«Մեր ընտանիքը սիրո, հարգանքի ու ջերմության հիման վրա է ստեղծվել». Վեց հայուհու «ոչ հայեցի» սիրո պատմությունները

«Մեր ընտանիքը սիրո, հարգանքի ու ջերմության հիման վրա է ստեղծվել». Վեց հայուհու  «ոչ հայեցի» սիրո պատմությունները
«Մեր ընտանիքը սիրո, հարգանքի ու ջերմության հիման վրա է ստեղծվել». Վեց հայուհու «ոչ հայեցի» սիրո պատմությունները

Սեւամորթ ամուսնու եւ փոքրիկ տղայի հետ հայկական ազգային տարազով հայուհու ընտանիքի հայտնի լուսանկարը իսկական պայթուցիկի ազդեցություն է թողել հայ հասարակության տարբեր շերտերի վրա՝ առաջ բերելով բուռն քննարկումներ եւ քննադատություններ՝ այսպես ասած հայու գենի պահպանման եւ օտարազգիների հետ ամուսնությունների մասին:

Լուսանկարը լակմուսի թղթի նման վեր է հանել մեր հասարակության մեջ տիրող խիստ խտրական եւ անհանդուրժող վերաբերմունքը  խառնամուսնությունների հանդեպ:

Օրեր շարունակ տարբեր կողմերից բուռն ուշադրության եւ քննարկումների թիրախ դառնալուց հետո այն վերջիվերջո հեռացվել է հայտնի ֆոտոստուդիայի սոցիալական ցանցի էջից, որտեղ եւ արվել էր հայտնի լուսանկարը:

Խրախուսող եւ սիրով լի մեկնաբանությունների կողքին սակայն բազմաթիվ էին ատելության կոչերը, խտրական, նողկալի  մեկնաբանությունները եւ «հայու գենի» մասին պաթոսախառն անհասկանալի մեկնաբանությունները՝ ընտանիքի, կնոջ, ինչն ավելի ցավալի էր փոքրիկի մասին, որին ծնողներն անվանակոչել են Տիգրան:

«Իմ տղային այնպիսի հայ տղա եմ դաստիարակելու, որ մեծանա, մեծ օգուտ տա Հայաստանին, որ դուք էլ ամաչեք ձեր գրածներից», -մեկնաբանություններից մեկում պատասխանել էր հայտնի լուսանկարի հայուհին՝ Տիգրանի մայրը՝ Լիլիթը :

Լուսանկարը կոնկրետ ինձ համար մի մեծ սիրո պատմության մասին էր, եւ հաշվի առնելով տիրող տրամադրությունները փորձել ենք պատմել նմանատիպ 5 սիրո պատմություններ՝ յուրքանչյուրը՝ յուրահատուկ, ջերմ ու հետաքրքիր:

Մերի և Վադիկ Շոլոխովներ, Իսրայել

Ամուսինս՝ Վադիկը,  ծագումով հրեա է: Առաջին անգամ եկավ Հայաստան մեր ամուսնությունից 3 ամիս հետո, մինչ այդ էլ մեծ սիրով և հարգանքով էր վերաբերվում թե հայերի  և Հայաստանին թե ծնողներիս, անգամ մայրիկիս դիմում է «մամա ջան»:

Մեր ընտանիքում պահպանվում է բոլոր հայկական ավանդույթները և տոները:  Նույնիսկ այլազգի ամուսնացած ընկերներիս համար աղի բլիթ եմ պատրաստում և նշում ենք Սուրբ Սարգիսը, Զատիկը և հայկական սեղանով դիմավորում Ամանորը:

Վադիկի ծնողները հրաշալի մարդիկ են, ինձ շատ հեշտ ընդունեցին իրենց ընտանիքը: Շատ են հպարտանում, որ հայ եմ, ամուսինս ամեն տեղ դա նշում է: Տանը փոքրիկ Վիվիենիս համար հայերեն ենք խոսում, չնայած ամուսինս այլ կրոնի է, մեզ հետ անպայման եկեղեցի է այցելում: Մենք առաջին հերթին ընկերներ ենք, իրեն ամեն հարցում վստահում եմ: Ինձ հետ կիսում է փոքրիկիս պահելու հոգսը, անգամ գիշերը արթնանում է, օրորում, որպիսզի ես կարողանամ հանգստանալ:

Մի անգամ հայկական եկեղեցում, մի մարդ, երբ իմացավ, որ հայ եմ, առաջարկեց ինձ բաժանվել և ասեց  «քեզ մի լավ հայ տղայի հետ կծանոթացնեմ»: Ապշել էի: Կյանքումս առաջին անգամ ամաչեցի, որ ես էլ եմ հայ, էս մարդն էլ, ինչպես կարելի է նման բան առաջարկել ամուսնացած, արդեն ընտրությունը կատարած կնոջը :

Սակայն անկախ ամեն ինչից ես հպարտ եմ, որ հայ եմ: Երեխաներս անպայման կխոսեն հայերեն, կճանաչեն և կիմանան մեր ազգի պատմությունը, չնայած նրան, որ ամուսինս հայ չէ:

Իննեսսա և Միկաել, Ֆրանսիա

Ես ինքս կեսով եմ հայ, մայրս հույն է: Դա նորմալ է, կարծում եմ մարդ պետք է լինի այն մարդու հետ, ում սիրում է: Անկեղծ ասած, հայրս մի անգամ ասեց, որ կցանկանար հայ փեսա ունենար, բայց երբ հանդիպեց Միկաելին, շատ հավանեց և ընկերացան, ասաց.

– Իսկ և իսկ հայ տղա է :

Շատ է սիրում հայերին, հայկական մշակույթը, անգամ փորձում է լեզուն սովորել: Ասում է մեր երեխաները անպայման հայերեն են խոսելու . «երգի պես լեզու է»

Միկաելը հոգատար է, համբերատար, իր ամբողջ սերը տեսնում և զգում եմ ամեն օր: Վստահ եմ մի ամբող երջանիկ կյանք եմ ունենալու իր հետ:

Կարծում եմ հայերը շատ դեպքերում էգոիստ են, երբ հայ տղամարդն է ամուսնանում կամ ապրում այլազգի կնոջ հետ նորմալ են նայում, բայց երբ հակառակն է, սկսում են ռասիստական դրսևորումները: Ինձ համար կարևոր է, որ կողակիցս քրիստոնյա լինի, սա է գլխավոր կապող թելը ինձ համար: Չէ որ Հիսուսն էր ասում, սիրիր մերձավորիդ և ոչինչ կա ասված ազգի կամ պատկանելիության մասին: Ռասիզմը հակաքրիստոնեական երևույթ է:

Շուշան և  Քրիստիան Սթրեյչեկ, Գերմանիա

Քրիսը հայերին սիրում է, ունի շատ հայ ընկերներ, հարգում է մեր մշակույթը, որպես իմ մի մաս: Մենք երբևէ խնդիր չենք ունեցել, երկու կողմն էլ երկուսիս շատ ջերմ են ընդունել: Երկու երկրների մշակույթները շատ համահունչ միախառնվեցին: Տոնում ենք հայկական, թե գերմանական տոները, օրինակ Սուրբ Զատիկին մեր լավաշով բրնձով փլավն եմ եփում պարտադիր, ամբողջ ընտանիքով մեր տանն ենք նշում։ Կան ծեսեր-ավանդույթներ, որ իր համար անհասկանալի են, բայց դա երբևէ խնդիր չի առաջացրել: Մեր ընտանիքը սիրո, հարգանքի ու ջերմության հիման վրա է ստեղծվել, միշտ փորձում մենք իրար աջակցել, ցանկացած հարցում օգնել, նույնիսկ ամենաչնչին թվացող բաները միասին ենք անում։ Հայերը անհամբերատար են և հաճախ անհանդուրժող, ես էստեղ ապրելով ու տարվա մեջ 2 անգամ Հայաստան այցելելով ամեն անգամ զարմանում եմ` երեխայի հետ քեզ հազարից մեկը ճանապարհ կզիջի։ Խանութում կամ ուղղակի առօրյայում ամուսինս միշտ զիջում է, Երևանում դա տևում է 2-3 օր , որից հետո նա էլ իրեն պահում է հայավարի, քանի որ քեզ ոչ մեկ գրեթե երբեք չի զիջում: Այնուամենայնիվ, սիրում է Հայաստանը, հաճախ ենք գալիս, անգամ իմ ընկերների համար կնքահայր է եղել:

Շատ եմ ցանկանում, անկախ ամեն ինչից, բոլոր զույգերը լինեն երջանիկ և սիրով լի, այդ ժամանակ ատելությունը կպակասի:

Լիլիթ և Էնզո Ջենա,  Սիցիլիա

Երբեք չեմ նեղվել, կամ մտածել, որ ամուսինս հայ չի, չեն անհանգստացել նաև ծնողներս, որոնց համար կարևորը իմ երջանկություն է: Այ Էնզոյի ընտանիքը սկզբում դեմ էր, բայց երբ հանդիպեցին ինձ, բոլոր կասկածները վերածվեցին սիրո և հարգանքի, որն առկա է մինչև այսօր: Հուզիչ է թե ինչպես են ամեն հարցում ինձ աջակցում և օգնում: Հպարտ եմ, որ իմ հոգատար և ուշադիր  Էնզոն է կողքիս: Շատ է սիրում հայկական մշակույթը, անգամ գիտի, որ այսօր մեր Սուրբ Ծննդյան երեկոն է և օգնում է ինձ  հայկական ընթրիք պատրաստել, և ընդհանրապես, անհնար է հայկականը մոռանալ, և կապ չունի որքան հետու ենք Հայաստանից: Չեմ հասկանում, թե որտեղից էդ անհանդուրժողականությունը, միգուցե չար նախա՞նձն է խոսում, ուղղակի կան մարդիկ, ովքեր դիմացինի լավը չեն կամենում… շատ տհաճ ու տխուր է այդ փաստը:

Կարինե և Շրավան Կումար Սուվարնա, Հնդկաստան

Ես սովորում էի Բռնոյում, իսկ Շրավանը` Լիոնում, հանդիպեցինք Պրահայում և սիրահարվեցինք: Հասկացանք, որ իրար համար ենք ստեղծված: Ուսման ամբողջ ընթացքում, ամիսը մի քանի անգամ Լիոնից գալիս էր ինձ տեսնելու: Ուսման ավարտից հետո ես վերադարձա Հայաստան, Շրավանը` Հնդկաստան: Հաստատակամ էինք մեր որոշման մեջ` անպայման ամուսնանալու ենք: Դժվար էր, իմ և իր ծնողները խուճապի մեջ էին: Շրավանի ծնողները իր համար աղջիկ էին փնտրում իրենց կաստայից, հայրս էլ սկզբում ասում էր «միա՛յն իմ դիակի վրայով», հետո էլ «ինչ ուզում ես արա, միևնույն է ես համաձայն չեմ», բայց մենք համառ էինք և իհարկե ամուսնացաք: Մեկնեցինք Հնդկաստան: Իհարկե հիմա ոչ մեկը չի հիշում այդ անախորժությունները, Շրավանին շատ սիրում են: Ես էլ փորձում եմ լավ հարս լինել, թեև դժվարությամբ եմ ընտելանում: Ամուսինս շատ է օգնում, մեծ սիրով հետս եկեղեցի է գալիս, նույնիսկ ավելի շատ է աղոթում քան ես: Աջակցում է, որ պահպանեմ մեր բոլոր ավանդույթները, փորձում եմ նաև հայկական խոհանոցը միքսել հնդկականին:

Չգիտեմ ինչի են մարդիկ անհանդուրժող, չեմ կարող բացատրել, բայց վիրավորական նամակներ շատ եմ ստացել, երբ սոցցանցում մասնակցում եմ քննարկումների: Մարդիկ չեն կարողանում հասկանալ, կինը պետք է սիրված լինի և սիրի : Ես այս ամենը ունեմ իմ Շրավանի հետ:

Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab.am