«Արցախի պատգամավորի նկատմամբ կիրառված բռնությունը տեղիք է տալիս մտածելու, որ Հայաստանում առկա արատավոր երևույթները տարածվել են նաև ԼՂՀ-ում». իրավապաշտպաններ

«Արցախի պատգամավորի նկատմամբ կիրառված բռնությունը տեղիք է տալիս մտածելու, որ Հայաստանում առկա արատավոր երևույթները տարածվել են նաև ԼՂՀ-ում». իրավապաշտպաններ
«Արցախի պատգամավորի նկատմամբ կիրառված բռնությունը տեղիք է տալիս մտածելու, որ Հայաստանում առկա արատավոր երևույթները տարածվել են նաև ԼՂՀ-ում». իրավապաշտպաններ

ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնությունը տեղիք է տալիս մտածելու, որ Հայաստանում առկա արատավոր երևույթները տարածվել են նաև Արցախում: Այս մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Այնպիսի տպավորություն էր, որ Ղարաբաղում չկար բռնությունների միջոցով քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու ձևը, ինչը որ կա Հայաստանում: Այդպիսի դեպքեր դեռ չէին եղել, սա շատ անհանգստացնող է»,- «Մեդիալաբին» ասում է Իշխանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Արցախում ծեծի  է ենթարկվել ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Պատգամավորը երեկ հայտարարել էր, որ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի պահանջը Հայաստան ու Արցախ վեադարձած Սամվել Բաբայանին Արցախի Պաշտպանության նախարար և պաշտպանության բանակի հրամանատար նշանակելն է լինելու: Նա նաև հայտարարել էր այդ պահանջով ստորագրահավաք անցկացնելու մասին: Արդեն ԶԼՄ-ներում քննարկվում է վարկածը,  որ այս ծեծի հետ կապ ունեն Արցախի իշխանությունները: Ծեծի ենթարկված պատգամավորի կինը՝ Դիաննա Մովսիսյանը ֆեյսբուքի իր էջում տեղի ունեցածի համար փաստացի մեղադրել է Արցախի իշխանություններին. «Бандитская хунта Бако Саакяна. Больше нечего добавить»:

Ավետիք Իշխաննյանն ասում է, որ փաստորեն վտանգավոր երևույթի ենք ականատես լինում: Եթե նմանօրինակ բռնությունները նաև տեղի են ունենում Արցախում, մանավանդ հիմա, երբ բոլորի ընդհանուր նպատակը ԼՂՀ պաշտպանողականության բարձրացումն է, շատ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ: «Ես հույս ունեմ, շատ չնչին է այդ հույսը, որ դա եղել է ինքնագործունեություն: Եթե դա ինքնագործություն է, ապա խիստ պատիժ պետք է ստանան այդ ինքնագործունությամբ զբաղվողները, իսկ եթե ինքնագործունեություն չէ, պատվեր է, ապա ես այստեղ պատասխան չունեմ»,- ասում է իրավապաշտպանը:

Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ծիծաղելի է համարում այս ծեծի հարցում Արցախի իշխանությունների հետքը տեսնելը: «Հնարավոր է, որ լինեն սադրանքներ, բայց Ղարաբաղի իշխանության կողմից նման բան անելը նույնիսկ ծիծաղելի եմ համարում»,- ասում է Վահրամ Բաղդասարյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նկատում է, որ այս բռնությունը միայն Հայկ Խանումյանի նկատմամբ չէ, այլ այն հարյուրավոր մարդկանց նկատմամբ է, ովքեր հավաքվել էին՝  դիմավորելու Սամվել Բաբայանին:

«Անկախ այն հանգամանքից, թե ով է Սամվել Բաբայանը, անկախ այն հանգամանքից, թե Հայկ Խանումյանն ինչ մտեցումներ կամ դիրքորոշում ունի, Լեռնային Ղարաբաղի կարևոր ռեսուրսը պետք է հանդիսանա ժողովրդավարությունը, խոսքի ազատության և կարծիքների արտահայտման ազատությունը: Այսինքն՝ այն ժողովրդավարական արժեքները, որոնք անհրաժեշտ են հատկապես չճանաչված պետության համար, որպեսզի այն իրավունք ունենա միջազգային հանրությանը հայտ ներկայացնելու՝ որպես ինքնուրույն միավոր»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը: Նրա խոսքով՝ այս հարձակումն ու ահաբեկչական գործողությունն ամբողջովին հակասում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման սկզբունքին: Բռնություն ու ահաբեկչություն կատարողներն, ըստ նրա, հանդես եկան այդ սկզբունքի դեմ:

Սաքունցի խոսքով՝  Արցախի Ազգային ժողովն ու անձամբ երկրի նախագահ Բակո Սահակյանը պետք է հայտարարությամբ հանդես գան ու դատապարտեն բռնությունը, բացահայտեն բռնարարաք կատարողներին: Ստեփանակերտը, նրա խոսքով, Նյու Յորք չէ, որպեսզի չկարողանան այդ հանցագործությունը կատարողներին արագ հայտնաբերել ու քրեական պատասխանատվության ենթարկել Արցախի օրենքներով: «Լեռնային Ղարաբաղում պետք է ապահովվի խոսքի ազատության իրավունքը, հավաքների ազատության իրավունքը, կարծիքների ազատ արտահայտման իրավունքը: Սա է երաշխիքը ցանկացած ինքնորոշման համար՝ ոչ միայն արտաքին վտանգները կանխելու, այլ նաև ներսում բազմակարծություն ապահովելու ճանապարհով»,- հավելեց իրավապաշտպանը:

Էմմա Մանուկյան

© Medialab.am