Հանրաքվեի արդյունքները ոչ լեգիտիմ են. «Քաղաքացի-դիտորդի» և EPDE-ի գնահատականը

Հանրաքվեի արդյունքները ոչ լեգիտիմ են. «Քաղաքացի-դիտորդի» և EPDE-ի գնահատականը
Հանրաքվեի արդյունքները ոչ լեգիտիմ են. «Քաղաքացի-դիտորդի» և EPDE-ի գնահատականը

«Մեդիա կենտրոն», Դեկտեմբերի 7, Երևան: «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամների և Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչների գնահատմամբ՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները լեգիտիմ չեն:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին հանրաքվեի ընթացքին և արդյունքներին անդրադարձան  Տիգրան Եգորյանը, «Իրավունքի Եվրոպա» միավորում,Արթուր Սաքունցը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Լենե Վեթելանդը, Նորվեգական հելսինկյան կոմիտե, EPDE, Նորվեգիա, ՍերգեյՏկաչենկոն, EPDE-ի փորձագետ, Ընտրողների կոմիտե, Ուկրաինա, Ռոման Ուդոտը, EPDE-ի փորձագետ, Ընտրական իրավունքի պաշտպանության «Գոլոս» ընկերակցություն, Ռուսաստան և Վարդինե Գրիգորյանը, Վանաձորի ՀՔԱ գրասենյակ:

«Ես չեմ հավատում և համարում եմ սուտ ԿԸՀ-ի կողմից հրապարակված տվյալները, դրանք իրականության հետ որևէ աղերս չունեցող տվյալներ են, որոնք ուղղակի համարում եմ նկարված: Երեկվա հանրաքվեի քվեարկության ընթացքում եղել են լցոնումներ, դիտորդների նկատմամբ աննախադեպ ճնշումներ, բացակա ընտրողների փոխարեն քվեարկություններ, լրագրողների նկատմամբ ճնշումներ, քաղաքացիների նկատմամբ ուղղորդված տեղափոխում տեղամասից տեղամաս: Դրանք այն հիմնական խախտումներ էին, որոնք մենք արձանագրեցինք»,-ասաց Սաքունցը:

Նշենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առաջին արդյունքների՝

1997 ընտրատեղամասի քվեաթերթիկներով սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել 825 622 (կամ 63.35%-ը) մարդ, իսկ «ոչ»՝ 421 593 -ը (32.35%)։

Հիշեցնենք, որ ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության մասնակցել է 1,296,368 ՀՀ քաղաքացի կամ ընտրողների 50.51%-ը։

«Սերժ Սարգսյանի համար Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այն նույն կարեւորությունն ուներ, ինչ նախագահական ընտրությունները»,-ասաց Սաքունցը և հավելեց, որ իրենք ընտրախախտումների մի քանի դեպքով արդեն քրեական հաղորդում են ներկայացրել, մասնավորապես, երբ բացակա անձանց փոխարեն ուրիշներն են քվեարկել:

Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) ներկայացուցիչ Լենե Վեթելանդն էլ շեշտեց, որ դիտորդների նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել երեկ ողջ օրվա ընթացքում:

«Ուստի գտնում ենք, որ ընտրախախտումներով և հանցագործությունների մեծ թվով, ընտրողների ահաբեկումները, լցոնումներով պայմանավորված այս հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում հասարակության ազատ կամքը և չպետք է համարվեն լեգիտիմ: Մենք հիասթափված ենք թե քարոզարշավով, թե բուն հանրաքվեով: Մեծ ճնշումներ է գործադրվել դիտորդների եւ լրագրողների նկատմամբ»,-ասաց Վեթելանդը:

Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի փորձագետ, Ընտրողների կոմիտեի ներկայացուցիչ, Ուկրաինայից ժամանած Սերգեյ Տկաչենկոն նկատեց, որ դիտորդական առաքելության Հայաստան ժամանած այլ 6 դիտորդական առաքելություններից առնվազն 2-ը չեն գործել միջազգային չափանիշներին համապատասխան:

«Օրինակ` ԱՊՀ երկրների առաքելության ներկայացուցիչները, դեռ ժամը 12.00-ին, երբ հանրաքվեն ընթացքի մեջ էր, հայտարարեցին, որ հանրաքվեն անցավ օրենքի շրջանակներում, և հույս ունենք, որ հանրությունը ճիշտ ընտրություն կանի: ՌԴ ԿԸՀ նախագահ Վադիմիր Չուրովը հայտարարեց, որ ամեն ինչ բնականոն ընթանում է և ոչ մի խնդիր չեն արձանագրել: Միայն մի քանի տեխնիկական խնդիրների մասին հայտնեց, թե օրինակ, մի ընտրատեղամասում ընտրացուցակները փոքր ինչ բարձր են կախված և այլն: Այնինչ մենք չենք կարող հանրաքվեի կոնկրետ մի դրվագին գնահատական տալ, այլ պետք է սպասել, որ գործընթացն ամբողջովին ավարտվի»,-ընդգծեց Տկաչենկոն:

Ասուլիսի մասնակից Ռոման Ուդոտն էլ պատմեց, որ անձամբ է արձանագրել մի շարք ընտրախախտումներ:

«Վեց ընտրատեղամասերից երեքում ես քվեատուփերի լցոնումներ արձանագրեցի: Բազում լուսանկարներ տեղադրվեցին ինտերնետում: Կամ այլ տեղամասում ինքս եմ տեսել, թե առավոտյան, երբ դեռ քիչ ընտրողներ էին եկել, որքան շատ քվեաթերթիկներ կային քվեատուփում: Բայց ունենք լրիվ այլ պաշտոնական տվյալներ: Առավոտյան տեսանք, թե ինչ հսկայական թվով թերթիկներ կային քվեարկած, երբ ոչ մի ընտրող դեռ չկար: Առանց այս լցոնումների Հայաստանն ավելի առաջ կգնար: Այն մարդիկ, որ այս ամենն անում են, ՀՀ-ն երկու տարբեր ուղղություններով են տանում ու աղճատում»,-նշեց Ուդոտը: 

Վարդինե Գրիգորյանն էլ ասաց, որ երեկ ամբողջ օրվա ընթացքում «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնությունը ընտրախախտումների մասին ստացել է 941 ահազանգ, որոնք արձանագրվել են sms-ների միջոցով ընտրատեղամասերում աշխատող դիտորդների կողմից:

«Բայց դիտորդները խախտումների մասին բավականին շատ ահազանգում էին նաև հեռախոսով: Խախտումները համակարգային բնույթ էին կրում և պարբերաբար կրկնվում էին»,-նշում է Գրիգորյանը:

Տիգրան Եգորյանն  ասաց, որ հանրաքվեին խախտումների ամբողջ գունապնակը բացահայտվեց:

«Հատկապես էական է խախտումների բնույթն այն առումով, որ այս անգամ հնարավոր եղավ իսկապես փաստարկված  և հստակ բացահայտել խախտումների համակարգային բնույթը: Խախտումների այնպիսի փոխկապակցվածությունը, որը խոսում է պետական տարբեր մարմինների միջև այդ հանցավոր համաձայնության մասին»,-հավելեց Եգորյանը:
 
Ասուլիսի ամբողջական տեսագրությունը ստորեւ:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

http://www.youtube.com/watch?v=q4kCi4U7G-c