Վաճառքի հանված արդարադատությունն Ադրբեջանում. Քաղաքացիները բողոքում են, որ աղավաղված դատական համակարգի զոհ են դառնում

Վաճառքի հանված արդարադատությունն Ադրբեջանում. Քաղաքացիները բողոքում են, որ աղավաղված դատական համակարգի զոհ են դառնում
Վաճառքի հանված արդարադատությունն Ադրբեջանում. Քաղաքացիները բողոքում են, որ աղավաղված դատական համակարգի զոհ են դառնում

Վերջերս Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյայի որդու՝ բանտից վաղաժամ ազատ արձակվելու փաստը առաջին պլան է մղել երկրի արդարադատության համակարգում ծաղկող կոռուպցիայի վերաբերյալ համատարած մտահոգությունները:

Բաքվի Սաբայիլի շրջանի ադմինիստրացիայի ղեկավարի որդին՝ Իլհամ Ասգերլին, մեղավոր էր ճանաչվել 2014-ի սեպտեմբերին տեղի ունեցած մահացու ելքով վթարի գործով:

Այդ ժամանակ դեռեւս 16 տարեկան Ասգերլին վարորդական իրավունք չուներ, սակայն վերցրել էր ծնողներին պատկանող մեքենան իր ընկերոջ՝ Սանան Միրզոեւի եւ ընտանեկան վարորդի հետ ու մեծ արագություն զարգացնելով հեռացել: 

Ասգերլիի վարած «Մերսեդեսը» շեղվել էր ճանապարհային հատվածից՝ բախվելով հանդիպակաց բեռնատարին. Միրզոեւը լուրջ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր:  Ասգերլին ու իր վարորդը թեթեւ վնասվածքներ էին ստացել:

Ի սկզբանե Ասգերլին անցյալ տարվա մայիսին դատապարտվել էր հինգ եւ կես տարվա, իսկ բեռնատարի վարորդ Ահլիման Սուլեյմանովը՝ վեց տարվա ազատազրկման:

Միրզոեւի ընտանեկան փաստաբանները պահանջել էին, որպեսզի դատարանը բեռնատարի անմեղ վարորդին ազատ արձակի՝ փոխարենը պատժելով իրական մեղավորին՝ Ասգերլիին:

Սակայն մեկ ամիս անց Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել էր վերանայել Սուլեյմանովի վեց տարվա ազատազրկման ժամկետը՝ փոխարենը կրճատելով Ասգերլիի պատժաչափը մինչեւ 3 տարի: Այս տարվա փետրվարին նա դուրս եկավ բանտից:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ԳՆՈՒՄ

Ադրբեջանում գնալով աճում է անհանդուրժողականությունը քաղաքական այլախոհության հանդեպ. վերջին տարիներին տասնյակ քաղաքական ակտիվիստներ, իրավապաշտպաններ ու լրագրողներ են ձերբակալվել, շատերի համոզմամբ՝ կեղծ մեղադրանքներով, սկսած խուլիգանությունից եւ հարկերից խուսափելուց, մինչեւ թմրանյութ պահելը:

«Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալներով՝ 2016թ. փետրվարի դրությամբ Ադրբեջանում 107 քաղբանտարկյալներ կային: Մարտի կեսերին 13 քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին նախագահ Իլհամ Ալիեւի՝ Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցելու նախօրեին:

Յալչին Իմանովը ներկայում անազատության մեջ գտնվող լրագրող Խադիջա Իսմայիլովայի եւ մի շարք այլ հայտնի քաղաքական բանտարկյալների դատապաշտպանն է: Նրա խոսքով՝ իշխանությունների անհարկի ազդեցությունը դատարանների վրա դրսեւորվում է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ սովորական քաղաքացիական գործերում: 

Ասգերլիի դեպքում, բոլոր ապացույցները վկայում էին այն մասին, որ պատահարի միակ մեղավորը հենց պաշտոնյայի որդին էր:

«Սակայն ի վերջո որոշվեց նրան ազատ արձակել, իսկ բացարձակ անմեղ անձը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման», – ասում է Իմանովը:

«Ադրբեջանի դատարաններում կայացվող դատավճիռը կախված է կամ ինչ-որ մեկի հրահանգներից կամ փողից: Հրահանգներ տրվում են քաղաքական գործերի դեպքում կամ այն ժամանակ, երբ կապված են բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաները մենաշնորհներ ու ստվերային բիզնես ունեցող նույն հարուստներն են: Նրանք կարող են ազդել դատարանների վրա իրենց զբաղեցրած դիրքի եւ հարստության հաշվին», – ասում է Իմանովը:

