Օնիկ Գասպարյանն ասե՞լ է, թե ինչո՛ւ է պարտվել այս պատերազմում. նա պետք է հավաքեր զոհերի ծնողներին ու գլուխը խոնարհեր. իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Դուք պատերազմի զոհ դարձած զինվորների ընտանիքների հետ եք հանդիպում, և, փաստորեն, կա բավական դժգոհություն իշխանություններից, որովհետև, ըստ էության, նրանք անտեսված են մնում: Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը ստեղծված իրավիճակին: 

– Այո՛, մենք այս օրերին շատ ենք այցելում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին: Մեզ շատ են դիմում, բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգահարում են, ասում են, որ ցանկանում են, որ իրենց տղաների մասին լուսաբանվի, որ իրենք ասելիք ունեն:

Երևի արդեն 2 տասնյակ ընտանիքներում ենք եղել, և բոլորը դժգոհ են պետության անուշադրությունից, որ որևէ մեկն իրենց դուռը չի բացել, չի ցավակցել: Ծնողներից շատերը մտածում են, որ իրենց երեխաները զոհվեցին հայրենիքի համար, իսկ իրենք, փաստորեն, անուշադրության են մատնված:

Մի դեպք պատմեցին, որ զինկոմիսարիատն իրենց ասել է՝ դուք շատ եք, մենք՝ քիչ, ո՛նց կարող ենք բոլորիդ այցելել և ուշադիր լինել: Սա ուղղակի այդ կնոջ գլխին սառը ջուր է եղել, ինքը պետական կառույցներից մեկում է աշխատում և երբեք այդպիսի բան չէր սպասում: Այսինքն՝ զոհերն են մեղավոր, որ իրենք չեն հասցնում այցելել նրանց ընտանիքներին: 

Ես ինքս շատ եմ զարմանում, որ մեղքի զգացումն այս իշխանություններին, կառավարությանը չի համախմբել այն թեմայի շուրջ, որ ուղղակի ուշադիր լինեն այդ ընտանիքների նկատմամբ: Այդ ընտանիքներին ուրիշ բան պետք չէ, պետք է ուղղակի ասել՝ ցավակցում ենք, և մխիթարության երկու խոսք ասել:

Շատ-շատերի տղաները զոհվել են՝ անտերության մատնվելով: Գիտեք, որ ինչպես միշտ, այս պատերազմում էլ հիմնական թիրախը եղել են շարքային զինվորները: Հրապարակային հայտարարություններում ասում են, որ մենք պատասխանատու ենք, վարչապետն ասում է՝ մենք թիվ մեկ պատասխանատուն ենք, բայց զինվորականությունից դեռ չեմ լսել, որ պատասխանատվության մասին խոսեն:

Թիվ մեկ զինվորական Օնիկ Գասպարյանը պատերազմից հետո չի հայտարարել, որ ինքը թիվ մեկ պատասխանատուներից մեկն է որպես պարտված թիվ մեկ զինվորական: Մենք տեսնում ենք, թե դասակի մակարդակով ինչ վիճակ է եղել, ինչպես են զինվորներին թողել, լքել ծանր պայմաններում: 

Կոնկրետ երկու դեպք կա. մի դեպքում հրամանատարը հենց նոյեմբերի 7-ին տարել թողել է Շուշիի մատույցներում, ինքը հետ է գնացել, իսկ երկրորդ դեպքում դասակի հրամանատարը կրկին զինվորներին թողել, հետ է գնացել:

Այդ դասակի հրամանատարը ոչ մի պատասխանատվություն չի կրում, շարունակում է աշխատել: Հիմնականում այդ բոլոր դեպքերը, որոնց այցելել ենք, լուրջ մտահոգություններ կան պատասխանատվության առումով, և զարմանում ես, որ այս հրամանատարական կազմը պատասխանատվության զգացում չունի:

ԳՇ պետը պահանջում է գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, բայց ի՞նչ պատասխանատվություն ուներ ինքը՝ դրա մասին չի խոսում: Այսինքն՝ ոչ միայն գերագույն գլխավոր հրամանատարն է պատասխանատու, այլև բարձրագույն հրամանատարական կազմը, որ զինվորներին թողել է անտերության մեջ, և զինվորները զոհվել են՝ օգնություն խնդրելով և չստանալով: 

– Այսինքն՝ պատերազմից հետո էլ շատ հանգամանքներ չեն պարզվել, և մեղավորները պատասխանատվության չե՞ն կանչվել:

– Քրեական գործեր կան հարուցված, բայց մեղավորները, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն, դեռ ազատության մեջ են: 

