժումը, այս աննախադեպ ակտիվությունը ստիպեց այնպիսի գետերության, ինչպիսին Ռուսաստանն է, հաշվի նստել Հայաստանի հասարակության հետ և շրջանառության մեջ դնել Սերժ Սարգսյանի շուրթերով խոսակցություններ: Դա անբարոյական առևտուր է, քանի որ ստացվում է այդ մարդիկ պատանդներ են»,-հավելեց Սաքունցը:

Իշխանյանն էլ հավելեց, որ հարցի լուծումը ՀՀ նախագահի մակարդակով որոշում կայացնելն է:

«Իսկ մեր իշխանությունը կունենա՞ այդ որոշումը կայացնելու համարձակություն, թե ոչ, դա կախված է երիտասարդներից, եթե շարժումը շարունակեն»,-նշեց Իշխանյանը:

Լիլիթ Առաքելյան «Մեդիակենտրոն» ծրագրիհամակարգողխմբագիր

Լուսանկարը` Կարեն Մինասյանի