«Եթե խոսքը սովորական քրեական գործերի մասին է, ապա այստեղ հարցն անպայման փողով է լուծվում: Մեր հասարակության շրջանում տարօրինակ միտում է գերիշխում: Փաստաբաններին դիմում են միայն մեղադրողների ու դատավորների հետ բանակցություններ վարելու համար: Շատ քիչ փաստաբաններ կան, որ չեն մասնակցում նման գործարքների», – հավելում է նա:

Բաքվի 32-ամյա բնակչուհին, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմում է, որ Ադրբեջանի դատական համակարգում նկարագրված իրավիճակը կարողացել է իր օգտին օգտագործել:

«Եղբայրս գողության էր մասնակցել: Երբ նա ձերբակալվեց, մենք սկզբում համաձայնության եկանք քննիչի, այնուհետեւ՝ դատախազի ու դատավորի հետ, որպեսզի նրա հետ մեղմ վարվեն», – ասում է նա:

Կնոջ եղբայրը կարող էր դատապարտվել 14 տարվա ազատազրկման: Նրան օգնելու համար՝ ընտանիքը վաճառել էր բնակարանը, վճարել նախ քննիչին, ապա դատախազին եւ դատավորին` ծախսելով մոտ 40,000 մանաթ (ավելի քան 26,000 դոլար): Ի վերջո, նրանք կարողացել էին ազատազրկման ժամկետը կրճատել 6 տարով:

«Եղբայրս դատապարտվեց ութ տարվա ազատազրկման», – ասում է նա:

 ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՀՈՒՅՍԵՐԸ

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության ծրագրային ղեկավար Թամարա Գրիգորեւայի խոսքով՝ Ադրբեջանն իրականում փորձել է անկախ դատական համակարգ ստեղծել անկախությունից հետո՝ համապատասխան օրենքներ ընդունելով:

2006 թվականին նախագահի հրամանագրով սկսված դատական համակարգի արդիականացումը հանգեցրեց նոր դատարանների եւ վերաքննիչ ատյանների ստեղծմանը երկրի շրջաններում: Բացի այդ, դատավորների ու փաստաբանների վերապատրաստման եւ ատեստավորման համար հատուկ ակադեմիա ստեղծվեց:  

Անցյալ տարվա նոյեմբերին Շեքիում նոր դատարանի շենքի բացման արարողության ժամանակ Ալիեւը հավաստիացրել էր ներկաներին, որ [համակարգի] թափանցիկությունը աճում է՝ ընդգծելով երկրի դատական համակարգի ամրապնդման ու օրենքի գերակայության ոլորտում գրանցած հաջողությունները:

Գրիգորեւան, սակայն, նշում է, որ կոռուպցիայից բացի, Ադրբեջանի արդարադատության համակարգում կան այլ լուրջ խնդիրներ, այդ թվում՝ պրոֆեսիոնալ դատավորների եւ մասնագիտացված առաջին ատյանի դատարանների պակասը:

«Այս ամենի հետ մեկտեղ, Ադրբեջանի դատական համակարգի գլխավոր խնդիրն այն է, որ երկիրը բռնապետություն է, եւ դատարանները անկախ որոշումներ չեն կայացնում», – ասում է Գրիգորեւան:

«Վերջին մի քանի տարիների ընթացքում բոլորս էլ տեսել ենք բազմաթիվ դատական գործեր, այդ թում՝ հայտնի լրագրողների եւ իրավապաշտպանների դեմ, որտեղ ոչ հավաստի ապացույցներ էին ներկայացվել դատարանին: Այդուհանդերձ, այդ մարդիկ անհեթեթության աստիճանի երկար ժամկետով են ազատազրկման դատապարտվել: Այս կեղծ մեղադրանքներով դեպքերը Ադրբեջանի դատական համակարգի թուլության վառ օրինակներն են եւ ցույց են տալիս, որ այն շատ հեռու է անկախ ու արդար լինելուց», – հավելում է Գրիգորեւան:

Կառավարական պաշտոնյաները վիճարկում են նման մեղադրանքները:

«Ադրբեջանում դատարաններն ազատ են ու անկախ: Եթե քաղաքացին դժգոհ է կայացրած դատավճռից, նա կարող է բողոքարկել այն այլ՝ ավելի բարձր ատյաններում՝ Վերաքննիչ եւ Գերագույն դատարաններում: Դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու մասին խոսք անգամ չի կարող լինել», – ասում է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն:

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՕՂԱԿՆԵՐԻ ՃՆՇՄԱՆԸ 

Ինչպես հաղորդեց IWPR-ին փաստաբան Ալայիֆ Հասանովը`իր միջնորդությամբ հինգ քաղաքացիական գործ է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ բոլորի պատճառն էլ եղել է իշխանությունների ճնշման հետեւանքով կայացրած անարդար դատավճիռը: 

«Կան բազմաթիվ քաղաքացիական գործեր, որոնց դեպքում իշխանությունների կամ հիմնկանում տեղական գործադիր մարմինների ճնշման ներքո դատարանները միանգամայն անարդար որոշումներ են կայացրել», – ասում է փաստաբանը:

Ռասուլ Մամեդովը, որի որդի Սաբուհին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման խուլիգանության մեղադրանքով, ասում է, որ իր որդին նույնպես դարձել է Ադրբեջանի աղավաղված դատական համակարգի զոհը:

«Տղաս այսօր բանտում է, որովհետեւ հայտնվել էր սխալ վայրում, սխալ պահին», – ասում է Մամեդովը՝ պարզաբանելով, թե ինչպես է 2013-ի հոկտեմբերին նրա՝ այն ժամանակ 23-ամյա որդին գնացել ընկերոջ հետ հանդիպման:

Հասնելով հանդիպման վայր՝ Մամեդովի որդին տեսել էր, որ ընկերը ծեծկռտուքի մեջ է ընկել եւ փորձել էր բաժանել կողմերին, սակայն փոխարենն ինքն էլ էր ծեծի ենթարկվել: Ծեծկռտուքի ժամանակ մեկի ձեռքին դանակ էր հայտնվել, որով վերջինս երեք հոգու վիրավորել էր: Վիրավորներից մեկը հետագայում մահացել էր:

Այնուհետեւ պարզվել էր, որ մեռնողի հայրը բարձրաստիճան պաշտոնյա է, որը պահանջել էր, որպեսզի կռվի բոլոր մասնակիցները պատժվեն:

«Սաբուհի Մամեդովը չէր ճանաչում ո՛ չ մեռնողին, ո՛ չ մարդասպանին, ո՛ չ էլ կռվի այլ մասնակիցներին: Նա միայն ծեծկռտուքի մասնակիցներից մեկին էր ճանաչում, ինչն էլ ստիպել էր նրան միջամտել՝ կողմերին բաժանելու նպատակով: Այն փաստը, որ իմ պաշտպանյալը պատահաբար էր կռվի մասնակից դարձել, հաստատվել է ծեծկռուքի բոլոր մասնակիցների կողմից: Չնայած սրան, … նրան չորս տարվա ազատազրկման դատապարտեցին», – ասում է Սաբուհի Մամեդովի փաստաբան Խալիդ Բագիրովը:

«Ես հասկանում եմ սգացող հորը: Նա իր որդուն է կորցրել: Սակայն անմեղ մարդուն պատժելը նրա որդուն հետ չի վերադարձնի», – ասում է Ռասուլ Մամեդովը:

Արդարադատության կոռումպացված համակարգն անգամ ստիպել է Ադրբեջանի որոշ քաղաքացիների դիմել հասարակական բողոքի ծայրահեղ դրսեւորումների: 

Փետրվարի 27-ին Ադրբեջանի հյուսիսային Գաբալայի շրջանի Քոթուկլու գյուղի բնակիչները փորձել էին մուտք գործել Աղդամի շրջան, որը ներկայում գտնվում է հայկական զինուժի վերահսկողության տակ:

Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ սկսվեց անցյալ դարի 90-ականների սկզբին: 1994 թվականին կնքված զինադադարը փաստացիորեն սառեցրեց հակամարտությունը, առանց այն լուծելու: Արդյունքում՝ 1994-ին հաստատված փխրուն զինադադարը բազմիցս խախտվել է, իսկ վերջին լրջագույն բախումները տեղի են ունեցել ապրիլի երկուսին:

Աղդամ անցնելու դեպքում, 25 ադրբեջանցի գյուղացիները մեծ աղմուկ կբարձրացնեին՝ ուշադրություն հրավիրելով իրենց խնդիրների վրա:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամները, որոնք իրենց գյուղում են բնակվում, օգտագործում էին իրենց կապերը՝ համագյուղացիներին ճնշելու համար: Եթե գյուղացիներից մեկը սկսում էր խանգարել նրանց, ապա նրա տանը կամ մեքենայում թաքցրած թմրանյութեր էին գտնում:

Բողոքի ցույցի մասնակիցները ձերբակալվել էին իրավապահ մարմինների կողմից, որից հետո նրանց տուն էին ուղարկել:

«Հայերի կողմից վերահսկվող տարածք մուտք գործելը եւ հայկական կողմում հայտնվելն անարժան քայլ է քաղաքացու համար: Բայց բյուրոկրատական քաոսն ու անարդար դատավարությունները մարդկանց այնպիսի վիճակի են հասցրել, որ նրանք էլ չգիտեն՝ ինչ անել», – ասում է փաստաբան Իմանովը:

Նուրգյուլ Նովրուզ

IWPR, Համաշխարհային ձայներ #810

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» պարբերականից (Համաշխարհային ձայներ #810, 7-ը ապրիլի, 2016թ.): Նյութի անգլերեն տարբերակը՝ այստեղ