– Վարչական դատարանի որոշումից հետո Օնիկ Գասպարյանն այսօր գնացել է աշխատանքի: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս իշխանությունն անգամ դատական բարեփոխումները չկարողացավ իրականացնել, որ այսպիսի իրավական կազուսի առջև չկանգնեինք:


– Բայց մենք այս պահին չգիտենք՝ վարչական դատարանի որոշումը Օնիկ Գասպարյանին վերադարձնո՞ւմ է աշխատանքի, թե՞ ոչ: Անկեղծ ասած, մեր պատկերացումը այդ զինվորականի մասին կամ ինչպես մեզ ներկայացնում էին գեներալ Օնիկ Գասպարյանին, նրա առաջին պատասխանատվությունը պետք է լիներ շարքային զինվորի առջև և ՀՀ հանրության առջև, ապա նաև թող լինի իր հրամանատարի առջև:

Խոսե՞լ է այդ մարդը, ասե՞լ է, թե ինչո՛ւ է պարտվել այս պատերազմում: Ինքն առաջին պարտվողներից մեկն է: Ես չգիտեմ, թե դատական համակարգում ինչ են որոշում, ում կողմնակիցն են, թող դրա մասին իշխանությունները «փիքր անեն», բայց Օնիկ Գասպարյանը պետք է կանգներ, բոլոր զոհված զինծառայողների ծնողներին հավաքեր, գլուխը խոնարհեր նրանց առջև և ասեր, որ ինքն է պատասխանատու զինվորների կյանքի համար:

Նաև պետք է բացատրեր, թե ինչու են այդպիսի հանգամանքներում նրանք զոհվել, ինչպե՞ս կարող էր մի ամբողջ վաշտ հայտնվել ադրբեջանցիների տարածքում և գնդակահարվեր՝ 73 զինվոր: Նմանատիպ այլ բազմաթիվ օրինակներ կան: Զինվորականը զինվորական է առաջին հերթին նրանով, որ կրում է այդ պատասխանատվությունները և, ավարտելով այդ պատասխանատվության կրումը, ասեր՝ Պատիվ ունեմ:

Բայց մենք Օնիկ Գասպարյանին տեսնում ենք ինչ-որ քաղաքական հայտարարությունների մեջ: Ինձ որևէ քաղաքական հարց չի հետաքրքրում, դրանք բոլորն ինձ համար զրո են մեկ զինվորի կյանքի առջև: Մենք կանգնած ենք ժողովրդի կողքին, այն ընտանիքների, որոնք զինվոր են կորցրել, իսկ նրանք շատ-շատ են, մի ամբողջ սերունդ:

Դա է ամենակարևոր բանը, որ Օնիկ Գասպարյանը պետք է աներ, իսկ թե նա ի՛նչ քաղաքական մտորումներ ունի, դա երկրորդական, երրորդական հարց է զոհերի հարցի առջև: 

– Ըստ էության, բարձրաստիճան զինվորականներից որևէ մեկն իր մեղավորությունը չզգա՞ց: Բացի Դավիթ Տոնոյանի հեռացումից, մենք այլ փոփոխություն չտեսանք:

– Ես չեմ պատկերացնում, թե ո՛նց կարող է զինվորականն այդ պատասխանատվությունը չունենալ: Ո՛նց կարող է նա պահանջել գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, բա դո՛ւ ինչ էիր անում, չէ՞ որ դու թիվ մեկ զինվորականն ես:

Քրեական գործեր կան հարուցված, և պետք է հուսալ, որ այդ քրեական գործերով ինչ-որ բաներ բացահայտվելու են: Ես հիմա չեմ կարող ոչ դրական, ոչ բացասական բաներ մտածել:

Մտածում եմ, որ կարող է ինչ-որ բան փոխվել, իրապես գլխավոր դատախազությունը քննություն կատարի: Եթե իշխանությունը, կառավարությունը պահանջի, ես հույս ունեմ, որ կկատարի: Պահանջի, որ պատերազմական հանցագործությունները, որոնց մասին խոսակցությունները թևածում են ամբողջ ժողովրդի մեջ, ընտանիքներում, որ վերջապես մեղավորները դատվեն:

Այդ մարդիկ շատ են ուզում տեսնել այդ պատիժները, պատասխանատվությունը իրենց անմեղ զոհերի համար, բացահայտվեն այս վիճակին հասցնելու պատճառները:

Մարդիկ ամիսներով փնտրել են իրենց որդիներին, հետո փորձել են փնտրել ու հասկանալ, թե ինչու այդպես եղավ: Պետությունն ուղիղ պարտավորություններ ունի զինվորի առջև և պետք է կատարի այդ պոզիտիվ պարտավորությունները:

Մանե Հարությունյան

Medialab.am