Նախագահի աշխատակազմից և նախարարություններից ստացված պատասխանը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ

Նախագահի աշխատակազմից և նախարարություններից ստացված պատասխանը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Նախագահի աշխատակազմից և նախարարություններից ստացված պատասխանը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ

ՀՀ օրենսդրության մեջ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ խտրականության որևէ դրսևորում բացառելու համար, ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի նամակում` ի պատասխան ՓԻՆՔ Արմենիա ՀԿ-ի կոչին, որով կազմակերպությունը պետական այրերին հորդորում էր կատարել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելու Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները:
 

Մայիսի 17-ին hոմոֆոբիայի և տրանֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով  ՓԻՆՔ Արմենիան ՀՀ նախագահին, մի քանի նախարարություններին ու պատգամավորներին ուղարկված նամակով հորդորել էր սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության բացառման դեմ օրենսդրական կարգավորումներ ապահովել և մշտադիտարկել նրանց նկատմամբ խտրականության դեպքերը: Նախագահի աշխատակազմից հիշեցրել են, որ «եթե առկա է հավելյալ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն, ապա հարկ է նշել, որ ՀՀ նախագահը օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված չէ»: 

ՓԻՆՔ Արմենիան իր նամակում Սերժ Սարգսյանին նաև հորդորել էր պետական նշանակության մեդալով չպարգևատրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ԼԳԲՏ անձանց և նրանց իրավապաշտպանների դեմ ատելության կոչեր են տարածում, ինչին աշխատակազմից պարզաբանել են, որ պետական պարգև տալուց հաշվի չի առնվում անձի աշխարհընկալումը. «Եթե, իհարկե, տվյալ անձը չի դրսևորում այնպիսի հակաիրավական վարքագիծ, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դարձել է կամ պետք է դառնա պատկան մարմինների գնահատման առարկա», – ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանի անունով ստորագրված նամակում:

Մինչ այդ կազմակերպության նամակին պատասխանել էին արդարադատության և առողջապահության նախարարություններից:

Արդարադատության նախարարությունից տեղեկացրել էին, որ «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարության քննարկումների շրջանակներում իրավական ուսումնասիրություն է կատարվել, որտեղ վերլուծվել են խտրականության արգելմանը վերաբերող հարցերը:

Նախարարությունից հիշեցրել էին, որ 2010թ. հավանություն է տրվել Գենդերային քաղաքականության հայեցակարգին, իսկ 2011թ. հաստատվել է ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը:

Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ խնդրի կարգավորումը դուրս է ՀՀ առողջապահության նախարարության իրավասությունների շրջանակներից, թեև համապատասխան մարմիններից առաջարկներ ստանալու դեպքում պատրաստ են աջակցություն ցուցաբերել: 

Այս մասին տեղեկացնում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպությունը: