«Ծառուկյանի վերադարձը փոխում է քաղաքական համայնապատկերը և քաղաքական ուժերի դասավորվածությունը»․ Արմեն Բադալյան

«Ծառուկյանի վերադարձը փոխում է քաղաքական համայնապատկերը և քաղաքական ուժերի դասավորվածությունը»․ Արմեն Բադալյան
«Ծառուկյանի վերադարձը փոխում է քաղաքական համայնապատկերը և քաղաքական ուժերի դասավորվածությունը»․ Արմեն Բադալյան

Ոչ ոք չի կարող հստակ ասել՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ է վերադառնում քաղաքականություն, թե՞ դրսի ուժերի թելադրանքով: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանություններից արդեն շատ քիչ բան է կախված:

Հունվարի 17-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականության փակված էջը բացելու մասին: Այս հայտարարությունն անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում տեղեկություններ կային այդ մասին: Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել էր 2015 թվականի սկզբին՝ հայտնի դեպքերի պատճառով:

Արմեն Բադալյանը չի բացառում Ռուսաստանի ազդեցությունը Ծառուկյանի վերադարձի հարցում։

«Հայաստանի իշխանություններից արդեն շատ քիչ բան է կախված Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների մասով, որովհետև ՀՀ քաղաքական դաշտի վրա շատ ուժեղ է Ռուսաստանի ազդեցությունը: Եվ դեռ հարց է, թե ԲՀԿ-ն որ երկրի իշխանությունների հետ է համաձայնեցրել իր գործողությունները: Իսկ, որ Ռուսաստանը միգուցե ցանկանում է Հայաստանում դիվերսիֆիկացնել իշխող ուժին, չի բացառվում 2018 թվականի իր ծրագրերի համար»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Գագիկ Ծառուկյանը հայատարարել էր, թե մասնակցելու է 2017 թվականի ընտրություններին՝ ձևավորելով «լայն դաշինք»: Արմեն Բադալյանի խոսքով՝ ճիշտ է, Հայաստանում դե յուրե 70-ից ավելի կուսակցություն կա, բայց փաստացի մի քանի կուսակցություն ու անհատներ կան, հետևաբար, նրանց միջև պետք է ընտրություն անել:

«Մենք տեսանք, որ «Համախմբում» կուսակցությունը հայտարարեց երկու այլ կուսակցությունների՝ «Երրորդ հանրապետության» և «Դեմոկրատական կուսակցության» հետ միավորվելու մասին, որոնք փաստացի մարդ֊կուսակցություններ են: Այսինքն՝ անհրաժեշտության պահին ԲՀԿ-ն կարող է նմանատիպ մարդ-կուսակցություններ գտնել և դաշինք կազմել: Խնդիրը հետևյալն է՝ դա իրեն պե՞տք է, թե՞ ոչ: Կարող է որոշել ավելի հայտնի անհատներ գտնել և նրանցով ձևավորել դաշինքը: Կարելի է նայել Արդարադատության նախարարության կուսակցությունների գրանցման մատյանն ու գոյություն չունեցող 20 կուսակցություն իրար կպցնել, ասել՝ մեծ դաշինք է, բայց դրանով ոչ մեկի չես խաբում»,- նշեց նա:

Ըստ մասնագետի՝ Ծառուկյանի վերադարձը փոխում է քաղաքական համայնապատկերը և քաղաքական ուժերի դասավորվածությունը:

 
«Այո, նա ճիշտ էր ասում, որ իր տեղը բաց էր մնացել, որովհետև երբ Ծառուկյանը հեռացավ ԲՀԿ ղեկվարի պաշտոնից, ԲՀԿ-ն ուղղակի վերածվեց ՀՀԿ մասնաճյուղի և ինքնուրույն կառույց չէր: Հիմա նրա վերադարձով ԲՀԿ-ն նորից ձեռք է բերում իր ինքնուրույնությունը: Բայց դա չի նշանակում, որ ԲՀԿ-ն ամեն հարցում հակադրվելու է ՀՀԿ-ին կամ ամեն հարցում համաձայնելու է, կլինեն պահեր, որ կհամաձայի, կլինեն պահեր, որ կհակադարձի ՀՀԿ-ին: Բայց այն կլինի ինքնուրույն քաղաքական ուժ, որովհետև ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի ուրիշ ԲՀԿ է, իսկ Ծառուկյանով՝ ուրիշ»,- ասում է նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից ի՞նչ պարզ դարձավ՝ ԲՀԿ-ն ընդդիմադիր դաշտում է գործելու, թե՞ իշխանական, Արմեն Բադալյանը ասում է, որ ընտրությունների ժամանակ ընտրողի համար բացարձակ կապ չունի՝ տվյալ ուժն ընդդիմադիր է, թե իշխանություն: Ընտրողը քվերակում է լրիվ ուրիշ սկզբունքներից ելնելով:

«Դա զրո նշանակություն ունի ընտրողի համար, դրա համար բացարձակ կարևոր չէ՝ ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր կհայտարարի, այլընտրանք, թե՞ այլ բան: Քաղաքական դաշտը չի բաժանվում ընդդիմադիր և իշխանական դաշտերի, դա Ազգային ժողովը չէ, քաղաքական դաշտն այլ է, այնտեղ քաղաքական ուժերը լրիվ ուրիշ չափորոշիչներով են հանդես գալիս»,- ասում է նա:

Խորհրդարանական ընտրություններում, ըստ Բադալյանի, ԲՀԿ-ն մրցակից կլինի ՀՀԿ-ին, քանի որ նորից դառնում է վարչական ռեսուրսի տիրապետող կառույց:

 
«Նա կարող է, եթե մեղմ ասեմ, ընտրողներին շահագրգռելու նյութական գործընթացով, որն իրականում կաշառելն է, մրցակից դառնալ ՀՀԿ-ին: Երկրորդ, Գագիկ Ծառուկյանի կերպարն այնպիսին է, որ հասարակությունը նրան միշտ որպես փրկիչ է տեսնում: Եվ որպես փրկիչ, այո, որոշ ընտրողներ, ովքեր չէի գնում ընտրությունների, կգնան ու հանուն Ծառուկյանի ձայն կտան ԲՀԿ-ին»,- ասում է նա:

Միաժամանակ, Արմեն Բադալյանը նկատում է, որ «Համախմբում» կուսակցությունն էլ է փորձում մրցակից դառնալ ՀՀԿ-ին:

«Հիմա, թե ինչպես իրեն կպահի ՀՀԿ-ն, դժվար է ասել: Նրանց հիմնական խաղադրույքը կառավարությունն ու վարչապետի անձն էին, բայց հատմկապես վերջին կես ամսվա ընթացքում ավելի ակնառու է դառնում, որ վարչապետն սկսում է չարդարացնել ՀՀԿ քարոզարշավի հիմնական մեխը դառնալու իր գործոնը՝ իր վերաբերմուքնով: Վարչապետի վերաբերմունքը չի համապատասխանում քաղաքական գործչի վերաբերմունքին: Դա սկսում է պրոբլեմատիկ լինել ՀՀԿ համար»,- ասում է նա:

Բադալյանի խոսքով՝ ինչքան պրոբլեմատիկ լինի դա, այնքան ԲՀԿ-ն ու նախկին պաշտպանության նախարարի շուրջ ստեղծված «Համախմբում» դաշինքն ավելի մեծ շանսեր կունենա:

«Իհարկե, չենք բացառում նաև արտաքին քաղաքական միջամտություն Հայաստանում, իսկ դա հաստատ տեղի է ունենալու հատկապես Ռուսաստանի կողմից, այդ գործոնը նույնպես իր դերակատարումն ունի: Ուղղակի խնդիրը հետևյալն է՝ եթե ՀՀԿ վարչապետը չկարողանա արդարացնել իր վրա դրված գործառույթը, ՀՀԿ- ստիպված պետք է լինի գնալ բիրտ ու վարչաֆինանսական միջամտության: Արդյոք Արևմուտքը կհամաձայնի՞, արդյոք Ռուսաստանը դրան կողմ կլինի՞, այստեղ հարցեր են առաջանում»,- ասում է նա:

Էմմա Մանուկյան

MediaLab.am